HY RU EN

Թուֆենկյան հիմնադրամը Քաշաթաղում կլինիկա է վերանորոգել

Թուֆենկյան հիմնադրամը հայտնում է, որ ազատագրված Քաշաթաղի գյուղերից մեկում` Իշխանաձորում, ամիսներ տևած վերանորոգման աշխատանքներից հետո այսօր վերաբացվել է տեղի կլինիկան: Բացման արարողությանը մասնակցեցին Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարության, Բերձորի հիվանդանոցի և Իշխանաձորի համայնքի ներկայացուցիչները:

Թուֆենկյան հիմնադրամի կողմից 2004-2006թթ. կառուցված կլինիկան Քաշաթաղի հարավում գտնվող 16 հեռավոր գյուղերին բժշկական ծառայություններ տրամադրող միակ կառույցն է: Ավելի քան մեկ տասնամյակ գործելուց հետո կլինիկան հրատապ վերանորոգման և բարեկարգման կարիք ուներ իր ծառայությունները շարունակելու համար:

Գիտակցելով այս կառույցի կարևորությունը Իշխանաձորի և ողջ հարավային Քաշաթաղի համար, Թուֆենկյան հիմնադրամը այս տարվա սեպտեմբերին հանձն առավ կլինիկայի վերանորոգումը: Ինչպես հիմնադրամի կողմից Արցախում կատարվող բոլոր շինարարական աշխատանքները, շինության վերանորոգումը վստահվեց տեղացի աշխատողներին:

Կլինիկան վերանորոգվել է ամբողջությամբ, ներառյալ պատերի, հատակի և առաստաղի բարեկարգումը, նոր պատուհանների և դռների տեղադրումը և արտաքին հարդարումը: Արդյունքում ապահովվել է այս առողջապահական կառույցի պահպանումը գալիք տասնամյակների համար:

Դիմելով բացման արարողության մասնակիցներին, Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասաց`«Քաշաթաղի վերաբնակեցումը և զարգացումը կարևոր են ոչ միայն այստեղ ապրող մեր հայրենակիցների, այլ նաև ողջ Արցախի և Հայաստանի համար: Մենք պետք է շարունակենք աշխատել միասին այս ազատագրված տարածքներին նոր կյանք հաղորդելու և այստեղ ապրելու նոր հնարավորություններ ստեղծելու համար»:

Կլինիկայի բժշկական անձնակազմը ներկայումս բաղկացած է 6 մասնագետներից, ովքեր առողջապահական ծառայություններ են տրամադրում տարեկան ավելի քան 500 հիվանդների:

Կլինիկայի կողմից տրամադրվող խնամքը Քաշաթաղի համար առաջնային կարևորություն ունի: Ազատագրված այս շրջանի շատ բնակիչների համար բժշկական խնամքը դժվարամատչելի է վատ ճանապարհների և տրանսպորտի պատճառով: Մինչև վերջերս, գյուղերում գործող առողջապահական կառույցներ գրեթե գոյություն չունեին, և հաճախակիորեն հանդիպող այնպիսի դեպքերը, ինչպիսիք են օձի խայթոցները, հանկարծակի հիվանդությունները և անգամ ծննդաբերությունները, կարող էին բերել մահացության:

Իշխանաձորի կլինիկայի կառուցումը, սարքավորումներով զինումը և հետագա վերանորոգումը Թուֆենկյան հիմնադրամի կողմից` Քաշաթաղում առողջապահության բարելավմանն ուղղված ծրագրերից մեկն է: 2005 թ.-ից ի վեր հիմնադրամը կառուցել, կահավորել և սարքավորումներով է զինել հեռավոր համայնքներում, այդ թվում Մշենի և Աղավնատուն գյուղերում գտնվող մի քանի փոքր կլինիկաներ: Բացի այդ, 2008-2010թթ. հիմնադրամի նախաձեռնությամբ Քաշաթաղում գործել է շարժական կլինիկա, որը երկու տարիների ընթացքում բժշկական խնամք է տրամադրել մոտ 2000 անձանց, այդ թվում 597 երեխաների:

Արցախի ազատագրված սահմանամերձ գյուղերում առողջապահական իրավիճակի հետագա զարգացման նպատակով Թուֆենկյան հիմնադրամը 2018թ.-ին նախատեսում է կլինիկա կառուցել հյուսիսային Քաշաթաղի Մոշաթաղ գյուղում, որտեղ բժշկական որևէ ծառայություն ներկայումս հասանելի չէ: