HY RU EN

Սեդա Ղուկասյան

ԱԺ կանոնակարգ-օրենքի խախտմամբ քվեարկություն և բոյկոտ (տեսանյութ)

Խորհրդարանն արտահերթ նիստով կազմակերպեց երեկ քննարկված նախագծերի քվեարկությունը։ Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Քրեական դատավարության օրենսգրքի» փոփոխությունները, քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հայտարարելով, որ դեմ են քվեարկելու նախագծին։ Այն ընդունվեց 60 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Առաջին ընթերցմամբ քվեարկության ներկայացվեց «Քաղաքացիական դատավարության մասին» օրենքի նախագիծը, քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց Արտակ Զեյնալյանը՝ հետաքրքրվելով, թե ինչպես է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը թողել իր քվեարկության մասին տեղեկություն այն դեպքում, երբ Հայաստան չի վերադարձել։ Տեղեկացնենք, որ քվեարկություններից առաջ ԱԺ նախագահը հաշվում էր նաև Հովհաննիսյանի ձայնը՝ հայտնելով, որ վերջինս իր քվեարկության մասին գրավոր տեղեկացրել է։

Զեյնալյանը պահանջեց հրապարակել փաստաթուղթը, որպեսզի տեսանելի լինի արդյոք այն էլեկտրոնային ստորագրություն ունի, թե ոչ։ Արա Բաբլոյանն արձագանքեց՝ քարտուղարությունից տեղեկանք ունի, որ Հովհաննիսյանը համապատասխան նամակ է ուղարկել։

«Կանոնակարգը նախատեսում է, որ յուրաքանչյուր քվեարկությունից առաջ պետք է բացվի ծրարը, և առանձին ներկայացվի տեսակետը, ոչ թե փաթեթային ներկայացվի», - ասաց Զեյնալյանը՝ նկատելով, որ ԱԺ նախագահը նախապես չի կարող իմանալ, թե ինչպես է քվեարկում բացակա պատգամավորը։

Նախագիծն ընդունվեց 97 կողմ ձայներով։

Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունից առաջ վիճաբանություն սկսվեց խորհրդարանում։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ նախագծին դեմ են քվեարկելու, քանի որ իր առաջարկությունը մերժվել է, այն է՝ փաստաբանի նկատմամբ դատարանում տուգանք չկիրառելը։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է Երևանի ամբողջական դատական համակարգ ստեղծելու առաջարկությանը, սակայն կողմ կքվեարկի այն պայմանով, որ երկրորդ ընթերցման ժամանակ քննարկումներ լինի այդ հարցով։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներին չմասնակցել քվեարկությանը։

«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ միանում են քվեարկությանը չմասնակցելու առաջարկությանը։

Քվեարկությունից առաջ չնայած էլեկտրոնային ցուցատախտակը ցույց տվեց, որ որոշումը չի ընդունվել, սակայն որոշումն ընդունվեց․

«Պարոն Մախմուդյանի կոճակը նորից չի աշխատել, սակայն կողմ է քվեարկել, 62, և Արփինե Հովհաննիսյան 63, որոշումն ընդունված է»,- հայտարարեց ԱԺ նախագահը։

Ռուստամ Մախմուդյանը հստակեցրեց՝ ի սկզբանե դեռ քվեարկության ժամանակ իր քարտը չի աշխատել։

«Բարձրաձայն արտահայտում եմ դիրքորոշումս, որ կողմ եմ քվեարկում», - ասաց նա։

Տեղից պատգամավորները գոռգոռում էին, որ քվեարկությունը չի կարող համարվել ընդունված, ԱԺ նախագահն էլ արձագանքեց, որ որևիցե մեկը չի հայտարարել, որ սխալմամբ կողմ է քվեարկել, սակայն չէր ցանկանում քվեարկել, ուստի որոշումն ընդունված է։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը նկատեց, որ խնդիրը եղել  է «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի քվեարկության հետ․

«Նա կողմ է քվեարկել, բայց քվեարկություից հետո հինգ անգամ հայտարարեց, որ կողմ չի քվեարկել», - ասաց նա։

Պատգամավորները պահանջում էին քվեարկությունը կրկնել, սակայն քվեարկության կրկնություն չեղավ։ Նկատենք, որ քվեարկությունից հետո Նապոլեոն Ազիզյանը մոտեցել էր քարտուղարությանը և ներկայացրել իր դիրքորոշումը, սակայն Արա Բաբլոյանը հայտարարեց, որ վարման կարգով իր քվեարկության մասին դիրքորոշումը հայտնել է միայն Ռուստամ Մախմուդյանը։

ԱԺ նախագահը շարունակեց այլ հարցեր քվեարկության ներկայացնել, ինչից հետո «Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից՝ բոյկոտելով նիստը։

Մի քանի րոպե անց վերադարձավ «Ծառուկյան» դաշինք խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ հայտնելով, որ Նապոլեոն Ազիզյանի կոճակի հետ տեխնիկական խնդիր է եղել․ նա չի քվեարկել, սակայն էլեկտրոնային ցուցանակը ցույց է տվել, որ կողմ է քվեարկել, ինչից հետո նա քարտուղարությանը հայտնել է իր դիրքորոշման մասին։