
«Հայաստանի հարկատուները վճարում են դատարանի անգործության համար». «ԱրմենՏել»-ի Տեխնիկական բլոկի նախկին տնօրենի գործով 41 նիստ է հետաձգվել
«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովի գործով դատական նիստն այսօր կրկին չկայացավ: Այս անգամ չէին ներկայացել թարգմանիչն ու ՏՏ ոլորտի մասնագետը, ով պետք է միացներ սարքավորումները համակարգչին՝ ապացույցներն ուսումնասիրելու համար: «Դա չեն կարող անել այս տարվա ապրիլ ամսից: Նույն կերպ 2 տարվա դատաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ն չի կարող իմ գործով ապացույցներ ներկայացնել՝ չնայած դատարանի հարցումներին»,-ասում է ամբաստանյալ Վլադիմիր Սաչկովը:
3 տարի ու 8 ամիս է անցել Վ.Սաչկովի ձերբակալությունից: Այդ ընթացքում 68 նշանակված նիստերից կայացել է 27-ը: Այսինքն՝ 41 դատական նիստ հետաձգվել է: Ամբաստանյալի ասելով` «Հայաստանի հարկատուները վճարում են դատարանի անգործության համար»,- «Հետք»-ին մեկնաբանեց Վլադիմիր Սաչկովը:
Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´ համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:
Ամփոփելով գործի նյութերը և մինչ այժմ դատական նիստերում կատարվածը` Վլադիմիր Սաչկովը նշեց, որ իր խափանման միջոցը փոխվեց միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների պաշտպանը և ՌԴ արտաքին գործերի նախարարությունը դիմեցին Սերժ Սարգսյանին: Ընդ որում, դատական գործընթացն ինչպես ձգձգվում էր, այդպես էլ շարունակվում է ձգձգվել: Իսկ խափանման միջոցի փոփոխումը դատարանին թույլ է տալիս անպատժելիորեն երկարացնել դատապրոցեսը: Ավելին, դատավորը նյութական խրախուսում է ստանում նույնիսկ չկայացած դատական նիստի համար:
Անդրադառնալով քրեական գործին` Վլադիմիր Սաչկովը նշում է, որ այն հարցուվել է ոչ հավաստի տվյալների հիման վրա: Ում կամ ինչի համար էր դա պետք, դժվարանում է ասել:
Սաչկովի կարծիքով, ընկերության կրած վնասի չափը հիմնավորված չէ: Ամբաստանյալը պատրաստ է Excel ֆայլի միջոցով, ինչի հիման վրա հաշվարկ է արվել, ցույց տալ, որ ո´չ գործի նյութերում, ո´չ էլ «ԱրմենՏել» ՓԲԸ-ում չկան այդ հաշվարկի աղբյուրներ հանդիսացող տվյալները: Քննության ընթացքում ավելացած փոխհատուցման գումարի չափը որևէ հաշվարկով ամրագրված չէ: Հարկերի տեսքով պետությանը հասցրած վնասի չափը հաշվարկված է Հայաստանի հարկային օրենսդրության կոպիտ խախտումներով:
«Քննությամբ հայտնագործած սխեման, որով իբրև թե բաց են թողնվել վիճարկվող կապուղու զանգերը, աշխատունակ չէ և հակասում է հեռահաղորդակցության չափանիշներին: Դա հաստատված է սարքավորումների հեղինակների կողմից, ինչպիսին է «Էրիքսոնը» »,- ասում է Սաչկովը:
Գործի նյութերում, ըստ նրա, հավաքած են RFC հանձնարարականներ և այլ աշխատանքային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ իբրև թե գաղտնին և անօրինականը մի քանի տարի եղել են օրինական և հրապարակային: Բոլոր աշխատանքների համար հրամաններ են արձակվել, աշխատավարձեր և հավելավճարներ են տրվել:
Սաչկովը նշում է, որ քննության ընթացքում տարբեր հարցումներ են ուղարկվել կապի տարբեր օպերատորների, որոնք հաստատել են, որ իրենց բաժանորդները զանգահարել են Հայաստան: «Մեգաֆոն», «ՄՏՍ», «Ռոստելեկոմ» և այլ օպերատորներին ուղարկած տարիֆիկացիոն ֆայլերում միլիոնների վնաս չի հայտնաբերվել: «Մեգաֆոն»-ի զանգերի անհամապատասխանությունը ռոումինգում կատարված զանգերի սխալ վերծանման արդյունք է, ինչը հաստատվել է նաև «Մեգաֆոն»-ի կողմից, և դա, ըստ Սաչկովի, աշխատանքային գործընթաց է երկու ընկերությունների ռոումինգային ծառայությունների համար:
«Ֆիզիկական ապացույցների ակնհայտ կեղծիք կա: Մինչ օրս, և արդեն մեկ տարի է` դատարան չեն կարող ներկայացնել ապացույցները: Նախաքննության ընթացքում նույնպես որևէ մեկը չի տեսել այդ ապացույցները,- ասում է Վլադիմիր Սաչկովը: -Նախաքննական մարմնի վարկածն այն մասին, որ իբր գիշերը նետել են աղբանոցը զարտուղի կապուղու սարքավորումները, չի համապատասխանում այդ օրն իմ` օդանավակայանից տեղաշարժի ժամանակահատվածին: Նաև չկա դրա մասին վկայող որևէ տեխնիկական ապացույց` տեսագրություն, մատյանի գրառում, բջջային տվյալներ և այլն»:
Վլադիմիր Սաչկովն Ամանորը դիմավորելու է Հայաստանում, քանի որ խափանման միջոցը գրավով փոխարինելով` նրան չի թույլատրվում լքել Հայաստանը:
Դատական հաջորդ նիստը նշանակված է 2018 թվականի հունվարի 10-ին:
Մեկնաբանել