Հրապարակվել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» զեկույցը
GROW քարոզարշավի շրջանակներում «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» (ՏԶՀԿ) ՀԿ-ն մշակել և հրապարակել է «Գները և խոցելիությունը Հայաստանում» վերլուծական-տեղեկատվական հրապարակումը: Օքսֆամ ՄԲ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մշակված զեկույցի նպատակն է ներկայացնել պարենամթերքի գների ամսական միտումները, գնագոյացման արժեշղթան:
Ծրագրի շրջանակներում թողարկվել է 5 զեկույց, որոնցում քննարկվել են գնաճը և դրա հաշվարկման մեթոդաբանությունը, գնաճի ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա, պարենային զամբյուղում մեծ տեսակարար կշիռ ունեցող սննդատեսակների՝ հացամթերք, կաթնամթերք, մսամթերք և կարտոֆիլ, գնային զարգացումները և առկա խնդիրները:
Գնաճն առավելապես ազդում է հենց սոցիալապես անապահով խավի վրա՝ պայմանավորված պարենային ապրանքների թանկացմամբ, ինչը Հայաստանում հաճախ, բայց ոչ միշտ պայմանավորված է լինում արտաքին գործոններով: Սակայն որոշ ապարանքների գծով, մասնավորապես բանջարեղենի, մսամթերթի և կաթնամթերքի դեպքում որոշիչը տեղական արտադության ծավալներն են:
Հայաստանում 2010 թ. սեպտեմբերից հետո հացի թանկացումը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի ցորենի արտահանումը սահմանափակելով (2010 թ. օգոսոտոսի 15-ից մինչև 2011 թ. հուլիսի 1-ը): Արդյունքում, հացը 2011 թ. հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ թանկացել է 9.3 %-ով:
Ինչ վերաբերում է մսամթերքին, մասնավորապես տավարի մսին, թանկացումը պայմանավորված էր հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի դեռ 2009-ից նկատվող անկմամբ՝ 7.1 %՝ 2009-ին և 2.4 %՝ 2010-ին:
Գների ձևավորման շղթայում կարևոր դերակատարում ունեն նաև վերավաճառողները, որոնք ձգտում են ցածր գներով ձեռք բերել գյուղացիներից և թանկ վերավաճառել քաղաքում: Սակայն վերջին 5 տարում մսի մանրածախ գնի և գյուղացիների կողմից իրացվող գնի տարբերությունների ուսումնասիրությունները պարզել են, որ այն նվազման միտում է դրսևորել՝ հիմնականում ի հաշիվ վերավաճառողների միջև մրցակցության:
Կաթնամթերքի գների վրա, ընդհանուր առմամբ, մեծ ազդեցություն ունի տեղական արտադրության կաթի գինը: Սակայն գրանցվել են դեպքեր, երբ չնայած կաթի գնի անկմանը՝ խանութներում կաթնամթերքի գներն աճել են: Մասնավորապես, 2011-ի հոկտեմբերին, երբ մածունի գինը գերազանցում էր տարվա սկզբի մակարդակը 6.3 %-ով, գյուղացիներն իրենց արտադրանքը իրացնում էին ավելի ցածր գներով:
Կարտոֆիլի շուկայական գնի բարձրացումը հիմնականում պայմանավորվում է 2010-ին կարտոֆիլի բերքի մոտ 19 % կրճատմամբ: Արդյունքում, կարտոֆիլը 2010-ին 2009-ի համեմատ թանկացել է շուրջ 56 %-ով, իսկ արդեն 2011-ի նոյեմբերին գրանցվել է տարեսկզբի համամատ 5 % գների անկում:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ գների մակարդակի աճը և մասնավորապես պարենի գների բարձրացումը մեծապես ընդլայնում է բնակչության խոցելիությունը և ազդում սոցիալական լարվածության վրա: Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն ունեն երկրի պարենային անվտանգության և ապահովվածության, ինչպես նաև ներքին արտադրության խթանման խնդիրները:
Ստեղծված իրավիճակը պահանջում է տնտեսական քաղաքականությունների համակարգման և ծրագրերի փոխլրացման բարձր աստիճան: Թեև կարևոր է երկրում փոխարժեքի շարունակական արժեզրկման ապահովումը, որը թույլ կտա ապահովել ներքին արտադրության մրցունակության աճ, սակայն, այս քաղաքականությունը կհանգեցնի նաև գների հետագա աճի, քանի դեռ ներքին տնտեսության ընդլայնման և ներմուծման փոխարինման ներուժը սահմնափակված է:
Ուստի, քաղաքականության հիմնական խնդիրը դառնում է ներքին արտադրության ընդլայնումը, որի լուծման արդյունավետ գործիքները և նախադրյալներն ակնհայտ չեն: Դրամավարկային կարգավորումը և արտաքին առևտրի կարգավորումը պետք է լրացնեն ներքին տնտեսության խթանման քաղաքականության ծրագրերին:
Դեկտեմբերի 27-ին «Անի Նովոստի» մամուլի կենտրոնում (Վարդանանց 7) տեղի կունենա «Գները և խոցելիությունը Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել