
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի սարքավորումները կբարելավվեն
Կառավարության նիստին Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվեց Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի՝ հնագիտական գտածոների վերականգնման և պահպանման համար սարքավորումների բարելավման» դրամաշնորհային ծրագիրը:
«Գիտահետազոտական կենտրոնի կարևոր գործառույթներից է վտանգված և վերականգնվող հուշարձանների պեղումները, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրատապ վերականգնման կարիք ունեցող հարյուր հազարավոր հնագիտական արժեքներ։ Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ճապոնական դրամաշնորհի միջոցով նորագույն սարքավորումներով համալրել կենտրոնի հնագիտական լաբորատորիան»,- ասաց նախարարը։
Ամիրյանի խոսքով՝ ճապոնացի փորձագետները եղել են Հայաստանում և ուսումնասիրել խնդիրը․ «Նախապես հաստատված 250 հազար դոլարի փոխարեն առաջարկել են 650 հազար դոլարի դրամաշնորհ սահմանել։ Ճապոնական կողմը պետք է այդ գումարով գնի ճապոնական և եվրոպական արտադրության նորագույն սարքավորումներ և անհատույց տրամադրի կենտրոնին։ Վերազինումից հետո կենտրոնի լաբորատորիան կդառնա տարածաշրջանում լավագույնը, որի ծառայություններից կարող են օգտվել և՛ հարևան երկրների արշավախմբերը, և՛ թանգարանները»,- նկատեց Արմեն Ամիրյանը։
Վարչապետը հանձնարարեց հետագայում ներկայացնել կատարված աշխատանքները և հայտնաբերված հնագիտական արժեքները: «Որ տեսնենք ինչքանով ենք կարողանում մեր քաղաքացուն, զբոսաշրջիկին ծանոթացնել, թե չէ մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է, որ ինքնանպատակ է»,- ասաց Կարեն Կարապետյանը։
Արմեն Ամիրյանն արձագանքեց, որ հայտնաբերված գտածոները վերջնական տեսքի բերելու և աշխարհին ներկայացնելու համար անհրաժեշտ է այդ լաբորատորիան, ինչն էլ կլինի խթանող քայլ։
Մեկնաբանել