
Կարեն Կարապետյան․ «Վերջին տարին է, որ տոտալ բոլորին սուբիսադավորում ենք»
Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` մեղմացվեցին «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները։ Նախագիծը գործադիրին ներկայացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
«Օգոստոսի 7-ին «Վեոլիա Ջուր»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները վերանայելու հայտով, որով առաջարկվել էր 194,3 տասնորդական դրամ՝ ներառյալ ԱԱՀ, որն էլ ՀԾՔԿ-ի կողմից բավարարվել է»,- ասաց Հարությունյանը:
Ջրային պետական կոմիտեի նախագահի խոսքով՝ որպեսզի սակագնի բարձրացումը բաժանորդների մոտ լրացուցիչ բեռ չառաջացնի, առաջարկվում է օպերատորի կողմից վճարվող վարձավճարների հաշվին «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրամադրել սուբսիդիա՝ 2018-ի ընթացքում նախկին 180 դրամ սակագինը պահպանելու համար:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ մենք սուբսիդավորում ենք բոլոր սպառողներին»,- հարցրեց վարչապետը, ապա ստանալով դրական պատասխան՝ հստակեցրեց. «Այս որոշումն ընդունում ենք, բայց հետագա նման գործողությունների ժամանակ պետք է մշակել կարգ, որով որ մենք սուբսիդավորենք միայն սոցիալապես խոցելի զանգվածին, ոչ թե տոտալ բոլորին, սա վերջին տարին է, որ մենք տոտալ բոլորին սուբսիդավորում ենք»:
Մեկնաբանել