
Խտացրած կաթի 7 նմուշից միայն մեկն է կեղծված. լաբորատոր փորձաքննության արդյունքները
Տաթև Խաչատրյան
«Հետք»-ը լաբորատոր փորձաքննության է ներկայացրել ներկրված բելառուսական, ռուսական և ուկրաինական խտացրած կաթի 7 արտադրատեսակ: Չնայած մակնշման մի շարք խախտումներին՝ նմուշներից 6-ը համապատասխանում էին սահմանված նորմերին, իսկ 1-ը՝ ոչ. այն պարունակում էր խտացրած կաթի մեջ անթույլատրելի բուսական յուղ:
Ներկայումս ընդունված և գործող ԳՕՍՏ-ի պահանջներով՝ խտացրած կաթը պետք է պարունակի կովի չորացված, յուղազերծված կաթ, սերուցք, շաքար, ջուր, լակտոզա և յուղանյութ* (մնացորդային նյութ` կարագի արտադրության մեջ):
Խտացրած կաթում չեն կարող լինել կոնսերվանտներ, գունանյութեր, բուսական սպիտակուցներ կամ յուղեր ու քաղցրացուցիչներ:
Այն համասեռ է, մածուցիկ, սպիտակ, կրեմային գույնով: Ըստ ԳՕՍՏ-ի պահանջների՝ մակնշման մեջ պետք է նշվի «Խտացրած կաթ շաքարով» («Молоко цельное сгущенное с сахаром»), յուղայնությունը՝ 8,5 %-ից ոչ ավելի և ոչ էլ պակաս, տարրան՝ պարտադիր թիթեղյա:
Բացի որակի նկատմամբ սահմանվող նորմերից, կան նաև մի շարք պահանջներ՝ պիտակավորման և մակնշման մասով: Օրինակ, երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք ներկրված սննդամթերքի վրա պետք է պարտադիր լինի EAC` (Եվրասիական համապատասխանություն, Eurasian Conformity) նշանը, ինչը վկայում է, որ նշված ապրանքն անցել է համապատասխանության բոլոր փուլերն ու կարող է հայտնվել շուկայում։
Խտացրած կաթը, ըստ Հայաստանի կառավարության՝ ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության գնահատման մեթոդաբանության որոշման, բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերք է (կաթնամթերք, ռիսկի միավորը՝ 30)։
Լաբորատոր փորձաքննությունն իրականացվել է՝ ըստ «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) նորմատիվ փաստաթղթերի պահանջների:
2017թ դեկտեմբերի 8-ին մենք լաբորատոր փորձաքննության ենք ներկայացրել 7 տեսակի բելառուսական, ռուսական և ուկրաինական խտացրած կաթ:
Բոլոր նմուշները եղել են ժամկետի մեջ։
Փորձաքննությունն իրականացվել է «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում՝ ըստ ՄՄ ՏԿ 033/2013 նորմատիվ փաստաթղթերի. ստուգվել է դրանցում բուսական յուղի առկայությունը:
ՆՄՈՒՇ N1
Առաջին համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Промконсервы» ընկերության «Простоквашино» խտացրած կաթը: Արտադրողը նշում է, որ այն պատրաստված է ԳՕՍՏ 31688-ի պահանջներով: Պահպանման ժամկետը՝ 12 ամիս, յուղայնությունը՝ 8,5 %:
Փորձաքննության արդյունքում պարզվեց, որ այս նմուշը համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 033/2013 նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:
ՆՄՈՒՇ N2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ուկրաինական «Ичнянский молочно-консервный комбинат» ընկերության «Ічня» խտացրած կաթը:
Մակնշման մեջ նշված է, որ ապրանքը չի պարունակում «ԳՄՕ», ունի Սննդի անվտանգության համակարգի ԻՍՕ 22000 սերտիֆիկացում:
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին և պիտանի է սննդում օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Кореновский молочно-консервный комбинат» ընկերության «Коровка из Кореновки» խտացրած կաթը:
Արտադրողը նշում է, որ այն պատրաստված է համաձայն ՝ ԳՕՍՏ 31688-2012-ի, պարունակում է 8,5 % յուղ և պատրաստված է բնական կաթից:
Փորձաքննությամբ պարզվել է, որ այս խտացրած կաթը ևս համապատասխանում է պահանջվող նորմերին և պիտանի է օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N4
Չորրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ուկրաինական «Ичнянский молочно-консервный комбинат» ընկերության «Mama Milla» խտացրած կաթը:
Օրիգինալ մակնշման վրա գրված է, որ այն չի պարունակում ԳՄՕ:
Այս նմուշի հայերեն մակնշումը դժվարընթեռնելի է, արված է տարբեր տառատեսակներով՝ մեծ և փոքր, ինչի հետևանքով սպառողը լիարժեք տեղեկություն չի ստանում ձեռք բերվող ապրանքի մասին:
Սա «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև՝ «Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով» (ՄՄ ՏԿ 022/2011)ՆՓ-ի խախտում է:
Ուկրաինան ԵԱՏՄ անդամ երկրների համար երրորդ երկիր է, հետևաբար՝ պետք է լիներ EAC նշանը, ինչը բացակայում էր:
Այնուամենայնիվ, փորձաքննությամբ պարզվեց, որ այս նմուշը ևս համապատասխանում է սահմանված նորմերին:
ՆՄՈՒՇ N5
Հինգերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել ռուսական «Алексеевский молочноконсервный комбинат» ընկերության «Молоко с сахаром» խտացրած կաթը:
Փորձաքննությամբ պարզվել է, որ այս խտացրած կաթը չի համապատասխանում սահմանված նորմերին. այն պարունակում է խտացրած կաթի մեջ անթույլատրելի բուսական յուղ, որի մասին նաև նշված չէ մակնշման մեջ:
ՆՄՈՒՇ N6
Վեցերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել բելառուսական «Рогачевский МКЛ» ընկերության՝ «Сгущенное молоко цельное» խտացրած կաթը:
Մակնշման մեջ նշված է, որ ապրանքն արտադրված է ԳՕՍՏ 31688-2012 –ով սահմանված պահանջներին համապատասխան:
Այս նմուշում ևս կար հայերեն մակնշման խախտում. նախ՝ այն գրեթե ամբողջությամբ ջնջված էր, ինչի հետևանքով՝ դժվարընթեռնելի: Բացի այդ՝ ներմուծման պիտակը փակցված էր հենց մակնշման վրա:
Հայերեն մակնշման մեջ նշված էր, որ ապրանքը պատրաստված է՝ ԳՕՍՏ 2903-78-ով, ինչն օրիգինալ մակնշման մեջ բացակայում էր: Մակնշումը չի համապատասխանում օրիգինալ մակնշմանը, և ըստ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի՝ համարվում է կեղծված:
Չնայած մակնշման այս խախտումներին՝ լաբորատոր փորձաքննությամբ՝ այս ապրանքը համապատասխանում է սահմանված նորմերին:
ՆՄՈՒՇ N7
Յոթերորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել դարձյալ ուկրաինական «Ичнянский молочно-консервный комбинат» ընկերության «Нежирное сгущенное молоко с сахаром» խտացրած կաթը:
Ապրանքի վրա դարձյալ առկա է «առանց ԳՄՕ» և ISO 22000 միջազգային ստանդարտի նշանը:
Հայերեն մակնշումը հենց օրիգինալ պիտակի վրա է, սակայն բացակայում է EAC նշանը, ինչը, ինչպես արդեն նշել ենք, պարտադիր է երրորդ երկրից ԵԱՏՄ տարածք ներմուծվող և բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքի համար:
Փորձաքննության արդյունքում այս նմուշը ևս համապատասխանել է սահմանված նորմերին:
Լաբորատոր փորձաքննության ամբողջական արձանագրությունը տես՝ այստեղ
Մեկնաբանել