Դավիթ Պետրոսյանը դադարեցրեց հացադուլը
Նելլի Պետրոսյան
Քիչ առաջ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: «Հետք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից կայացրած որոշման վերաբերյալ, «Ընկերներիս ու դասախոսներիս ջանքերով 500 հոգու շրջանում ստորագրահավաք էր կազմակերպվել: Ու քանի որ բոլորն ինձ հորդորում էին վերջ տալ հացադուլին, ես էլ որոշեցի լսել նրանց»,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթը:
Շարժման անդամները հացադուլի դադարեցմամբ վերջ չեն դնում իրենց պայքարին: Առաջիկայում նախատեսում են մշակել իրենց հետագա քայլերի հստակ կանոնակարգը. «Մենք մի քանի օրից մեր խմբով հանդիպում ենք ունենալու, փակ քննարկում ենք անցկացնելու: Այս պահի դրությամբ Ազգային ժողովում քննարկման որևէ նպատակ չունենք»,- հայտնեց Դավիթը:
Նա նաև նշեց, որ հացադուլը դադարեցնելն իր առողջական վիճակի հետ որևէ կապ չի ունեցել. շարունակում է իրեն լավ զգալ: Հետաքրքրվեցինք նաև նախաձեռնության մյուս անդամի` Յուրի Ավագյանի առողջական վիճակով, ով դեկտեմբերի 21-ին թոքաբորբի պատճառով դադարեցրել էր հացադուլը: Դավիթի փոխանցմամբ` նրա վիճակը նույնպես կայուն է:
Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամները 2 ամիս պայքարում էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու դեմ: Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը: Բուհերի ուսանողներն օրեր շարունակ դասադուլ էին իրականացնում, իսկ դեկտեմբերի 18-ից շարժման երկու անդամներ հայտարարել էին անժամկետ հացադուլ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել