Deem Communications-ը ներկայացնում է մանրամասներ Գյումրու բրենդավորման ծրագրի մասին
Deem Communications ընկերությունը ներկայացնում է մանրամասներ Գյումրու բրենդավորման ծրագրի մասին՝ պատասխանելով հաճախ տրվող հարցերին։ «Հետք»-ն ավելի վաղ հոդված էր հրապարկել այս ծրագիր մասին:
Ինչո՞ւ է Գյումրիին անհրաժեշտ բրենդ
Բրենդն օգնում է ճանաչելի դարձնել որևէ վայր և գրավել ներդրողների ու զբոսաշրջիկների:
Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, որը տարբերվում է իր ինքնատիպ պատմությամբ, ճարտարապետական ժառանգությամբ, մարդկանցով, աշխարհագրական դիրքով և այլ առանձնահատկություններով:
Բրենդավորումը կօգնի ներկայացնել Գյումրին ու պատմել համայնքի մասին: Deem Communications ընկերությունն իր միջոցներով մշակել է բրենդի կոնցեպտ և դրա ներդրման ռազմավարության առաջարկ 2018-2019 թթ.-ի համար, որի իրագործումը կօգնի զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը, բիզնեսը, ներքին և արտաքին զբոսաշրջությունը և այլ հենակետային ոլորտներ:
Ի՞նչ է նշանակում Գյումրու բրենդի կոնցեպտը
Հայաստանում և Սփյուռքում հանրային հարցումների և քննարկումների արդյունքում առաձնացվել են Գյումրու յուրահատկությունները՝ ըստ հանրային ընկալման:
Կոնցեպտն անվանել ենք «բառի բուն իմաստով», քանի որ առանձնացված հատկանիշներն անմիջականորեն և վիզուալ առումով կապվում են լատինատառ «Գյումրի» (Gyumri) անվան յուրաքանչյուր տառի հետ:
Կոնցեպցի հիմքում ընկած են այն առանցքային 6 բաղադրիչները, որոնցով Գյումրին հայտնի է ՝
G= ճարտարապետություն
Y= չեմպիոններ
U= գարեջուր
M = ՏՏ ոլորտ
R = արհեստ և արվեստ
I = ոգի (հումոր, բարբառ և գյումրեցի)
Գյումրու բրենդավորման լոգոն
Լոգոն ստեղծելիս ոգեշնչվել ենք Գյումրու ճարտարապետությամբ ու դրանում օգտագործվող գույներից: Պատկերված «աղյուսները» արտացոլում են նաև քաղաքի կառուցվող և զարգացող ապագան:
Լատիներեն «G» տառն օգտագործվել է օտարերկրացի այցելուների և զբոսաշրջիկների շրջանում լոգոն հեշտ ճանաչելի դարձնելու համար: G-ն ոչ միայն լատինատառ «Gyumri» բառի առաջին տառն է ներկայացնում, այլև խորհրդանշում է Գյումրու բարբառում հաճախ օգտագործվող «գ» հնչյունը:
G տառը կոնցեպտի մասն է և ասոցացվում է Գյումրու ճարտարապետության հետ՝ ներկայացնելով «բառի բուն իմաստով» գաղափարի հիմքում ընկած վեց ոլորտներից յուրաքանչյուրը (ճարտարապետություն, չեմպիոններ, գարեջուր, ՏՏ ոլորտ, արվեստ և արհեստ, ոգի՝ մարդիկ): Վեց աղյուսները հիմք են, որ սիմվոլիկ ձևով արտացոլում են Գյումրիի բազմազան շերտերը, պատմական թաղամասերի սալարկված փողոցներն ու նորարարությունը:
Լոգոն պարունակում է նաև ուղեցույց-կողմնացույց, որը նշում է Գյումրիի դիրքը քարտեզին՝ Հայաստանի հյուսիս-արևմուտքում:
Գույները
-
սևը ներկայացնում է ամրությունն ու տոկունությունը
-
կարմիրը՝ միտքն ու համարձակությունը
-
նարնջագույնը՝ էներգիան ու վառ ապագայի ներշնչանքը
Ու՞մ պատվերով է իրականացվել Գյումրու բրենդավորման ծրագիրը
Ծրագիրը նախաձեռնել ու իրականացրել է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ձեռնարկում և ներդրում Գյումրու համայնքի զարգացմանը: Որևէ անհատ կամ կառույց այն չի պատվիրել:
Ի՞նչ ֆինանսական միջոցներով է իրականացվել Գյումրու բրենդավորման ծրագիրը
Բրենդավորման ծրագիրը նախաձեռնել ու անվճար, սեփական միջոցներով իրականացրել է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունը որպես ներդրում Գյումրու զարգացման գործում:
Ընկերության ներդրումով կատարված աշխատանքի ծավալի մաս են կազմում անցկացրած հարցումները, հետազոտությունները, սեմինարներն ու այլ միջոցառումները, մասնագիտական խորհրդատվությունը, թիմի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպչական այլ բաղադրիչներ: Deem Communications-ի ներդրման ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 35.000 եվրո:
Ովքե՞ր են աջակցել ծրագրին
Ծրագրի շրջանակում կազմվել է ութ փորձագետից բաղկացած աշխատանքային խումբ՝ DEEM-ի մասնագետներին աջակցելու համար: Նրանք Գյումրիում տարբեր ոլորտներ ներկայացնող (ԶԼՄ, զբոսաշրջություն, մշակույթ և այլն կառույցների) ղեկավարներ են:
Ընկերությունը համագործակցել է Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, «Կումայրի» արգելոց-թանգարանի և Գյումրու հասարակական կազմակերպությունների ու մասնագետների հետ: Երկու հանրային միջոցառումների իրականացմանն օժանդակել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը:
Ինչպե՞ս է ստեղծվել Գյումրու բրենդը
Տասը ամիսների ընթացքում (2017թ. մարտից - դեկտեմբեր) Deem
Communications-ը կազմակերպել է սեմինարներ դիզայներների, հաղորդակցման մասնագետների, մշակութային գործիչների, կրթական ոլորտը ներկայացնող մասնագետների, կառավարության, ՀԿ-ների ու երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Արդյունքները հիմնված են այս հանդիպումների ու սեմինարների ընթացքում արտահայտված կարծիքների ու խորհրդատվության, ինչպես նաև հանրային հարցումների վերլուծության վրա: Անցկացվել են հանրային հարցումներ ու քննարկումներ արտերկրից և Հայաստանից ավելի քան 2000 մարդկանց հետ:
Ի՞նչ են առաջարկում Գյումրու բրենդավորման ծրագրի նախաձեռնողները
Deem Communications ընկերության առաջարկը ներառում է բրենդի կոնցեպտը, լոգոն, հայերեն ու անգլերեն կարգախոսը: Անգլերեն կարգախոսը հիմնականում կօգտագործվի զբոսաշրջիկներին գրավելու և նոր հոսք ապահովելու համար:
Բրենդի առաջխաղացման համար ընտրված վեց ուղղությունները կօգնեն Գյումրիին որպես քաղաք և Գյումրու բնակիչներին շեշտադրել և ներկայացնել զբոսաշրջային և ներդրումային հետաքրքրություն ներկայացնող առաջնահերթ ոլորտները:
Ծրագրի շրջանակում առաջարկում ենք նաև քաղաքն ավելի ճանաչելի և հայտնի դարձնելու ռազմավարություն 2018-2019 թթ.-ի համար, որը ներառում է համազգային երաժշտական, նորարար (smart) լուծումներով քաղաքային արվեստի մրցույթներ, ճարտարապետությունն արտացոլող լուսանկարչական մրցույթներ և ավելին: Գյումրու բրենդի առաջխաղացումը կարվի նաև քաղաքի մասին պատմություններ ներկայացնելով Հայաստանում և արտերկրում:
Ինչպե՞ս կարող եմ աջակցել բրենդի ծրագրի ընթացքին և իրականացմանը
Ձեր կարծիքը կարևոր է: Առաջարկներն ու դիտարկումները կարող եք ուղարկել Branding Gyumri ֆեյսբուքյան էջին: Սիրով կարձագանքենք:
ԶԼՄ հարցումներն ու դիտարկումները՝ [email protected], այլ ոլորտների ներկայացուցիչները՝ [email protected]:
Անհատներն, ովքեր կցանկանան աջակցել ծրագրին, կարող են իրենց ցանցերով տարածել Branding Gyumri ֆեյսբուքյան էջը և պատմել աշխատանքների ընթացքի մասին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել