HY RU EN

Գագիկ Աղբալյան

Իրանական «Alvan» ներկերը 1 տարվա ուշացումով լաբորատոր փորձաքննության են ենթարկվել

Իրանական «Alvan» ներկերը լաբորատոր փորձաքննության են ենթարկվելՏնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Շուկայի տեսչական մարմինը փորձաքննության է հանձնել իրանական «Alvan» բրենդի դեղին ներկի երկու երանգներ` պարզելու համար դրանց հնարավոր վտանգավորությունը։ Առիթը եղել է «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի կողմից ամերիկյան լաբորատորիաներից մեկում իրանական, ռուսական, ԱՄԷ-ից եւ այլ երկրներից ներմուծված ներկերի ուսումնասիրությունը, որի արդյունքներով, ըստ ամերիկյան լաբորատորիայի, ներկերում կապարի պարունակության գերազանցումներ կան։ Մասնավորապես, «Alvan Empire» դեղին ներկում կապարի խտությունը կազմել է 18 տոկոս, ինչը նորմատիվների գերազանցում է։

Այս ուսումնասիրությունից ավելի քան մեկ տարի անց Շուկայի տեսչական մարմինը «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիայի հետ համատեղ իրականացրել է «Alvan»-ի երկու նմուշի՝ դեղին տարբեր երանգների փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է հետեւյալը․ բաց դեղին գույնի ներկում (Alvan Prince) կապարը կազմում է 3,13 տոկոս, մուգ դեղին գույնում (Alvan Empire)՝ 3,39 տոկոս։

Սա նորմատիվների խախտում է, թե ոչ՝ միանշանակ ասել հնարավոր չէ, քանի որ, ըստ «Ստանդարտ դիալոգի» ներկայացուցիչ Քրիստինե Սուջյանի, նախ պետք է պարզել ներկի ռեցեպտուրան՝ բաղադրակազմը, որը լաբորատորիան եւ Տեսչական մարմինը ձեռքի տակ չունեն։ Սուջյանը նշեց, որ միայն լաբորատոր արդյունքները բաղադրակազմի հետ համեմատելով է հնարավոր գնահատական տալ։

Շուկայի տեսչական մարմնին այս պայմաններում մնում է միայն հետեւել առողջապահության նախարարի հրամանով 2014 թվականին հաստատված, «Կենցաղային քիմիայի ապրանքներին եւ լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական եւ հիգիենիկ պահանջների» նորմերը սահմանող իրավական ակտին։ Այնտեղ ասվում է, որ լաքաներկային նյութերի բաղադրության մեջ չպետք է լինեն մետաղներ պարունակող սիկատիվներ (չորարաներ), վտանգավորության 1-ին դաս ունեցող քիմիական այնպիսի նյութեր, որոնց քանակը չոր մնացորդում գերազանցում է 0,5 տոկոսը, իսկ կապար պարունակող գունանյութերինը (կապարային քրոմաներկեր)՝ 1-ին դասի վտանգավորության քիմիական նյութերի համար՝ 15 տոկոս։

Տեսչական մարմնի եւ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները տեխնիկական կանոնակարգի այս դրույթը տարբեր ձեւով են մեկնաբանում։ Կազմակերպության ներկայացուցիչ Քնարիկ Գրիգորյանը պնդում է, որ կապարը վտանգավորության 1-ին դասի նյութ է, որում կապարը չպետք է գերազանցի 0,5 տոկոսը, իսկ Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը մեկնաբանում է, որ այդ ներկերը կապար պարունակող գունանյութ են եւ կարող են մինչեւ 15 տոկոս կապար պարունակել։ Դրույթը նույն կերպ է մեկնաբանում նաեւ «Ստանդարտ դիալոգի» ներկայացուցիչը։

Ինչեւէ, Տեսչական մարմինն արձանագրել է, որ «Alvan»-ի դեղին ներկերում կապարի պարունակության վերաբերյալ մտահոգվելու առիթ չկա։ Ի դեպ, «Ստանդարտ դիալոգի» փորձաքննության համաձայն՝ այդ ներկերն անվտանգ են նաեւ մյուս ցուցանիշներով։

Սակայն, Հայաստանի Հանրապետությունում պետք է ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի։ ԵԱՏՄ տարածքում ընդունված նորմատիվները բարձր են արեւմտյան՝ այս առումով ավելի խիստ չափանիշներով երկրների նորմատիվներից։ ԵԱՏՄ-ում շատ հարցերում հիմքը մնացել է ԽՍՀՄ ԳՕՍՏ-ը։ Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում սահմանված է ամենախիստ չափանիշը՝ չոր նյութում առավելագույնը 0,009 տոկոս։ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունն էլ իր զեկույցներում նշել է, որ որեւէ դեպքում կապարը չի կարող անվտանգ լինել։

Շուկայի տեսչական մարմինը, ուսումնասիրելով «Alvan» բրենդի ներմուծող «Օլաքս» ընկերության գործունեությունն ու փաստաթղթերը, պարզել է, որ նմուշառված ներկերի վրա հայերեն մակնշում չկա, երկրորդ՝ դեռ հստակ չէ՝ ապրանքը սերտիֆիկացված է, թե ոչ։ Ընկերությունից բանավոր վստահեցրել են, թե սերտիֆիկացիա անցել են, սակայն մակնշման բացակայությունն արդեն որոշ հարցեր է առաջ բերում։ Հայերեն մակնշումը սերտիֆիկացման հետ ուղիղ կապ ունեցող գործընթաց է։ Ինչպե՞ս է ստացվում, որ ներկերը փորձաքննության ենթարկվել են, սակայն հայերեն չեն մակնշվել։

Եվ ընդհանրապես, «Օլաքս» ընկերությունը սննկացման գործընթացի մեջ է։

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը Տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանին առաջարկեց ընկերությանը 10 օր ժամկետ տալ, որպեսզի «Օլաքսը» բոլոր հարցերին պատասխանի, ներկայացնի փաստաթղթեր եւ այլն։ Հակառակ պարագայում, ըստ Պիպոյանի, հասարակական կազմակերպությունների անելիքն է՝ հանրությանը տեղեկացնել, որ «Օլաքսի» ներկրած ներկերը ռիսկային են եւ չպետք է դրանք գնել։

Մեկ շատ կարեւոր հանգամանք եւս։ Ամերիկյան լաբորատորիայում «Alvan»-ի ներկերը ստուգվել են ավելի քան մեկ տարի առաջ՝ 2016 թվականի աշնանը, իսկ «Հետք»-ում հրապարակումը եղել է նույն տարվա դեկտեմբերի 9-ին։ Հասկանալու համար՝ սխալվել է ամերիկյան լաբորատորիան, ստել, կեղծել, թե ոչ՝ Շուկայի տեսչական մարմինը պետք է հենց նույն օրերին փորձաքննություն իրականացներ, այլ ոչ՝ մեկ տարի հետո։ Վստահաբար, երկու փորձաքննություններում ուսումնասիրվել են միանգամայն տարբեր խմբաքանակներ։ Պետական կառույցի իրականացրած այս փորձաքննությունն, ըստ էության, չի հերքում նախորդ տարի երեւան եկած տեղեկություններն այն մասին, որ իրանական արտադրության ներկերում խնդիր կա։ Դա այլեւս հնարավոր չէ հաստատել կամ հերքել։

Բայց սա չնկատեցին ոչ պետական մարմնի, ոչ էլ գործընթացին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։