HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահապարտի բաց նամակը նախագահին

Մեծարգո նախագահ,

Օրերս Դուք խոսում էիք արդարադատության և դատական համակարգի մասին, և թերևս պատճառը նաև դա է, որ գրում եմ այս նամակը: Ես ինքս փորձում եմ իմ սեփականության իրավունքը պաշտպանել դատարանի միջոցով, բայց արդեն համոզվել եմ, որ մեր դատարանների համար օրենքը գերակա չէ: Իմ լուրջ մտավախությունն այն է, որ այս ճանապարհով՝ օրինականությանը հղում անելով, ոչինչի չեմ հասնելու:

1992թ. փետրվարին կարճատև արձակուրդով տանն էի՝ Արագածոտնի մարզի Փարպի գյուղում: ՀՀ գազային արդյունաբերության արտադրման միավորումը վաճառում էր իր շենք-շինությունները: Առքուվաճառքի պայմանագրով 85 հազար ռուբլով գնեցի մոտ 600 քմ մակերեսով 4 մ բարձրությամբ անավարտ շինությունը և կրկին վերադարձա մարտի դաշտ:

Պատերազմից հետո իմացա, որ այդ շինությունը փոխանցվել է Փարպի համայնքի հաշվեկշռին, սակայն գյուղապետ Արմենակ Մկրտչյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չունեմ. գնողը ես եմ, ուրեմն իմն է: Անկեղծ ասած՝ երբևէ չեմ էլ մտածել, որ դա կարող են ինձանից խլել:

Հարևանությամբ հողամաս ունեմ, երկար տարիներ ապրել եմ հենց այդ կիսակառույց շենքում, անասուն եմ պահել: Հետո որոշեցի իսկապես սեփականաշնորհել այն և վարկային ծրագրերի միջոցով հիմնել կաթի մշակման արտադրամաս:

Մինչ այդ՝ 2002թ., Փարպիում գյուղապետ դարձավ Իշխան Առաքելյանը: Նա մի քանի անգամ ինձ հարցրել է, թե ինչու շենքս չեմ սեփականաշնորհում, քանի որ այն համայնքի բալանսում է: Բայց հետո հավանաբար տարբեր շենքեր քանդել-վաճառելուց ոգևորված՝ Իշխան Առաքելյանը որոշեց տիրանալ նաև իմ ունեցվածքին: Նույնիսկ վերջերս ինձ մոտիկ մարդկանց մոտ գյուղապետն ասել է, թե թափն էլ ունեմ, փողն էլ, ինչ ձևով էլ լինի, էդ շինությունը խլելու եմ:

Այս տարվա փետրվարին դիմեցի Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան: Խնդրեցի, որ շինությունից բացի՝ իմ սեփականության իրավունքը ճանաչվի նաև դրանով ծանրաբեռնված հողի և գույքի սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ: Դատարանին ներկայացրել եմ առքուվաճառքի պայմանագիրը, այս տարիների ընթացքում կատարած կոմունալ վճարումների անդորրագրերը: Մի շարք մարդիկ էլ վկայել են, որ շուրջ 19 տարի է՝ ես գույքին տիրապետում եմ բարեխղճորեն ու անընդմեջ:

Հուլիսի 25-ին առաջին ատյանի դատարանը հայցապահանջս ամբողջությամբ բավարարեց՝ գույքի ձեռքբերման վաղեմության ուժով: Բայց Փարպի համայնքը ներկայացրեց վերաքննիչ բողոք:

Եթե գյուղապետ Իշխան Առաքելյանը սկզբում միայն ասում էր, որ շինությունը համայնքի հաշվեկշռում է, ապա հետո նա սկսեց իր արարքների համար իբրև հիմնավորում նշել այն, թե ուզում է շենքում գյուղի համար մարզադահլիճ կառուցել: Բայց սա ուղղակի պատրվակ է: Նախ՝ եթե իրականում նման մտադրություն կար, ապա պետք էր ավագանու որոշմամբ շինությունը հանրային գերակա շահ ճանաչել, փորձել այլ ճանապարհով՝ մարդկային տարբերակով հարցը լուծել, ոչ թե դիմել խլելու մեթոդին: Երկրորդ՝ գյուղում մետաղակոնստրուկցիոն մեծ շինություններ կային, Իշխան Առաքելյանը դրանք վաճառեց և մինչև հիմա էլ ասում է, թե փոխարենը «փուչիկից» մարզադահլիճ է գնել, ներկայումս այն մաքսատանն է և շուտով կհասնի գյուղ: Այնպես որ, իմ շենքը ոչ մարզադահլիճի համար է պետք, ոչ էլ դիրքից ելնելով հնարավոր է այն վերափոխել որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է, այսպես ասած, «գյուղի սեփականությունը պաշտպանելուն», ապա կարելի էր հասկանալ նաև այս մոտեցումը, եթե ես բացառություն չլինեի: Ընդամենը վերջերս ավելի մեծ շինությունը գյուղապետի աներոջ որդին սեփականաշնորհեց, իսկ Իշխան Առաքելյանը որևէ առարկություն չներկայացրեց, ոչ էլ հիշեց գյուղի կարիքների՝ մարզադահլիճ կամ մեկ այն բան կառուցելու մասին:

Ինչևէ, նոյեմբերի 11-ին վերաքննիչ դատարանը Փարպի համայնքի բողոքը բավարարեց. բեկանեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, և գործն ուղարկեց կրկին առաջին ատյան՝ նոր քննության: Ընդ որում՝ վերաքննիչ դատարանը, դուրս գալով բողոքի շրջանակներից, իր որոշումը տարածեց նաև շենքով ծանրաբեռնված հողի և գույքի սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի վրա այն դեպքում, երբ առաջին ատյանում այս մասով պատասխանող կողմը դիրքորոշում չէր հայտնել:

Վերաքննիչ դատարանը իր որոշումը որևէ կերպ չի պատճառաբանել: Միայն նշել է, թե «...Գույքի տիրապետման փաստը դատարանը պետք է գնահատի թույլատրելի և վերաբերելի ապացույցներով, որպիսին չեն կարող համարվել վկաների ցուցմունքները և հայտարարությունները»: Մի կողմ թողնելով իմ ներկայացրած մյուս ապացույցները՝ ուզում եմ շեշտել, որ ՀՀ որևէ օրենսգիրք չի ասում, թե վկաների ցուցմունքները թույլատրելի ու վերաբերելի ապացույցներ չեն: Վերաքննիչ դատարանում էլ սա շատ լավ գիտեն, դրա համար էլ որոշման մեջ չեն նշել, թե այդ որ օրենքն է սահմանում, որ քաղաքացին որպես ապացույց զրկվում է վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից: Փոխարենը փաստաբանս ներկայացրել էր Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները, որոնց հիմքում դրվել են քաղաքացիների հայտարարությունները, վկաների ցուցմունքները: Սակայն միևնույն է, ոչ մի բան հաշվի չառան:

Պարոն նախագահ, վերաքննիչի որոշումը բողոքարկել եմ Վճռաբեկ դատարանում: Խնդրում եմ Ձեր անձնական վերահսկողությունը, որպեսզի դատարանները օրենքները չսահմանազանցեն: Ինձ ոչինչ պետք չէ, միայն պահանջում եմ օրինականություն:

Հարգանքներով՝
Գեղամ Սմբատյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter