HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրիմներու բոյրին մէջ սիրտ մը կու լայ այս գիշեր…

Մոտ 80 տարի առաջ հեղինակված և առաջին անգամ ստորև հրատարակվող` Պետրոս Դուրեան խորագրով բանաստեղծությունը, նվիրված արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծի հիշատակին, պատկանում է սփյուռքահայ Նշան Հեքիմեանի գրչին: Հաջորդող երկու բանաստեղծությունները, նույնպես անտիպ,  Պոլ Վեռլենի երկու քերթվածքների, Chanson d'automne-ի (աշնան երգ) և  Les Aveugles-ի  (Կույրերը) արևմտահայ թարգմանություններ են, կատարված նույն Հեքիմյանի կողմից:

Նշան Հեքիմեանը ծնվել է Պոլսում, տարագրության մեջ, 1920թ: Մինչև 1963թ. ապրել է հիմնականում Եգիպտոսում, Աղեքսանտրիա, ապա` Լիբանանում, Բեյրութ: Մահացել է Երևանում, 2004թ, հայրենիքում հաստատվելուց կարճ ժամանակ անց:

Նա սփյուռքահայ գրական անդաստանում ծանոթ անուն չէ: Ե'ւ նշված  երկու թարգմանությունները, և'  Մեծարենցյան դրոշմ կրող հեղինակային գործը Հեքիմեանն ստեղծագործել է վաղ երիտասարդության տարիքին, համապատասխանաբար 17 և 18 տարեկան հասակին: Այնուհետև նա զարմանալիորեն չի շարունակել ստեղծագործել: 

Պետրոս Դուրեան

պատկեր Ա

Շիրիմներու բոյրին մէջ սիրտ մը կու լայ այս գիշեր... –
Դեռափըթիթ շուշաններ կ’ոգեվարին շատ հեռո~ւն…
Երկնքին մէջ մոխիրէ` լուռ կը յածին հին յուշեր
Ու ցայգին հետ կ’արտասուեն մեղեդիներ սարսռուն…

Դեռափըթիթ շուշաններ կ’ոգեվարին շատ հեռո~ւն…
Հողէ ճրագ մը կ’արիւնէ խորհուրդը մութ սենեակին
Ու ցայգին հետ կ’արտասուեն մեղեդիներ սարսռուն…
Ի՞նչ հծծիւններ են սակայն որ սնարէն կը լսուին:

Հողէ ճրագ մը կ’արիւնէ խորհուրդը մութ սենեակին,
Ու մօր աչքերն կը շողան միշտ խեղդուած արցունքով
Ի՞նչ հծծիւններ են սակայն որ սնարէն կը լսուին
Հիվանդին կուրծքն է’ կ’այրի գերեզմանի’ կրակով…

Ու մօր աչքերն կը շողան միշտ խեղդուած արցունքով
Ստուերները չարաշուք դողդղալով կը մեռնին…
Հիվանդին կուրծքն է կ’այրի’ գերեզմանի’ կրակով
Ու Հէք տղան կը սարսռայ Համբոյրներէն ցուրտ Հովին…
----------------------------------------------------------------------------
պատկեր Բ
Ստուերները չարաշուք դողդղալով կը մեռնին…
Արշալոյսը հրաշքի` վարդ կը սփռէ բիւրաւոր
Ու Հէք տղան կը սարսռայ Համբոյրներէն ցուրտ Հովին.
Ո~Հ, իր սիրտը կը տրոփէ խռովքէ մը անսովոր…

Արշալոյսը հրաշքի` վարդ կը սփռէ բիւրաւոր,
Քաղցրախորհուրդ ոգիներ անմեղունակ կը ժպտին…
Ո~Հ, իր սիրտը կը տրոփէ խռովքէ մը անսովոր,
Սէրը քնքո~յշ բացեր է երազներու դղեակը Հին…:

Քաղցրախորհուրդ ոգիներ անմեղունակ կը ժպտին,
Ծաղկանց բոյրերն Հեշտալի նոր շունչ կու տան իրերուն…
Սէրը քնքո~յշ բացեր է երազներու դղեակը Հին
Ու կը Հեւայ Հրայրքին տակ կոյսին արծաթ աչերուն…

Ծաղկանց բոյրերն Հեշտալի նոր շունչ կու տան իրերուն…
Սրինգներ մեղմ կը մնջեն իռենց տաղերն` վիշտ ու ցաւ…
Ու կը Հեւայ Հրայրքին տակ կոյսին արծաթ աչերուն
պատանի մը դալկահար` որ երազո’վ արբեցաւ…:
------------------------------------------------------------------------------
պատկեր Գ
Սրինգներ մեղմ կը մնջեն իռենց տաղերն` վիշտ ու ցաւ...
Նոճիներէն կը ծորի մահվան սուգը` անսահմա~ն… 
պատանի մը դալկահար որ երազո~վ արբեցաւ
կը զսպէ ճիչն Հոգիին ուր Հրդեհներ կը մխան…

«Ո~հ, չի’ սիրեր, չի’ սիրեր» կը Հառաչէ լալագին,
-կոյս մը անգութ փշրեր է բանաստեղծին սիրտը Հէք-
Ու աչքերուն կը ցցուի պատկերը սե’ւ իր կեանքին
Ուր դագաղնե’ր կան այսօր, ուր միայն վի’շտ կար երէկ…

… Տէ’ր իմ, ինչո՞ւ թոյլ կու տաք որ այս շուշանը թոռմի.
Ապրելու տենչը վառ է անոր ճակատը կապոյտ
Ու կը պատռեն կուրծքն իռեն երգեր լացի, արիւնի`.
Սիրել կ’ուզէ, տանջուիլ, գէթ չըմեռնի’լ այսքա~ն շուտ…

… Ցնցումներով դժոխքի տղուն Հոգին կը զեղույ
Ու Աստըծոյ, աշխարհին իր անէծքը կը գոռայ
Անէծքը բորբ, երկաթէ, բազմաչարչար սրտերու…
Յետոյ անյոյս զղջումով կ’իյնայ տխուր բարձին վրայ

Ու զերթ կարապ մը յոգնած` լուռ կը փակէ իր աչեր…
Շիրիմներու բոյրին մէջ սիրտ մը կու լայ այս գիշեր…

1938

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------

Պոլ Վեռլեն

Աշնան երգ 

Աշնանային
ջութակների
հեծքերն երկար
զիս կը խոցեն
մեղկութեամբ մը
միալար

Ու շնչահատ 
Ու տժգոյն,երբ
Հնչէ ժամ
Ես կը յիշեմ
Հին, հին օրեր
ու կու լամ

Ու կ’երթամ յար
Ուր հովեր չար
Զիս տանին
հոս, հոն, նման
Աշնան չորցած 
Տերեւին… 
(թարգմ. 1937թ)

------------------------------------------------------------------------------------------------------------

Պոլ Վեռլեն

Կոյրերը

Դիտէ’ զանոնք, ով հոգիս. սոսկալի են յիրավի’...

Խամաճիկներ են կարծես, ծիծաղելի և տժգոյն
ու եզակի ահաւոր քնացածի մը հանգոյն
չըգիտես ո’ւր սեվեռած իրենց աչերն խաւարի…

իրենց աչերը` ուրկէ աստուածային կայծն է թռած
դէպի երկինք են ուղղեր` կարծես հեռուն կը նային.
ու չէք տեսներ զանոնք բնաւ որ դէպ` գետին հակէին
երազներով բեռնաւոր` գլուխներնին ծանրացած…

Այսպէս անոնք կը կտրեն խաւարը խոր ու անծիր
որ եղբայրն է յաւերժական լռութեան: Ո’վ քաղաք
մինչ դու կ’ոռնաս մեր շուրջը-երգ ու հառաչ, աղաղակ.

հաճոյքներուն դուն կառչած` մինչեւ ամօթ ու ոճի’ր,
տե’ս, ես ալ կ’ըսեմ, անոնց պէս քաշկռտուելով զերթ յիմար.
ՙի՞նչ կը փնտռեն երկնից մէջ բոլոր կոյրերն այս տխմար՚:
(թարգմ. 1937թ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter