HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդի բնակիչները դժգոհում են շուկայում գյուղմթերքների թանկացումից և վերավաճառողների սահմանած գներից

Բերդ խոշորացված համայնքի կազմում են Բերդ քաղաքային, Այգեպար, Արծվաբերդ, Մոսես, Չինչին, Ծաղկավան, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Չորաթան, Չինարի, Վարագավան, Այգեձոր, Իծաքար, Նավուր, Պառավաքար, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղական համայնքները: Այս 16 համայնքները Բերդ կենտրոնով մեկ ամիս առաջ են միավորվել: Բերդը Ադրբեջանին սահմանակից է 180կմ սահմանագծով: «Տավուշի ամբողջ մարզի` Ադրբեջանին սահմանակից տարածքի 50 տոկոսից ավելին Բերդի տարածաշրջանում է»,-հայտնեց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը: Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծվում են համայնքի Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրերը:

Խոշորացված բոլոր բնակավայրերը Ադրբեջանին սահմանամերձ են նաև հողամասերով: Այդ պատճառով հայ գյուղացիները չեն կարողանում մշակել իրենց վարելահողերն ու այգիները: «Բայց, Փառք Աստծո, անցած տարի բերքահավաքի ժամանակ, կարելի է ասել, այդ խնդիրը մասամբ էր»,-հայտնեց Հ. Մանուչարյանը:

Հողը մշակելու անկարողությունը սահմանային բնակավայրերի գյուղացիներին դրդում է պահանջներ ներկայացնել կառավարությանը` աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ: Հ. Մանուչարյանը լավատեսորեն է վերաբերվում խոշորացմանը, սակայն  հնարավոր չի համարում համայնքի բյուջեի եկամուտներով լուծել 16 սահմանային բնակավայրերի առջև ծառացած խնդիրները: «Կան պետական բազմաթիվ ծրագրեր, այդ  ծրագրերին մասնակցելով՝ մենք կարող ենք համայնքը զարգացնել»,-ասում է նա: Վերջինս կարևորում է նաև խոշորացված բնակավայրերի փորձառու կառավարումն ու վարչական ղեկավարներին իր շուրջը համախմբելը: Այս պահին հաստատված են Բերդ համայնքի վարչական մասի աշխատակազմի հաստիքացուցակներն ու աշխատավարձի պաշտոնական դրույքաչափերը: Համայնքապետի համար սահմանվել է 450 հազար դրամ աշխատավարձ: Խոշորացված համայնքը Հ. Մանուչարյանը կղեկավարի իր աշխատակազմի 27 հաստիքային աշխատողներով: Նրա խոսքով` Բերդ համայնքի 2018թ. բյուջեն ավագանու նիստում լավագույն դեպքում կքննարկվի դեկտեմբերի 15-20-ի ընթացքում: «Դեկտեմբերի վերջին մենք բնականոն կաշխատենք»,- ասաց նա: Այժմ խոշորացված 16 բնակավայրերում գույքագրում է կատարվում:

Հարություն Մանուչարյան

Հ. Մանուչարյանն իր հիացմունքը հայտնեց Բերդի ավագանու աշխատանքի վերաբերյալ: «Ավագանու անդամները, բնականաբար, բոլորը չեն կարող ֆինանսիստ լինել: Մեր ավագանիները ռեալ ամեն ինչին մասնակցում են»,- ասաց նա: Նկատեցինք, որ ինչպես հանրապետության շատ համայնքներում, Բերդի ավագանին նույնպես միաձայն քվեարկողներից է. «Անցած ավագանու նիստի ժամանակ մեկը ձեռնպահ է եղել: Ես ուզում եմ ասել` չի կարելի դա, եթե բոլորը կողմ են, կարող են մտածել, որ ավագանին համայնքի ղեկավարին հնազանդ է: Միգուցե համայնքի ղեկավարը էնենց առաջարկություն է ներկայացնում, որ ավագանին տեսնում է՝ ճիշտ է: Կարելի է նայել էդ տեսանկյունից»,-բացատրեց Հ. Մանուչարյանը: Իր ասածը հիմնավորելու համար նա մեզ խորհուրդ տվեց ուսումնասիրել Բերդի նախկին ավագանու որոշումները:

Բերդը մաքուր քաղաք է: Հ. Մանուչարյանին հարցրինք քաղաքի աղբահանության և մաքրման  համար 2017թ. բյուջեով հատկացված գումարների մասին. «Միանշանակ չեմ կարող ասել, էնքան կարող եմ ասել, որ մեկ բնակչից աղբահանության համար գանձում ենք 120 դրամ վարձավճար: Եթե չեմ սխալվում, երկու աղբի ավտոմեքենաների գազի համար ամիսը ծախսվում է 350-400 հազար դրամ, վճարվում է նաև երկու վարորդի, աղբի վարձավճարներ երկու գանձողի և 16-17 մաքրուհիների աշխատավարձը: Շատ չնչին գումար է ծախսվում աղբահանությունը և մաքրումը կազմակերպելու համար»,- ասաց: 

Բերդի վարչական տարածքը 370 հա է: Ավագանու 2017թ. սեպտեմբերի 13-ի N44-Ն որոշման թիվ  մեկ՝  բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման հավելվածի՝ բարեկարգում և կոմունալ ծառայության տողով նախատեսվել է 52,5 մլն դրամ ծախս: Այս գումարի սոցծախսը կազմել է 1,8մլն դրամ, Բերդի փողոցների կապիտալ վերանորոգման նախատեսված ծախսը՝ 2,2մլն դրամ, փողոցների լուսավորության ծախսը` 9,9մլն դրամ: Ծախսերի ցանկում աղբահանության և մաքրման ծախերը բացակայում էին: Հ. Մանուչարյանը մեզ բացատրեց, որ բարեկարգում, կոմունալ ծառայություն տողով չներկայացված մնացած գումարը կազմում են աղբահանության և մաքրման ծախսերը: Մեր հաշվարկով այն կազմեց 38,6 մլն դրամ: 2017թ. բյուջեն քննարկելիս և հաստատելիս, համայնքի ղեկավարի խոսքով, Բերդի «ամեն ինչի մասնակցող» ավագանին չի պարզել աղբահանության և մաքրման ծախսերը, սակայն միաձայն հաստատել է քաղաքի բյուջեն:

Հ. Մանուչարյանը խոշորացումից հետո որոշել է առաջնահերթ լուծել սահմանային Արծվաբերդի և Ներքին Կարմիրաղբյուրի խմելու ջրի հարցը: Նրա խոսքով` խմելու ջրի խնդիրն առկա է խոշորացված բազմաթիվ գյուղերում. «Եթե նույնիսկ խմելու ջրի ծավալը բավարարում է գյուղացուն, չկան մաքրման կայաններ, քլորացում չի կատարվում, առանց վերամշակման են ջուր տալիս  ժողովրդին»,- բացատրեց նա: Սահմանային համայնքներում, Հ. Մանուչարյանի ասելով, երկրորդ կարևոր հարցը գյուղատնտեսական վարելահողերի ոռոգման խնդիրն է:

Բերդի փողոցներում բնակիչները «Հետքին» դժգոհեցին գործազրկությունից, շուկայում սննդամթերքի թանկացումներից ու իրենց վատ ապրելակերպից: «Դժվար են ապրում Բերդի բնակիչները: Աշխատող չկա, ո՞նց կարող են լավ ապրել, 30 հազար դրամ թոշակ են տալիս, դրանով ի՞նչ ապրենք»,- ասաց Սաքո Աբգարյանը: Միշիկ Աբգարյանն էլ դժգոհեց, թե անասնապահությամբ է մի կերպ ապրում: «Քանի՞ կով ունեք»,- հարցրինք: «Ի՞նչ կով, ո՞վ կարա կով պահի: Երկու գոճի ունենք»,- պատասխանեց Միշիկը:

«Հ. Մանուչարյանը մեր փողոցնին ամեն օր մաքուր է պահել: Մայթերը շինել ա, լույսերը քաշել ա»,-ասաց կանգնածներից մեկը: Բերդի բնակիչները կարեւորեցին քաղաքի սանիտարական վիճակի բարելավումը, բնակչության ապրելակերպի բարելավումն ու սննդամթերքի շուկայում վերավաճառողների սահմանած գյուղատնտեսական մթերքների քմահաճ գների սանձումը: «Անունս Թևան է: Կարևո՞ր է ազգանունս: Չէ, ցավդ տանեմ, ազգանունս բի բրախի: Թևանը հերիք ա: Շատ վատ ենք ապրում, սպասում ենք, թե երբ տենք մահանա: Հեչ լավ բան չկա: Ի՞նչ կա, լավ բան ցույց տուր: Պանրի կիլոն որ 2000 դրամ լինի, լավ բանն էլ ո՞րն ա: Խոզի մսի կիլոն որ 3500 դրամ ըլինի, լավ բանն ըտի ո՞րն ա: Գործ չկա, աշխատանք չկա, օրն օրին թանկացումներ են անում: Լավ բան, եթե քինում ես, քիր ջան, ասա: Չկա»,- դժգոհեց Թևանը:

«Մեր ռայոնի ժողովրդի վիճակը շատ վատ ա, որ ավանակով փետ բերելիս բռնեն տուգանեն, ո՞նց քլի: Էստեղի անտառի աշխատողների գործը ավանակից փող պոկելն ա: Իմ աչքովն եմ տեսել, որ ավանակով փետ բիրողին անտառապահը բռնում ա, բեռը կամ թափիլ ա տալիս, կամ ասում ա` գնա բիլետ վի կալ: Ավանակի հմար ի՞նչ բիլետ: Մի մարդ որ ավանակով է փետի գնում, էլ նա ո՞նց կարա փետի տուգանքը տա»,-դժգոհեց Գուրգեն Ներսիսյանը: Ռուսաստանի Դաշնություն արդեն 30 տարի արտագնա աշխատանքի մեկնող Արտեմ Արամյանի խոսքով` Բերդի ժողովուրդը վատ չի ապրում: «Սա մեր Բերդի Լենինի նախկին փողոցն ա: Սովետի ժամանակ էսքան տրանսպորտ չկար: Փողոցի երկու կողմերն էլ լիքը ավտոներ են: Եթե վատ են ապրում, բա որտեղի՞ց էսքան տրանսպորտը: Չասեք, թե իմ ձենը տաք տեղից է գալիս: Չէ: Իրոք, մարդիկ վատ չեն»,- ասաց Արտեմը: Վերջինիս մատնանշած Բերդի նախկին Լենինի փողոցը լցված էր խորհրդային արտադրության բարոյապես և ֆիզիկապես մաշված ավտոմեքենաներով: Արտեմը նաև պատմեց, որ իր ընտանիքը ցրված է, երկու տղաները Մոսկվայում են ապրում, աղջիկը Երևանում է, ինքն ու կինն էլ գնում-գալիս են Մոսկվա:

Նկարում ձախից` Արտյոմ Մակյան, Արտեմ Արամյան

Արտյոմ Մակյանն ասաց, որ 40 տարի Բերդ քաղաքում է ապրում: Նա նույնպես դժգոհեց թանկացումից. «Վերավաճառողը Վրաստանից կգ-ը 100 դրամով մանադարին է առնում: Բագրատաշենի մաքսատանը բարձր տուրքեր են դնում վերավաճառողի վրա: Նա էլ բերում է 250-300 դրամով մեր վրա մանդարինը վաճառում»: Վերադառնալով ավտոմեքենաներին` Արտյոմ Մակյանը բացատրեց. «Մարդիկ էդ ավտոմեքենաները հո աշխատավարձ չեն ստացել ու առել, վարկով ավտո են առել ու էդ վարկի տակին ճռռում են: Էնա բանկերի առաջ ասում են՝ էստի համեցեք: Ծնկան ծերին վարկը գրում, տալիս են  մարդուն ու  տապալում: Դրա համար էլ Բերդից արտագաղթը  շատ է»,- բացատրեց  Արտյոմը:

«Ամենալավ տարիներին Բերդում ապրել է մոտ 14 հազար մարդ, բայց հիմա  հազիվ 7 հազար 800 մարդ է ապրում»,- հայտնեց Արտեմ Արամյանը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter