HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Բերդավանում պատրաստվում են Ամանորին

Տավուշի մարզի Բերդավան գյուղում ամանորյա եռուզեռ է. մարդիկ սկսել են նախապատրաստվել գալիք տոնին: Գյուղի կենտրոնը զարդարում է տոնական եղևնին, ձևավորվում է նաև գյուղի փոքրիկ այգին: Ինչպես նախկինում, այս տարի էլ Բերդավանում կկազմակերպի ամանորյա միջոցառում, որը կկայանա հիմնովին վերանորոգված գեղագիտական կենտրոնում:

Բերդավանցիները Նոր տարին նշելու իրենց մշակույթն ու ավանդույթներն ունեն, տան յուրաքանչյուր անդամ գիտի իր անելիքը: Մեզ հետ զրույցում Բերդավանի բնակիչներն անկեղծանում են:

«Դե բալա ջան, շատ բանա փոխվել, բայց մխելա բաներ էլ փոխվել չեն։ Օրինակ` մի հետ էլա Ղլաչու (Բերդավանի) գինին Նոր տարվա սեղանից պակսել չի։ Ճիշտ ա` այգինին զուտ սահմանի ըռխին են, բայց մի կերպ ենք անըմ, մշակըմ, որ գինի ունենանք: Կնիկարմատնին իրանց գորձն են անըմ, մենք` մեր: Տղամարդկանց գորձը մսի հետա: Մենք խու առնմ չենք։ Խոզը պհըմ ենք, Նոր տարուց աղաջ մորթըմ ենք, ինչքան պետք ա ըլմ օգտագործըմ ենք: Բաղչըմը ցանըմ ենք, օգտվըմ ենք: Գեղացու հըմար մենակ էդ ա լավ, որ ամեն ինչը առնըմ չի:

Նոր տարվա լավն էնա, որ ուսանողնին գալիս են, մարդիկ շտանըմ են։ Տոն ա, նշըմ ենք, էլի։ Էդ էլ ա հնուց էկած, ծախսներուս շտացնըմ ենք, էլի։ Գիդեմ ոչ, էլ ի՞նչ ասեմ»,- ասում է Հասակ Ասլանյանը:

«ԽՍՀՄ տարիներին անգամ Նոր տարին պլանավորված էր: Գիտեինք` կոնկրետ ինչ ուտելիքներ պետք է լինեն սեղանին։ Դրանք իմ մանկության տարիներն էին, ու ինչքան էլ սոցիալական վիճակը վատ էր, միևնույն է` ինձ համար հրաշք էր թվում Ամանորը։ Հայաստանում մարդիկ Նոր տարին ասոցացնում են միայն ճոխ սեղանների և ուտելիքի հետ։ Այժմ մի փոքր առաջընթաց կա էդ առումով։ Մարդիկ սկսում են հասկանալ, որ միայն սեղանի ծանրությունը չի հարցը, տոնը նաև իրար հետ շփվելն է, ուրախանալը, լիցքաթափվելը:

Հիմա գյուղացիներն ուշադրություն են դարձնում նաև գյուղի փողոցների, ընդհանուր արտաքին ձեւավորմանը, որպեսզի տոնական մթնոլորտ լինի ոչ միայն իրենց տներում, այլ ամբողջ գյուղում։ Ճաշատեսակներն էլ են փոխվել, բայց ավանդականներն էլ են պահպանվում։

Գյուղի ու քաղաքի Ամանորի տարբերությունը պասիվ կյանքն է, գյուղում միջոցառումների սակավությունը։ Յուրաքանչյոր համայնք կարողանում է կազմակերպել միայն մեկ միջոցառում: Չկան զվարճանքի վայրեր, մարդիկ Նոր տարին նշելու այլընտրանք չունեն: Սահմանամերձ գյուղում պարտադիր է անվտանգության կանոններին հետեւելը։ Օրինակ` պետք է կուտակումներ չլինեն, հրավառությունը նույնպես վտանգավոր է»,- ասում է Անահիտ Էզդանյանը։

«Դե ընդովվա ուտելիքներից…կացի հիշեմ։ Չոր լոբին էփեին, վրին կլոր-կլոր սոխ կտրատեին ու աղ, էդ սալաթ էր, բայց դե հմի ո՞վ ա դհե բաներ դնըմ։ Ընդով չարոց չկար, կակալը (ընկույզ) սաղ-սաղ դնեինք, կողքին` կոտրիչը։ Հմի հետը լիքը բաներ են խառնըմ։ Տավարի միսը խաշեին, լետ առանց որևէ բանի կտրատեին, աղ անեին, էդ էլ էր ուտեստ։ Մանավանդ գեղերըմ հմիկվա սեղաններից չսարքեին։ Հին ավանդույթներից հիշըմ եմ, որ իմ պապը քշերվա 12-ից առաջ սաղ ուտելիքներից դներ հացի միջին ու տաներ կովերին տեր։ Ասեր. «Մինչև անասուննին կուշտ չլին, մենք ըլիլ չտինք»»,- հիշում է Լյուդմիլան:

«Տոնածառի խաղալիքնի չունեինք։ Ֆոլգից սարքեինք կամ էլ կանֆետ կախ անեինք, էդ էր։ Մին էլ, որ գինին շշի մեջը լցնեին, շշի վզին չամիչից շարան կախ անեին, բայց թե դա ի՞նչ նշանակություն ուներ, գիդեմ ոչ։ Տոլմա-մոլմեն ընդով էլ սարքեին։ Մսաղաց չկար, միսը քարով ծեծեին ու հետը բրնձի տեղը ձավար լցնեին, բրինձը դժար ճարվեր։ Մնացածն էլ տնական բաներ դնեին։ Հմիկվա նման ջուռա-ջուռա բաներ չթխեին ու սարքեին։ Ընդով սպասք էլ չկար։ Մանավանդ մինչև 1962 թիվը ժղովուրդը աղքատ էր։ Դրանից էդը մի քիչ բբաթեց վիճակը, սկսեցինք ավելի լավ նշել...»,- պատմում է Լյուդմիլա Սարգսյանը:

Չնայած առկա խնդիրներին, բերդավանցիները Ամանորը նշում են մեծ շուքով։ Այս տարի արտասովոր Նոր տարի նշել ցանկացողները կարող են այցելել Բերդավան, ծանոթանալ մշակութային կոթողներին, բնակչության առօրյային, վայելել ձմեռային հիանալի բնությունը և բերդավանյան  բերքն ու բարիքը։ 

Ասպրամ Փարսադանյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Սեդրակ
Շատ անուշ հոդված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter