
Օրենքը բավարար նախապայման չէ ԶՈՒ-ում խորհրդարանական վերահսկողության համար
Խորհրդարանի նիստերի դահլիճում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահությամբ հրավիրվել է «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինար: Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (DCAF) ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանն այն 20 երկրներից մեկն է, որը թույլ է տվել ստեղծել այդ կենտրոնը։
«Խորհրդարանական վերահսկողությունը տարբեր դրսևորումներ ունի, որոնցից մեկը պաշտպանության ոլորտի քաղաքացիական վերահսկողությունն է, այն կարող է իրականացվել քաղաքացիական պաշտպանության նախարարության կողմից։ Մեր օրերում պաշտպանության նախարարությունը հիմնականում քաղծառայողներով է համալրված, սակայն դա ինքնին չի ապահովում քաղաքացիական վերահսկողություն»,-ասաց Ֆլուրին։
Ըստ բանախոսի՝ միայն Սահմանադրության դրույթներն ու օրենքները բավարար չեն վերահսկողություն իրականացնելու համար։
«Խորհրդարանական վերահսկողություն չի նշանակում, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը պետք է միկրոմենեջմենթով զբաղվի, խորհրդարանին պետք է լիազորություններ տանք և՛ օրենքով, և՛ գործնականում։ Խոսքը վերաբերում է հրապարակայնությանը, հաշվետվողականությանը, որպեսզի պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչները հաշվետու լինեն իրենց արարքների համար, և հասարակության մեջ վստահություն առաջանա»,- ասաց նա։
Ֆլուրիի խոսքով՝ խորհրդարանական հանձնաժողովներ են անհրաժեշտ` հատուկ վերահսկողության համար, որոնք համապատասխան անձնակազմով պետք է համալրված լինեն։
«Հնարավոր չէ օրենքով ուղղակի ամրագրել, որ այսօրվանից ունենալու ենք խորհրդարանական վերահսկողություն, և այն լինի, դա միայն խնդրի մի կողմն է։ Խորհրդարանին պետք է համապատասխան աշխատակազմով ապահովենք, ներդրումներ կատարենք պատգամավորների ունակությունները բարձրացնելու հարցում, որպեսզի նրանք ի վիճակի լինեն իրականացնել այդ լիազորությունները։ Օրենքը բավարար նախապայման չէ խորհրդարանական վերահսկողության համար»,- ասաց նա՝ բերելով Ուկրաինայի օրինակը, որը մի շարք օրենքներ է ընդունել, սակայն դրանք չեն գործում։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ խորհրդարանական վերահսկողության սահմանադրա-իրավական ամրագրումը և անցումը կառավարման խորհրդարանական համակարգին դրական ազդեցություն են ունենալու ոչ միայն պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության, այլև ամբողջ երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: «Արդյունավետ խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, մարդու իրավունքների պաշտպանության բարձրացմանը և բարեվարքության ամրապնդմանը»,- ասաց նա։
Նահապետյանի համոզմամբ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ունենա իր տարեկան գործողությունների ծրագրից բխող բավարար բյուջե՝ խորհրդարանական վերահսկողության հաստատված թեմաների շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացման համար։
«Անհրաժեշտ է զարգացել հանձնաժողովի անդամների գործնական հմտությունները»,-ասաց նա։
Կորյուն Նահապետյանի խոսքով՝ պետք է տարանջատել զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը քաղաքացիական վերահսկողությունից, դրանք ընդհանուր եզրեր ունեն, սակայն բովանդակությունը տարբեր է: «Քաղաքացիական վերահսկողությունը ենթադրում է, որ պաշտպանության ոլորտի կառավարումը և զինված ուժերի ղեկավարումն իրականացվում են քաղաքացիական իշխանության կողմից: Քաղաքացիական վերահսկողության նպատակն է ապահովել զինված ուժերի քաղաքական չեզոքությունը և ենթակայությունը քաղաքացիական իշխանությանը: Ինչ վերաբերում է ժողովրդավարական վերահսկողությանը, այն ավելի լայն է և ենթադրում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված պետական իշխանության կողմից զինված ուժերի նկատմամբ իրականացվող վերահսկողություն»,-ասաց նա։
Մեկնաբանել