HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քննարկվում են «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման, ճոպանուղու և ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման ծրագրերը

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված է Երևան քաղաքի  ներդրումային առաջարկների մասին տեղեկատվություն։ Ներդրումային ծրագրերը ներկայացված են ինտերակտիվ քարտեզի միջոցով։ Դրա օգնությամբ ներդրողը կարող է սեղմել ներդրումային ծրագիրը ներկայացնող շրջանակի վրա և տեսնել, թե մայրաքաղաքի այդ տարածքում ինչ ներդրումային ծրագիր կարող է իրականացնել։

Ինչպես «Հետք»-ին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ ներդրողների հետ այժմ քննարկում են «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագիրը, ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցման առաջարկը (այդպիսի ներդրումային ծրագիր առաջարկվում է Ռուսաստանի հրապարակում-հեղ.), ճոպանուղու կառուցման ծրագիրը։

Սակայն թե բանակցությունների արդյունքում ձևավորված վերջնական ներդրումային ծրագրերը ինչպիսին կլինեն, որքան կլինի ներդրումների չափը, ովքեր են այդ ներդրողները, դրանց մասին քաղաքապետարանը առայժմ չի տեղեկացնում։ Պարզաբանում են, որ ներդրումային ծրագրերի իրականացման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի:

Մայրաքաղաքում ճոպանուղի, հավանաբար, իրանցի ներդրողն է կառուցելու։ Դեռևս նոյեմբերի 1-ին քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Տարոն Մարգարյանը աշխատանքային այցով եղել է Արաբկիր վարչական շրջանում, ծանոթացել «Արաբկիր» զբոսայգում իրականացվող «ԱլտերԷգո» նախագծին, որի շրջանակում «Գրին մայլ» ընկերությունը զբոսայգում կառուցում է տարածաշրջանի ամենաերկար զիփլայնը։ Նշենք, որ ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը ամիսներ առաջ է հիմնադրվել, հիմնադիրն էլ Իրանի Իսլամական Հանրապետությունից է։

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքում առաջարկում է երկու տասնյակից ավել ներդրումային ծրագիր։ Օրինակ, առաջարկում է Շենգավիթ վարչական շրջանում կառուցել «Հեքիաթային քաղաք Երևանում»։ Այն կունենա տոնավաճառ-ցուցադրությունների փողոց, հանգստի գոտի, զվարճանքի գոտի՝ երեխաների համար, ջրային աշխարհ և այն։ Մեկ այլ ներդրումային ծրագրով առաջարկվում է Բուսաբանական այգում բացօթյա հանգստի, ժամանցի և զբոսաշրջային կենտրոն հիմնել։ Դալմայի այգիներին հարակից տարածքում էլ ներդրողը կարող է ստեղծել անտառպուրակային հանգստի և ժամանցի համալիր, որտեղ կլինեն կենսաբազմազանության ցուցադրության գոտի, այգիներ և ճեմուղիներ, մանկական ժամանցի գոտի, հեծանվուղի, լանդշաֆտային ազատ հանգստի և հասարակական սննդի օբյեկտների համար նախատեսված գոտիներ:

Քաղաքապետարանից հայտնել են, որ իրենց մշակած և պաշտոնական կայքում հրապարակած ներդրումային առաջարկների վերաբերյալ արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերվել թե՛ տեղացի և թե՛ օտարերկրյա ներդրողների և ներդումային կազմակերպությունների կողմից։

Այդ նեդրումային առաջարկները ներկայացնում են ներդրումային գործարար համաժողովներին, կլոր սեղան-քննարկումներին։

Մեկնաբանություններ (1)

ԱՆԱՆՏԱՌ ԱՆՏԱՌԱՊԱՀ
Քննարկեք, քննարկեք, էն մնացած մի քանի ծառն էլ կտրեք ու դինջացեք վերջապես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter