HY RU EN

Հրանտ Գալստյան

2018թ-ին կվերանորոգվեն ազգային պատկերասրահի երկու հարկերը

Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներից մի քանիսը վերանորոգվել են, ևս երկու հարկերի ցուցասրահներ կվերանորոգվեն 2018թ-ի սկզբին: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Տնօրենը մանրամասնում է, որ վերանորոգվել են պատկերասրահի շենքի 3-րդ հարկի ժամանակավոր ցուցասրահները, որտեղ այժմ գործում է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Այս ցուցասրահները վերանորոգել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, որը հունիսին այստեղ կազմակերպել էր «100 կտավ» ցուցահանդեսը: Հենց այդ ցուցահանդեսի համար սրահները վարձակալելու փոխարեն էլ հիմնադրամը համաձայնել է վերանորոգել դրանք: Աշխատանքներն արժեցել են մոտ 28 մլն դրամ:

«Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը

Ամիսներ առաջ «Հետք»-ն անդրադարձել է ազգային պատկերասրահի հավաքածուի պահման պայմաններին: Նշված ցուցասրահներից բացի՝ մյուս հարկերում հիմնականում խախտվում էին գեղանկարների պահպանության համար անհրաժեշտ ջերմաստիճանը, հարաբերական խոնավությունը, լուսավորության և օդափոխության նորմերը: Մասնագետների կարծիքով՝ այս պայմանները պետք է բարելավել անհապաղ՝ սրահներում ցուցադրվող արժեքավոր գործերը չկորցնելու համար:

         

         կարդացեք նաև՝

«Մենք որևիցե պատուհան ներսի ցուցադրությունում էլ չենք թողել: Խնդրին լուծում ենք տվել և այս տարի վերանորոգելու ենք 4-րդ և 6-րդ հարկերը հիմնովին՝ փակելով բոլոր պատուհանները էդ հատուկ տեխնոլոգիաներով և ապահովելով ջերմային և խոնավային ռեժիմները»,- վստահեցնում է Արման Ծատուրյանը:

Նշենք, որ պատկերասրահի շենքի 4-րդ հարկում ցուցադրվում են 20-րդ դարի հայ արվեստի գործեր, ինչպես նաև Էդգար Շահինի գրաֆիկական աշխատանքները, իսկ 6-րդ հարկում գտնվում են ռուսական արվեստի ցուցասրահները:

Տնօրենը տեղեկացնում է, որ մյուս ամիս սպասվող այս աշխատանքների համար նույնպես պետական բյուջեից գումար չի ծախսվի. այս անգամ վերանորոգումը կկատարի «Պողոսյան» հիմնադրամը, որի ֆինանսավորմանը պատկերասրահը գումար կավելացնի արտաբյուջետային ֆոնդից: Ծատուրյանի խոսքով՝ դա կներառի նաև տոմսերի վաճառքից գոյացած եկամուտը:

Տնօրենը, սակայն, հերքում է, որ տոմսի թանկացումը պայմանավորված է վերանորոգման աշխատանքներով. «Ուղղակի տնտեսագիտության ինդեքսացիա կա՝ աշխատավարձի, կենսաթոշակի և այլն: Բոլոր թանգարանների գներն են բարձրացել: Պատկերասրահինը դեռ մի բան էլ պակաս է: Մեր մուտքի տոմսը 1500 դրամ է. դա 3 եվրո է: Ես վերջերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում էի՝ «Թանգարանների մենեջմենթ» ծրագրով, և 25 դոլարից պակաս` բացի «Սմիթսոնյան ինսթիթյուշնից», չտեսա»: Հիշեցնենք, որ հունիսին տոմսն արժեր 800 դրամ:

Արման Ծատուրյանը

Արման Ծատուրյանը կարծում է, որ այս երկու հարկերով վերանորոգումը չի սահմանափակվի: «Բայց ինձ թվում է՝ 3 տարում 3 հարկ վերանորոգելը նորմալ է»,- ասում է նա:

Դեռևս պարզ չէ, սակայն, թե արդյոք պատկերասրահը շարունակելու է գործել այս շենքում: Հիշեցնենք, որ դեռ հունվարին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Արման Ծատուրյանին ասել էր, որ «ցանկացած լուծում ժամանակավոր է, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը հետագայում կունենա նոր շենք»: Տնօրենը, սակայն, մանրամասներ չի հաղորդում:

«Գոնե ես որևիցե հստակ բան չգիտեմ մեր շենքի մասին,- ասում է նա՝ արձագանքելով նաև այն խոսակցությանը, որ շենքը կարող է փոխանցվել Հայաստանի պատմության թանգարանին, որն այժմ զբաղեցնում է նույն շենքի 1-3-րդ հարկերը:- Եթե շենքը տան պատմության թանգարանին, նշանակում է, որ մեզ նոր շենք են տալու՝ վերանորոգած. է սա էլ կթողնենք մեր Հայաստանի պատմության թանգարանին, մերն ա էլի»:

Ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի մնացած 12 մասնաճյուղերին, տնօրենը վստահեցնում է, որ բոլորն անվտանգության համակարգեր ունեն: Դրանց մի մասի վատ շենքային պայմաններին անդրադառնալիս՝ ասում է, որ ոչ բոլոր շենքերն են իրենց պատկանում:

«Մեծ հաշվով՝ այն շենքերը, որը մերն է, ավելի բարվոք պայմաններում են, քան նրանք, որը մերը չի: Մենք շատ դժվարությամբ գումարներ ենք աշխատում և առաջնային գումարները ծախսում ենք այն կառույցների վրա, որոնք ազգային պատկերասրահինն են, որովհետև մի գեղեցիկ օր քաղաքի ավագանին կարա որոշում կայացնի և այդ շենքը օտարի»:

2018թ-ի ծրագրերից Արման Ծատուրյանն առանձնացրեց Պաբլո Պիկասոյի գործերի ցուցադրությունը: Տնօրենի խոսքով՝ պայմանավորվածություն կա ամերիկյան մի թանգարանի հետ, այժմ փորձում են ֆինանսական աղբյուրներ գտնել՝ աշխատանքները տեղափոխելու համար: