
Միմյանց «չհավանող» գյուղերի բնակիչներին միավորող ծրագրի իրականացում Սարապատ խոշորացված համայնքում
«Կինոակումբի ձայնը» ծրագրի իրականացումը, որպես տարբեր բնակավայրերի երիտասարդների համախմբման գաղափար, պատկանում է Սարապատ համայնքի կենտրոն համարվող Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, 26-ամյա Նոնա Մաթեւոսյանին: 2016թ-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Շիրակի մարզում ձեւավորված Սարապատ փնջում ընդգրկված 15 համայնքներից, պարզվում է, ոչ բոլորի բնակիչներն են միմյանց նկատմամբ դրական տրամադրված:
«Հակամարտող» գյուղերից հատկապես Ցողամարգի եւ Թորոսգյուղի միջեւ եղած մրցակցությունը, նույն այդ գյուղերի բնակիչների հավաստմամբ՝ ունի բավական խորը արմատներ: Հայրերից զավակներին, զավակներից թոռներին փոխանցվող մրցակցային տրամադրություններն իրենց զգացնել տվեցին նաեւ համայնքների խոշորացման գործընթացից առաջ, երբ որոշվում էր ձեւավորվող փնջի կենտրոնն ու առաջադրվող թեկնածուների ցանկը:
«Այս երկու գյուղերը մրցակցում են ամեն ինչում՝ ու՞մ դպրոցն է ավելի լավը, որ գյուղի բնակիչներն են ավելի շնորհքով, որ գյուղից կան ավելի շատ ճանաչված մարդիկ եւ այլն»,-ծիծաղելով բացատրում է «Կինոակումբի ձայնը» ծրագրի համակարգող Արփինե Նիկոլյանն, ով Ցողամարգի բնակիչ է: Ծրագրի ղեկավարը՝ Նոնա Մաթեւոսյանը Թորոսգյուղի բնակիչ է, աղջիկները մտածել ու հանգել են մտքին, որ տարիներով արմատացած կարծարատիպերը կոտրելը պետք է սկսել հարեւան գյուղերի երիտասարդներին համախմբելուց: «Մտածեցինք, որ լավագույն տարբերակը համատեղ անցկացվող միջոցառումներն են, այդ թվում՝ կինոդիտումները»,-ասում է Նոնա Մաթեւոսյանը:
Վերջինս 2014թ-ին, երբ Թորոսգյուղն առանձին միավոր էր եւ ինքնուրույն համայնք, իր երկու ընկերների հետ հաջողությամբ իրականացրել էր «Կինոակումբի» նախագիծը փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: «Մտածեցինք, որ կարող ենք ծրագիրը ընդլայնել եւ ընդգրկել եւս մի քանի համայնք»,- ասում է Նոնան: Թորոսգյուղի նախաձեռնող խմբի եւ Ցողամարգում գործող «Համայնք հանուն խաղաղության եւ զարգացման» ՀԿ-ի համատեղ աշխատանքի արդյունքում 2017թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվեց «Կինոակումբի ձայնը» ծրագիրն արդեն 4 բնակավայրերի՝ Թորոսգյուղի, Ցողամարգի, Գոգհովիտի եւ Արփենիի երիտասարդների համար:
«Մեր նպատակն է այս ծրագրով նպաստել համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի գյուղական կյանքի աշխուժացմանը,- բացատրում է Նոնան,- Թորոսգյուղի հաջողված փորձը, մեր համագյուղացիների ոգեւորվածությունը ստիպեց մտածել ծրագրի աշխարհագրությունն ընդլայնելու մասին: Այս ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, համատեղ միջոցառումներ են եղել ու հարեւան գյուղերի երիտասարդները սկսել են արդեն ճանաչել միմյանց, մտերմանալ: Ստեղծեցինք, կարելի է ասել, քննարկումների, երիտասարդներին հետաքրքրող ժամանցային միջոցառումների անցկացման հարթակ»:
Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել Ա. Դ. Սախորովի անվան իրավապաշտպան կենտրոնի տրամադրած փոքր ենթադրամաշնորհի շնորհիվ:
Գլխավոր լուսանկարում` Արփինե Նիկոլյան եւ Նոնա Մաթեւոսյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել