
Գազի մարդիկ հարգում են միայն հիշատակը
«Մենք խոնարհվում ենք ընկածների առջեւ... բայց զինվեք համբերությամբ». այսպիսի խորհուրդներով են «ԱրցախԳազ» ընկերության պաշտոնյաները սփոփում Վլադիմիր(Վլադիկ) Առուստամյանի այրուն՝ Նինային: Ինչ-ինչ, բայց կնոջ համբերությունը, այն էլ 4 երեխաներ ունեցող մոր, բավարար է: Արդեն 2 տարի նա համբերատարությամբ նայում է իրենց տնից 100 մետր հեռավորությամբ անցնող գազատար խողովակին: Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքի այս տունը Վլադիկը սկսեց կառուցել 1989 թվականին` Երեւանից վերադառնալով Ղարաբաղ: Տան կառուցումը ստիպված էին ավարտել Նինան ու դուստրերը: Վլադիմիրը հերոսի մահով զոհվեց 1994 թ.-ի մայիսին Մարտակերտում՝ զինադադարից 3 օր առաջ:
Ռազմական Խաչ առաջին աստիճանի շքանշան ու զինվորական հեռադիտակ. ահա այն ամենը, ինչ մնացել է հոր մահից հետո ծնված 10-ամյա դստերը: Երկու տարի առաջ, երբ սկսվեց Մարտունի քաղաքի Արզումանյան փողոցի գազամատակարարումը, հայտնի դարձավ, որ փողոցի վերջի 3 տներն, այդ թվում` հերոսի այրու տունը, ընդգրկված չեն գազամատակարարման ծրագրի մեջ: Գազաֆիկացումն իրականացնող «ԱրցախԳազն»-ին չի բավականացրել 100 մետր խողովակաշար: Նինա Առուստամյանը պարբերաբար գնացել է Ստեփանակերտ, խնդրել է կազմակերպության ղեկավարներին գազատար խողովակը հասցնել իր տուն, առաջարկել է 50 մ խողովակ տրամադրել: Ի պատասխան` նա ստանում էր նամակներ, որոնցով «ԱրցախԳազի» պաշտոնյաները հավաստիացնում էին, որ զոհված հերոսների հիշատակն իրենց համար թանկ է: Բայց նրանց զգացմունքները հերոսների նկատմամբ ոչ մի կերպ չջերմացրին Նինային ու նրա երեխաներին ձմռանը: Դրա համար Նինան ամեն տարի ստիպված է վառելիք գնել:
«ԱրցախԳազ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը Մարտունիում գրասենյակ ունի , որի ներկայացուցիչը 50 մետրանոց խողովակի տեղադրումը գնահատել է 60 000 դրամ: Այս գումարին պետք է ավելացնել եւս 20 000 դրամ՝ գազի հաշվիչ տեղադրելու համար: Ն. Առուստամյանը պատրաստ է վճարել հաշվիչի տեղադրման համար նախատեսված 20 հազար դրամը, իսկ մնացած 60 հազարը չի կարող եւ չի ուզում վճարել, քանի որ Արզումանյան փողոցի ոչ մի բնակիչ չի վճարել խողովակների տեղադրման համար:
«ԱրցախԳազի» գլխավոր գրասենյակում վերջին հանդիպումից հետո Նինային հայտնի դարձավ, որ Մարտունու գրասենյակի ներկայացուցիչը աշխատանքների ծավալը մեծացրել է` թաքցնելով այն փաստը, որ Նինայի տանը կա հին խողովակ, որը կարելի է օգտագործել: Ամեն անգամ Ստեփանակերտ մեկնելուց հետո Նինայի տուն է գալիս գազամատակարարման կազմակերպության հերթական աշխատակիցն ու հերթական չափումներն է կատարում: Դրանով գործը վերջանում է: Իսկ Նինան նորից փող է կուտակում եկող ձմռանը փայտ գնելու համար:
Մեկնաբանել