HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական առեւտրի հայկական շուկան-4

Գեղամ Վարդանյան

Մարմնավաճառության հայկական պատմությունը 

20-րդ դարասկզբին Երեւանում մարմնավաճառությունը տարածված էր, գործում էին հասարակաց տներ։ Տերյան փողոցում պահպանվել է նմանատիպ շենքերից մեկը։ Բնակիչները գիտեն, որ շենքը որպես հասարակաց տուն է ծառայել։ Կասկածողներին նրանք ցույց են տալիս շենքի ճակատին քանդակված մերկ կանանց պատկերող որմնանախշերը։ 

Հայաստանի պետական արխիվում պահպանվել է 1903թ.-ին Ռուսական Կայսրության ներքին գործերի նախարարի ուղարկած շրջաբերական-հանձնարարականը՝ կայսրությունում քաղաքային մարմնավաճառությունը վերահսկելու մասին։ Էրիվանի նահանգապետը, ստանալով շրջաբերականը, հանձնարարել է հարցը քննարկել քաղաքային դումայի նիստում։ 

Երեւանի քաղաքային իշխանություններն այն ժամանակ մարմնավաճառության դեմ պայքարի նոր մեթոդներ հնարելու կարիք չունեին։ Ռուսաստանի մեծ քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, դեռ 19-րդ դարի կեսերից գործում էին մարմնավաճառության դեմ պայքարող բժշկա-ոստիկանական հանձնաժողովներ։ Մարմնավաճառներին հայտնաբերող եւ բուժման ներկայացնող այդ հանձնաժողովների գործունեության կարգում մասնավորապես ասվում էր. «Այս գործում առաջնայինը սանիտարական մասն է։ Իսկ ոստիկանական ձեռնարկներն անհրա ժեշտ են սանիտարական մեթոդների հաջողությունն ապահովելու համար։ Անհարկի խիստ ոստիկանական մեթոդները հանգեցնում են միայն գաղտնի մարմնավաճառության սաստկացմանը եւ, անհրաժեշտ զգուշության բացակայության դեպքում, կարող են պատվազրկել կնոջը եւ նրան անուղղելի վնաս պատճառել։ Այդ պատճառով, չի թույլատրվում մարմնավաճառներին բռնելու համար փողոցային շուրջկալներ անցկացնել»։ 

Այդ տարիներին հասարակաց տներ կարող էին բացել միայն 35 տարին լրացած կանայք։ Բիզնեսի այդ ձեւով զբաղվելու համար կինն ընդամենը պետք է բժշկա-ոստիկանական հանձնաժողով ներկայացներ դիմում, անձնագիր եւ տեղական ոստիկանությունից տեղեկանք՝ հասարակաց տուն բացելու արգելքների բացակայության մասին։ Սեռական առեւտուրը կարգավորելու համար պետությունը կանոններ էր սահմանել։ Հասարակաց տունը պետք է 150 սաժեն հեռու լիներ եկեղեցուց, դպրոցից եւ հասարակական վայրերից։ Հասարակաց տան տիրուհին ինքը չէր կարող զբաղվել անառակությամբ եւ պետք է արգելեր դրանով զբաղվել սպասուհուն եւ պահակ կանանց։ Հասարակաց տան տիրուհին չէր կարող իր մոտ գտնվող կնոջից պահանջել նրա եկամտի 3/4-ից ավելին։ Հասարակաց տան տիրուհին պարտադիր պետք է ապրեր հաստատության բնակարաններից մեկում։ Եթե նա ամուսնացած էր, ապա նրա ամուսինը կարող էր ապրել նույն բնակարանում, բայց չէր կարող խառնվել հասարակաց տան կառավարմանը։ Տան տիրուհին չէր կարող իր մոտ երեք տարեկանից մեծ երեխա պահել։ 

Խորհրդային Միության տարիներին պետությունը մարմնավաճառների գոյությունը չէր ընդունում։ Քանի որ սովետական երկրում սեքս չկար, մարմնավաճառության համար քրեական կամ վարչական պատիժ նախատեսված չէր։ Միայն գորբաչովյան տարիներին` 1987թ.-ին, վարչական օրենսգիրքը լրացվեց «պոռնկությամբ զբաղվելը» հոդվածով։ Սեռական առեւտրի համար նախատեսվում էր տուգանք՝ 100-ից 200 ռուբլու չափով։

Օրինականացնե՞լ, թե ոչ 

Մարմնավաճառության 10 տարվա փորձ ունեցող 50-ամյա Զառան ընդհանրացնում է մարմնավաճառների նկատմամբ վերաբերմունքը. «Հասարակությունը մտածում ա, որ մենք սպանելու, վառելու, դեն գցելու արժանի մարդիկ ենք։ Չեն մտածում, որ մենք հասարակությունից ենք դուրս եկել, մենք ստիպված ենք դարձել մարմնավաճառ։ Եթե աշխատանք չունի, պիտի մի բան անի, աշխատանք չունի, պիտի մարմինը վաճառի»։ 

Զառան եւ իր ընկերուհիները կողմ են արհեստի օրինականացմանը։ Նրանց թվում է, որ հասարակաց տներն իրենց կփրկեն հաճախորդների դաժան վերաբերմունքից, ոստիկանների հալածանքից, կայունություն կմտցնեն իրենց կյանքում։ Ութ տարվա աշխատանքի փորձ ունեցող ոստիկան Տիգրան Պետրոսյանը համոզված է, որ մարմնավաճառությունը չի կարելի օրինականացնել, սակայն արգելելն էլ լուծում չէ։ «Ես չեմ կարծում, որ քրեական պատիժ է պետք, սակայն կողմնակից եմ վարչական կալանքին։ Կարելի է սահմանել այն վայրերը եւ ժամերը, որտեղ զբաղվելը ավելի խիստ պատիժ է նախատեսում։ Օրինակ` այգիները, դպրոցների շրջակայքը»,-ասում է նա։ 

Մինչեւ մարմնավաճառության խնդրի համար որեւէ լուծում գտնելը պետությունը սեռական առեւտրով զբաղվող կանանցից պահանջում է աննկատ մնալ։ Կանայք փորձում են չխախտել այդ չգրված օրենքը։ Սեռական շուկան ծաղկում է նաեւ ստվերում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter