«Լուսավոր Հայաստանը» մասնակցեց Վանաձորի ավագանու նիստին, սակայն 2018-ի բյուջեի նախագծին դեմ քվեարկեց
Գայանե Սարգսյան
Վանաձորի թվով 28 ավագանու անդամների մասնակցությամբ այսօր կայացավ համայնքի ավագանու հերթական նիստը: Մեկ տարուց ավել տևած բոյկոտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները մասնակցեցին ավագանու նիստին: «Բարգավաճ Հայաստանի» ավագանու թվով 3 ավագանու անդամները, սակայն, այսօր ևս չներկայացան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանն այսօր նշեց՝ նախօրեին «Բարգավաճ Հայաստանի» խմբակցության ավագանու անդամների հետ քննարկել են ավագանու նիստերին մասնակցելու հարցն ու տեղեկացրել, որ այսուհետ մասնակցելու են դրանց:
«Բոյկոտը շարունակելու մեր իրավական ու քաղաքական հիմքերը սպառվել են... Մենք որոշեցինք, որ այս իրավիճակում այլևս անիմաստ է բոյկոտն ու մեր աշխատանքով կփորձենք վերահսկողություն ունենալ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ»,- ասաց նա:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, շնորհակալություն հայտնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներին ներկայության համար, հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կլինի արդյունավետ, ի շահ Վանաձորի:
Ավագանու քննարկմանը ներկայացվեց Վանաձոր համայնքի 2018 թ.-ի բյուջեի նախագիծը: Ավագանու անդամները նախագծի հետ կապված մի շարք դիտարկումներ ու հարցեր ունեին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Վահե Կռոյանն առաջարկեց «աջակցություն լրատվամիջոցներին» տողով նախատեսված 2 մլն դրամը տրամադրել միայն մրցույթի արդյունքում:
Ավագանու անդամ Անահիտ Կարապետյանն էլ նշեց, որ բյուջեի նախագծում «աջակցություն երիտասարդական ծրագրերին» տողով որևէ հատկացում նախատեսված չէ: Արդարացի համարելով ավագանու նկատառումը՝ համայնքի ղեկավարը նկատեց՝ հատկացումների հետ կապված առաջարկների ներկայացման համար նախատեսված ժամկետներ կային, դրանք կարելի էր անել մինչ բյուջեի հանրային քննարկումը:
Ի դեպ, Վանաձորի քաղաքապետարանը բյուջեի հանրային քննարկման համար երկու օր էր նախատեսել: Առաջինը՝ ֆիզիկական անձանց ու ՀԿ-ների, երկրորդը՝ ավագանու անդամների համար: Առաջին հանրային քննարկումը քաղաքապետարանում չի կայացել. որևէ քաղաքացի կամ հասարակական կազմակերպություն չի ներկայացել հանրային քննարկմանը, չեն եղել նաև գրավոր առաջարկություններ:
Ինչ վերաբերում է ավագանու անդամների համար նախատեսված հանրային քննարկմանը, այն ևս անցել է կիսադատարկ դահլիճում: Քննարկմանը չեն մասնակցել ոչ միայն բոյկոտող քաղաքական ուժերը, այլև ՀՀԿ-ն ներկայացնող ավագանու անդամների մի մասը:
«Գուցե հետաքրքրությունների պակասը կամ առաջարկությունների բացակայությունն է եղել պատճառը»,- կարծիք է հայտնում Մ. Ասլանյանը:
Ինչևէ, տևական քննարկումներից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներն այսօր միաձայն դեմ քվեարկեցին բյուջեի նախագծին: Խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը բյուջեի նախագծին դեմ լինելը հիմնավորեց զարգացման ծրագրին համահունչ չլինելու հանգամանքով:
«Համայնքներն աստիճանաբար անցնում են ծրագրային բյուջետավորման, ոչ թե ծախսային: Իսկ մենք 17 տարի շարունակ ու հիմա էլ չենք կարողանում ծախսային բյուջեից անցնել ծրագրային բյուջեի: Ինչքան էլ որ ասվում է, որ բյուջեն բխում է զարգացման ծրագրից, դուք դրան համահունչ որևէ կետ չեք տեսնի: Ունենալով նման պատկեր՝ նման բյուջեին կողմ քվեարկելու որևէ հիմք չունենք»,- նշեց նա:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս տեսակետի հետ համաձայն չէ: Վերջինս նշում է՝ բյուջեի ծախսման գործընթացն է ցույց տալիս, դա արդյունավետ է, թե՝ ոչ:
«Բյուջեն կարող է առերևույթ լինել շատ լավը և միտված զարգացման ծրագրերին, բայց չնախատեսված ծախսեր լինեն, խնդիրներ ունենանք ու այդ ծրագրերը չիրականանան: Հետևաբար, ավելի շատ ընթացքն է ցույց տալիս բյուջեի իրատեսականությունն ու միտվածությունը»,- ասում է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել