HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոտրված պատուհանները, գայլերն ու փողոցային սոցիոլոգիան

Լիլիթ Միդոյան

«Կոտրված պատուհանների տեսություն»

Քրեաիրավական այս տեսությունն առաջին անգամ հրապարակվել է «The Atlantic» ամսագրում 1982 թվականին։ Հեղինակները՝ Ջեյմս Ուիլսոնը եւ Ջորջ Քելինգը։ Տեսությունն ամբողջությամբ հիմնված է այս օրինակի վրա․ եթե շինության կոտրված պատուհաններն անմիջապես չվերանորոգվեն, վանդալների համար սա մյուս պատուհանները կոտրելու առիթ է դառնալու:

Քաղաքային միջավայրում նվազ մարդկային հոսքը կամ դրա բացակայությունը սոցիալական նորմերի պահպանման եւ մշտադիտարկման հիմնախնդիրներից է. միջավայրի անխնամ վիճակն ուղիղ կապ ունի բռնված լինելու վտանգի հետ։ Կոտրված պատուհանների տեսության տրամաբանությամբ՝ պահպանվող եւ մաքուր միջավայրը, որը մշտական հսկողության տակ է, ենթագիտակցորեն ազդում է մարդու վարքագծի վրա՝ հասկացնելով, որ սոցիալական նորմերի խախտումն այստեղ չի հանդուրժվում։ Եվ հակառակը՝ շրջակա միջավայրը, որը չի պահպանվում (կոտրված պատուհաններ, գրաֆիտիներ, աղբ եւ այլն), ուղարկում է ազդանշան, որ տարածքը չի վերահսկվում եւ քրեական վարքագծի հայտնաբերման ռիսկը փոքր է:

Մարթա Քուփեր, «Ոստիկանները մետրոյում», 1981 թ.

Քելինգի եւ Ուիլսոնի փորձարկումների սկզբնաղբյուրը եղել է Նյու Յորքի մետրոպոլիտենի տնօրեն, հետագայում՝ Նյու Յորքի ոստիկանապետ Դեյվիդ Գանի աշխատելաոճը։

Դեյվիդ Գանը արշավ է ձեռնարկում ընդդեմ գրաֆիտիների։ Նրա «կրոնական գործունեությունը» վագոնների ամենօրյա մաքրությունն ապահովելն էր։ Գրաֆիտիները մաքրվում էին պտույտի ժամանակ, անհնարինության դեպքում՝ վագոնը շահագործումից հանվում էր։

Դրան զուգահեռ՝ աշխատանք էր տարվում անտոմս ուղևորների դեմ։ Անցակետերի մոտ քաղաքացիական հագուստով կանգնած ոստիկանները բերման էին ենթարկում առանց տոմս երթեւեկող բոլոր ուղեւորներին։

«Վատը» լինելու հարցում առաջնեկը լինելը հոգաբանորեն բարդ գործընթաց է, ավելի բարդ, քան կեղտոտ փողոցում ծխախոտ շպրտելը, որովհետեւ «բոլորն էլ շպրտում են», քաղցրավենիքի ճռճռան թուղթը կանգառում թափելը, որովհետեւ շուրջբոլորդ պլաստիկ տոպրակներ ու չիփսերի տուփեր են։ Ինչու՞. տեսնելով, որ նորմերից մեկը խախտվում է` մարդիկ թույլ են տալիս իրենց խախտել ինչպես այդ, այնպես էլ այլ նորմեր` անպատժելիության զգացողության շնորհիվ։ Հասարակական կանոնների խախտումը մեծանում է ձնագնդի պես՝ խախտելով ամենապրիմիտիվ հասարակական նորմը, ազդակներ ենք ուղարկում ավելի ծանրերին։

Դուգլաս Վ. Սմիթ, Յելոուսթոն ազգային պարկ

Կանադական գայլեր Ելոուսթոնում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող աշխարհի առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոն պարկը 90-ականներին վտանգի տակ էր։ Տարիների ընթացքում արածելով տարածքում գտնվող ողջ բուսականությունը՝ եղջերուները դարձել էին տարածքի միակ բնակիչները։

Բերելով գայլեր Կանադայից եւ Մոնտանայից՝ գիտնականները կարողացան վերականգնել տարածքի էկոհամակարգը։ Իհարկե, գայլերը կերան եղջերուներին (ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր), բայց կարեւոր փաստն այստեղ այն է, որ կարողացան փոխել վերջիններիս վարքագիծը։ Եղնիկները չէին հայտնվում այն տեղերում, որտեղ իրենց հեշտ կարող էին բռնել՝ տեղափոխվելով դժվարամատչելի լեռներ։ Սրա արդյունքում՝ Ելոուսթոնը սկսեց վերականգնվել. ծառերի քանակը հնգապատկվեց ընդամենը վեց տարում (սրա արդյունքում ծառերն իրենց արմատներով ֆիքսեցին գետի հունը), մարգագետնային հատվածներում շատացավ բուսականությունը, սրա արդյունքում՝ թռչուններ եկան, ավելացավ կուղբերի քանակը, իսկ կուղբերը, ինչպես եւ գայլերը, էկոհամակարգի ինժեներներ են, նրանք ապաստարան են ստեղծում այլ կենդանատեսակների համար եւս՝ ձկներ, սագեր եւ այլն։ Գայլերը սկսեցին ուտել նաեւ դաշտագայլերին, արդյունքում՝ ավելացավ մկների եւ նապաստակների քանակը, ինչը նշանակում է՝ ավելի շատ բազեներ, աքիսներ, աղվեսներ, փորսուղներ։ Ագռավներն ու արծիվները եկան գայլերի ուտելիքի մնացորդների հետեւից։ Արջերը նույնպես օգտվեցին եղջերուների մնացորդներից եւ իրենց կենդանատեսակը նույնպես սկսեց բազմանալ։

Այսինքն՝ գայլերը կարողացան ոչ միայն փոխել էկոհամակարգը, այլ նաեւ՝ ֆիզիկական աշխարհագրությունը։

Երեւանյան սեւ ուրբանն ու տրանսֆորմացիայի անհրաժեշտությունը

Վերջերս ընկերներիցս մեկը գրառում էր կատարել․ «Մարդիկ ժամանակին հերթ էին կագնում հացի համար, հիմա՝ Երեւան ամսագրի սթիքերների»։ Մեկնաբանելով վրդովմունքս, որ մինչեւ հիմա Մալաթիայում մարդիկ դեռ լավաշի հերթ են կանգնում՝ պատասխանեց․ «Իրենք ուրիշ մոլորակից են, ես ինձ իրենց հետ չեմ ասոցացնում»։ Պատմության սիմվոլիկան նրանում է, որ Երեւանն ու Հայաստանը սիրող ընկերս սպասում է «ԵՐԵՎԱՆ» ամսագրի հերթական համարին, բայց իրեն նույն ԵՐԵՎԱՆԻ առանձին մոլորակ է համարում։ Երեւանը մեկն է, եւ ես այն պետք է ընդունեմ իր ամբողջության մեջ՝ կեղտոտ գետնանցումներով, սպառողական ապրելակերպ վարող ընկերներով, փարվանաներով, սիմոնաներով, պրոցեսներով, ժամանակակից արվեստի ինստիտուտով, ռիո մոլով, ամենով ու ամենքով։

Այս միջադեպը թերեւս երբեմնի ամենազդեցիկներից էր. այն ինձ ստիպեց փոխելու վարքագիծս հանրայինի հանդեպ եւ սկսելու ինձ ամբողջ Երեւանի մասը զգալ, ոչ այն Երեւանի, ում հետ շփվում եմ կամ տեսնում ֆեյսբուքյան պատին, այլ ամբողջ՝ սեւ ու հիփստերական ուրբանի։

Քաղաքաշինության մասնագետները ստեղծում են մի ամբողջական համակարգ, մարդու օրգանիզմի պես մի բան, որը բացառում է օրգանների անգործությունը, միտված մահվան, եթե չկան «սիներգիաներ»։ Ի՞նչն է մեզ ստիպել դառնալ սոցիալապես իզոլացված, մասը չզգալու այդ օրգանիզմի՝ պատերազմական անցյալի պատճառով մեր գլխի ճարը տեսնելու պաշտպանողական ռեակցիան, հանրային տարածքների եւ դրանց միասնաբար օգտագործելու տոտալ բացակայությունը, Մասլոյի բու՞րգը, միջհարեւանական երկու չմարսված թեմանե՞րը։ Ամբողջը՝ բազմաթիվ հավելումներով։

Չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել…

Հիմա ո՞վ է քաղաքի գայլը՝ երեւանցին, ով է նյույորքյան հանցագործը՝ երեւանցին։ Ամեն ինչ կարելի է տրանսֆորմացնել՝ շարունակաբար արձագանքելով ամեն խնդրի ու փորձելով լուծել այն։ Պետք է փոխել Երեւանի «էկոհամակարգը», որովհետեւ ես այլ ճանապարհ չեմ տեսնում ընկերներիս արտագաղթը կանխելու։

լուսանկարը՝ armenpress.am-ի
«Անկախությունը  հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա, համարի՛ր, ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի»,- Հրանտ Մաթեւոսյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter