HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Գեղարքունիքում կանայք փոխարինում են տղամարդկանց

Մարզի կանանց մոտ ավելացել են հիվանդությունները

Հայաստանի խոպանչիների մարզ համարվող Գեղարքունիքի կանայք տարվա մեծ մասն առանց իրենց տղամարդկանց են անցկացնում: Թեև այնքան էլ գոհ չեն իրենց կյանքից, բայց ասում են, որ սովորել են մենակությանն ու շատ աշխատելուն: Դեմ են քաղաքի կանանց (քաղաք ասելով՝ նրանք Երևանը նկատի ունեն) նիստուկացին, ազատ պահվածքին, հագուկապին:

«Ի՞նչ զարգանալ, էդ զարգանալ ա՞: Բաց հագնող կնոջը պիտի բռնեն, տանեն վառեն»,- կարծում է Ներքին Գետաշենի 84-ամյա բնակչուհի Սոֆյա տատիկը: Նա հավատացնում է, որ ամուսնու կողմից երբեք չի ծեծվել, քանի որ միշտ համոզված է եղել. «Ծեծում են անբարոյական կնկան ու անհնազանդին»:

Վերջին տարիներին Գեղարքունիքի մարզում ավելացել են կանանց հիվանդությունները: Տարվա մեծ մասը կանայք այստեղ տղամարդու աշխատանք են կատարում, քանի որ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում: Ծանր ֆիզիկական աշխատանքի պատճառով կանանց շրջանում ավելացել են հենաշարժական ապարատի հիվանդությունները:

«Կանայք այսօր ծանր աշխատանք են կատարում, որը բերում է շատ հիվանդությունների առաջացմանը: Այստեղ կանաք կաղմաբ են մշակում, խոտ են հավաքում, կարտոշկա են մշակում, ջրում են, սառում են: Շատացել են ողնաշարի ծռվածության դեպքերը, դիսկի ճողվածքները: Դրանք այն հիվանդություններն են, որոնք պիտի կնոջ մոտ չլինեին, բայց կան»,- «Հայացք»-ի հետ զրույցում ասաց մարզի Վարդենիկ համայնքի բուժական ամբուլատորիայի ղեկավար Նաիրի Մելոյանը:

«Կինը գյուղում փոխարինում է մեխանիզացիային, տրակտորի դեր է կատարում: Էն որ պետք է տրակտորն անի, կինն ինքն է անում, որ ֆինանսապես շատ չտուժի»,- ասում է 20 տարի առաջ Վարդենիկ հարս գնացած ընտանեկան բժշկուհի Հասմիկ Գաբրիելյանը: Նա ամռան ամիսներին դաշտերում միայնակ աշխատող կանանց շատ է տեսնում: «Մեր կանայք տղամարդ կանայք են: Չնայած էդ նուրբ է ասված: Երևի տղամարդն էդքան չի կարա անի, ինչքան կինն է անում: Եթե անգամ տղամարդը գյուղում լինի, այդքան գործ չի անի, ինչքան կինն է անում»,- համոզված է բժշկուհին:

Միաժամանակ նա փաստում է, որ տարեցտարի բարձրանում է կանանց իրազեկվածության մակարդակը, նրանք սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, հաճակի են բուժզննում անցնում, գիտեն պաշտպանել իրենց իրավունքները:

Մարզի կանանց մոտ ավելացել են նաև կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Ընդհանրապես Գեղարքունիքը կրծքագեղձի քաղցկեղի տարածվածության առումով հանրապետության առաջին մարզն է: Բժիշկները չգիտեն, թե պաճառը որն է, հետազոտություններ չեն արել:

Ենթադրվում է, որ կրծքագեղձի քաղցկեղի ավելացումը կապված է անկանոն սեռական կյանք վարելու և սթրեսների հետ, որոնց հաճախ են այստեղի կանայք ենթարկվում: Կարմիր գյուղի ընտանեկան բժշկուհի Լուսինե Մուսոյանը փաստում է նաև, որ այս հիվանդությունը երիտասարդացել է. վերջին տարիներին 30-40 տարեկան կանանց մոտ է նաև կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերվել:

Ինչպես հանրապետության մյուս մարզերում, Գեղարքունիքում նույնպես կանայք հաճախ են բռնության ենթարկվում: «Դե էտի համարվում ա նորմալ բան, ի՞նչ անենք, որ ծեծում ա: Իմ երկու երեխու հայրն ա, պիտի յոլա գնամ»,- ասում է Մարտունու երիտասարդ բնակչուհի Աննան:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի օգնությանը ոչ բոլոր բռնության ենթարկվածներն են դիմում: ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանի խոսքով՝ իրենց դիմում են այն կանայք, ովքեր վստահ են, որ այլևս չեն վերադառնալու իրենց ծեծող ամուսնու մոտ: «Խոսում են նրանք, ովքեր գիծն անցել են, հետդարձի ճանապարհ չունեն»,- ասում է տիկին Գևորգյանը: Մարզի կանայք չեն սիրում խոսել իրենց նկատմամբ կիրառվող բռնությունների մասին. գտնում են, որ ամոթ է, ի վերջո շարունակելու են ապրել այդ ընտանիքում:

Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը կանանց հանդեպ կիրառվող բռնությունները դասակարգել է հետևյալ կերպ՝ դաստիարակչական նշանակություն ունեցող ապտակ և ծեծ:

Նա արձանագրում է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, ու ասում է, որ վերջին տասը տարիներին ապտակն իր դաստիարակչական նշանակությունն ունեցել է մարզում: Սակայն դեմ է բռնությանը. «Ապտակը, թեկուզ կնոջը կճմթելը անթույլատրելի է, կենդանուն են այդպես անում»:

Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ մարզի ընտանիքներում հաճախակի դարձած վեճերի պատճառները սոցիալական խնդիրներն են: «Տղամարդը հաճախ է բացակայում երկրից, դա բերում է ընտանիքի քայքայմանը: Բացի այդ, հանապազօրյա հաց վաստակելու համար կինն ու տղամարդն ամբողջ օրն աշխատում են և միմյանց հետ քիչ են շփվում: Դա նրանց ագրեսիվ է դարձնում»,- ասում է Սուրիկ Խաչատրյանը:

Ռոզա Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter