
Մոսկվայում քննարկվել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արդյումանաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:
Պաշտոնական հաղորդագրությամբ՝ հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում:
Նախարար Կարայանը Դենիս Մանտուրովին առաջարկել է ընդլայնել ռուսաստանյան արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացվածությունը Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։ Ի պատասխան, Դենիս Մանտուրովը հայտնել է հայ գործընկերոջը, որ ռուսաստանյան կորպորացիաները հետաքրքրված են գործունեություն ծավալելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում։
Զրույցի ժամանակ Դենիս Մանտուրովը բարձր է գնահատել Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ընդունված որոշումները, ինչպես նաև նշել երկկողմ շփումների ավելացման հանգամանքը:
Կողմերը գոհունակությամբ ընդգծել են 2017 թվականին փոխգործակցության ընթացքում երկու երկրների առևտրատնտեսական ցուցանիշների աճը։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը Սուրեն Կարայանի հետ քննարկել է նաև հայ-ռուսական համատեղ ներդրումային ֆոնդի աշխատանքների ակտիվացմանն առնչվող հարցեր: Նախարարները հանձնարարականներ են տվել համապատասխան ստորաբաժանումներն։
Նախարար Կարայանի առաջարկով՝ որոշվել է նաև ստեղծել արդյունաբերության ոլորտում փոխգործակցության համատեղ աշխատանքային խումբ։ Կողմերը պայմանավորվորվել են խմբի առաջին հանդիպումն անցկացնել 2018 թվականի սկզբին։ Աշխատանքային խումբը մասնավորապես կուսումնասիրի դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հեռանկարները և կոնկրետ արդյունաբերական ծրագրերը։
Մեկնաբանել