Պատգամավոր դառնալու համար պայքարում են գործարարները
Եղվարդի թիվ 44 ընտրատարածքի պատգամավորի թափուր տեղի համար ընտրությունները կկայանան օգոստոսի 29-ին: Հուլիսի 26-ին պաշտոնապես սկսվեց նախընտրական քարոզարշավը: Պատգամավոր դառնալը բիզնես է, հետեւաբար սկսում է գործել բիզնեսի հայկական մրցակցությունը: Թե ինչու են գործարարները ձգտում հայտնվել խորհրդարանում, բոլորին հայտնի է: Նրանք դառնում են անձեռնմխելի, իսկ նրանց բիզնեսը՝ ապահով:
Այս տեղի համար գրանցված 7 թեկնածուներից կենաց եւ մահու պայքար պետք է տանեն երկու առավել հաջողակ բիզնեսմեններ: Չնայած առաջադրված թեկնածուները յոթն են՝ արդեն հստակ է, որ պայքարը ծավալվելու է երկուսի միջեւ` Արտակ Սարգսյանի եւ Արայիկ Հայրապետյանի: Մնացած հինգը, իհարկե, նույնպես ունեն իրենց հաշվարկները: Նրանցից ոմանք ցուցակում հայտնվել են առաջին երկուսի հաշվարկների շրջանակում՝ այս կամ այն տեղամասում միմյանցից ձայներ խլելու համար: Թիվ 44 ընտրատարածքից մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն սկսվել է ձայների գնման գործընթացը:
Ովքե՞ր են երկու հիմնական թեկնածուները:
Արտակ Սարգսյանը երեւանյան «ՍԱՍ» սուպերմարկետի սեփականատերն է եւ ներկայացնում է Եղվարդը: Նա թեկնածությունը գրանցելուց մեկ օր առաջ դարձել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ:
Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկը) «Լավանդա» հոլդինգի սեփականատերն է, ունի խանութներ, սրճարաններ եւ ներկայացնում է Ապարանը: Նրան պաշտպանում է «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունը:
Թիվ 44 ընտրատարածքի բնակչության մեծ մասը կազմում են Եղվարդի եւ ՆորՀաճնի բնակիչները: Հետեւաբար, ընտրողների մեծ մասը բաժին կընկնի Արտակ Սարգսյանին: Սակայն չպետք է մոռանալ, որ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:
Առայժմ միայն Արտակ Սարգսյանն է ձեւավորել իր նախընտրական շտաբը: Եղվարդ քաղաքի մուտքի մոտ գործող նրա շտաբի հարեւանությամբ երեկոյան տասնյակ մեքենաներ են հավաքվում: Նրանց մեջ կան պաշտոնյաներ, գործարարներ, ոստիկաններ:
Արայիկ Հայրապետյանը առայժմ բավարարվում է միայն տարբեր հանդիպումներով:
Երկու կողմերի ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետերի, գյուղապետերի հետ: Քննարկումների հիմնական թեման փողն է: Թե ով ինչքան է գնահատել իր գնելիք ձայները՝ կներկայացնենք առաջիկայում:
Մեկնաբանել