HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Լոքյան․ «7,5 միլիարդի սահմանում համայնքներում տնտեսական ծրագրեր կարող ենք ֆինանսավորել»

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության նիստին ներկայացրեց «Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման ընթացակարգը»: Նախարարի խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում մարզերում և համայնքներում ձևավորվել է ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման գործընթաց: Ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման շրջանակներում 2017 թվականի օգոտսոս ամսվա դրությամբ մարզերից և համայնքներից ներկայացվել են մոտ 170 ներդրումային ծրագրերի հայտեր:

«Գործընթացի ընթացքում մեզ հասկանալի դարձավ, որ չունենալով հստակեցված գնահատման կարգ, համապատասխան չափորոշիչներ, մենք ունենում ենք դժվարություններ, քանի որ ցանկացած բնույթի ծրագիր, որը գալիս էր կառավարություն, նրանց բավական մեծ մասը միջոց խնդրելու, հին վարկը փակելու հետ էր կապված, ոչ թե տնտեսական արդյունավետության և աշխատեղեր բացելու համար», - ասաց Լոքյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ սահմանվել են հստակ չափորոշիչներ և համապատասխան փուլերից հետո կառավարության աշխատակազմ կներառվեն ծրագրեր, որոնք իրենց ընթացակարգում ձևակերպված չափորոշիչներին բավարարելու են։

«Հանձնաժողովն է գնահատելու, թե որ ծրագրին տրվի նախապատվություն և ինչ չափով սուբսիդավորվի»,- հստակեցրեց Լոքյանը։

Ըստ Լոքյանի՝ ծրագրի արդյունավետության գնահատման խնդիր են դրել, որտեղ առաջին գործոնը ծրագրի ոլորտն է, իսկ մյուս կարևոր չափորոշիչը՝ համաֆինանսավորումը, ըստ որի՝ ծրագիր ներկայացնող սուբյեկտը պետք է համաֆինանսավորման մասնակցի իր դրամական միջոցներով, որը 30 տոկոսից պակաս չպետք է լինի։ Հաջորդ չափորոշիչն աշխատատեղերի ստեղծումն է։

«Եթե միջինացնում ենք մեր գնահատումները և տեղափոխում ենք ֆինանսական դաշտ, մեզ համար հասկանալի է դառնում, որ մենք 7,5 միլիարդի սահմանում տնտեսական ծրագրեր կարող ենք ֆինանսավորել, որի մեջ չի հաշվարկվում մասնավորի ներդրած գումարը։ Այս պարագայում այն կարող է կրկնապատկվել, և 15 միլիարդ դրամի ներդրում կարող ենք ունենալ»,- ասաց Լոքյանը։

Նախագծի քննարկման ժամանակ արձագանքեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը․ «Պարոն Լոքյան, ճիշտ ենք հասկանում չէ՞, որ սա լինելու է ՓՄՁ ՈՒՎԿ միջոցների հաշվին, քանի որ սկզբնական շրջանառության դրվածի մեջ այդ բանը կար գրված»: Դավիթ Լոքյանն ասաց․ «Ճիշտն ասած չգիտեմ ինչպես ենք հասկանում, սակայն այն կլինի կառավարության այս կամ այն օղակի միջոցների հաշվին՝ տարածքայինի, ՓՄՁ ԶԱԿ-ի, մենք արդեն վարչապետի հետ քննարկել ենք»:

Հարցի վերաբերյալ խոսեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հայտնելով, որ շաբաթ օրը հանդիպելու են և քնարկելու են բոլոր մարզերից ստացած ծրագրերը: «Իրականում ունենք խայտաբղետ ծրագրեր, որոնցից շատերը ընդհանրապես ծրագրեր չեն: Մենք կանոնակարգում ենք հայտանիշները, հստակ ձևակերպում ենք, թե ծրագիրը ինչ հարցերի պատասխան պետք է տա: Իրականում 7,5 միլիարդ սահմանափակումը վերևից չունենք, մենք միջոցներ կհայթայթենք ՓՄԶ ԶԱԿ-ի և այլ միջոցների հաշվին, եթե ծրագրերի որակը համապատասխանի դրան, քանի որ դա միանշանակ տնտեսական ակտիվությունը մարզերում բարձրացնելու է»,- նկատեց Կարապետյանը։

Լուսանկարը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարության

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter