
Հանրային քննարկումների արդյունավետությունը բազմաբնակավայր համայնքներում
Գորիս համայնքի ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ, ընդունվել է համայնքում հանրային բաց լսումների, քննարկումների կազմակերպման և անցկացման կարգ, որով ի թիվս այլ հարցերի, նախաձեռնությունների, կարգավորվում են նաև համայնքի տարեկան բյուջեի ընդունումից առաջ հանրային քննարկումների կազմակերպման, անցկացման, արդյունքների ամփոփման և համայնքի ավագանուն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Գրեթե նույն ժամանակահատվածում նման որոշումներ են ընդունվել նաև խոշորացված Տեղ, Տաթև համայնքների ավագանիների կողմից՝ որոշումների մեջ ամրագրելով, որ հանրային լսումների մասին տեղեկատվությունը տարածվում է հանրային քննարկումների իրականացման օրվանից «առնվազն 15 օր առաջ. բացի պաշտոնական կայքում տեղադրելուց, նաև համայնքի ՏԻՄ-երի նստավայրում դա փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք հասանելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար՝ առնվազն մեկ տեղ՝ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար»:
Բյուջեի հանրային քննարկումների մասին իրազեկման այս մեխանիզմը, սակայն, ինչպես նախորդ տարում, չի կիրառվել նաև ընթացիկ 2017թ.-ին, նախ այն պատճառով, որ նշված թվով ցուցատախտակներ չկան և ոչ մի բնակավայրում, քանի որ տեղական բյուջեի հանրային քննարկումների մասին տեղեկատվությունը, բացի այլ միջոցներից, ավագանու կողմից հաստատված կարգի համաձայն, պետք է տարածվեր նաև Գորիսի բնակավայրերում` 70, Տեղ համայնքում՝ 18 և Տաթևում՝ 20 ցուցատախտակների /կամ կախելու/ միջոցով, որով կապահովվեր նաև հանրային լսումների, քննարկումների կազմակերպման, իրականացման հիմնական սկզբունքները՝ մատչելիությունը, հրապարակայնությունը, թափանցիկությունը:
Երկրորդ, բացի Գորիս համայնքից /չնայած ոչ սահմանված ժամկետում/ բյուջեի նախագծի հանրային քննարկումների մասին տեղեկատվություն չի տարածվել ո´չ Տեղ, և ո´չ էլ Տաթև համայնքի անգամ պաշտոնական կայքէջում:
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ «Համայնքի ղեկավարը, համայնքի բյուջեի մասին որոշման նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում պետական բյուջեի հաստատումից հետո՝ մեկամսյա ժամկետում կամ մինչեւ պետական բյուջեի հաստատումը: Եվ, քանի որ ՀՀ Ազգային ժողովը «2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ընդունել է դեռևս դեկտեմբերի 8-ին, նշանակում է մինչև ընթացիկ տարեվերջ ավագանին պարտավոր է քննարկել 2018 թվականի տեղական բյուջեի նախագիծը:
Այդ պատճառով նշված համայնքների կայքէջերում արդեն իսկ հայտարարություններ են տարածվել ավագանու նիստ հրավիրելու մասին, որի օրակարգում ընդգրկված է «Համայնքի 2018թ. բյուջեի ընդունման մասին» հարցը՝ առանց մասնակցային քննարկումներ կազմակերպելու Տեղ, Տաթև համայնքներում, անգամ առանց բյուջեի նախնական նախագիծը տարածելու:
Սա միայն համայնքային բյուջեի այս տարվա հանրային քննարկումների կազմակերպման մասին, սակայն, ուսումնասիրությունները փաստում են, որ հանրային քննարկումներն առհասարակ, որպես համայնքում մասնակցության ապահովման միջոց, հիմնականում չեն կիրառվում:
Թերթելով համայնքների պաշտոնական էջերի արխիվը՝ հազվադեպ հնարավոր է կցկտուր տեղեկություններ գտնել այս կամ այն հարցի վերաբերյալ հանրային քննարկում, լսումներ կազմակերպելու մասին, որոնց մասնակիցները, դատելով նաև լուսանկարներից, հիմնականում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներն են: Լավագույն դեպքում` բյուջեի մշակման աշխատանքներում մասամբ ներգրավվում են ավագանու որոշ անդամներ:
Նույն աղբյուրների վկայությամբ, խոշորացված Գորիս համայնքի համար երեք կարևորագույն հարցերը՝ 2017թ. բյուջեն, համայնքի 2017-21թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, Գորիս քաղաքի լրամշակված գլխավոր հատակագիծը, նախորդ տարի հաստատվել են ոչ աշխատանքային օրը հրավիրված ավագանու արտահերթ նիստում, որի նախորդ օրը ևս ոչ աշխատանքային էր, և կազմակերպված հանրային քննարկմանը մասնակցել էր մեկ տասնյակից պակաս մարդ:
Հանրային քննարկումների կազմակերպման հարցում համայնքային իշխանությունների պակաս շահագրգռվածության համար հիմք է տալիս ենթադրելու և այն հանգամանքը, որ չնայած սահմանված կարգով դրանց իրականացման համար թույլատրելի է համայնքի տվյալ տարվա բյուջեից համապատասխան ֆինանսավորումը, սակայն երբևէ տեղական բյուջեում այդ նպատակով հատկացում չի նախատեսվում:
Արդարության համար պիտի նշել, որ ինչ-որ առումով խնդրահարույց է հանրային բաց լսումների կազմակերպման և անցկացման կարգի, օրինակ, այն դրույթը, որ հանրային քննարկումների իրականացման օրվանից առնվազն 15 օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է հանրային քննարկումների հրավեր, ինչը ենթադրում է, որ օրինակ, վերադառնալով բյուջեի ընդունման օրինակին, դեռևս նոյեմբերի վերջին արդեն իսկ պետք է մեկնարկեր դրա նախագծի մշակման գործընթացը, դեկտեմբերից նախնական տարբերակը ներկայացվեր հանրային քննարկման: Եվ, ենթադրելով, որ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում անհրաժեշտ կլիներ քննարկումներ կազմակերպել, պարզ հաշվարկով նվազագույնը 7-9 բնակավայր ունեցող համայնքում, անգամ տեղական իշխանությունների բարի կամքի դրսևորման դեպքում անհրաժեշտ կլիներ ևս մեկ շաբաթ: Բացի այդ, սահմանված կարգի համաձայն, հանրային քննարկումների ավարտից հետո 15-օրյա ժամկետում ՏԻՄ-երի և համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի վարչական ներկայացուցիչների նստավայրերում փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում պետք է տեղադրվեն հանրային քննարկումների արդյունքների ամփոփաթերթերը:
Եթե դրան հավելենք նաև ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ հանրային իրազեկում ապահովելու՝ օրենքով ամրագրված պահանջը, ապա դրանք ապահովելու դեպքում միայն, հնարավոր կլիներ սահմանված ժամկետում հաստատել բյուջեն և գնահատել մասնակցության ապահովման մեխանիզմի արդյունավետությունը: Իսկ այլ դեպքում, համայնքի համար կարևոր փաստաթուղթը՝ բյուջեն, ոտքի վրա հապճեպ ընդունելու տեղական իշխանությունների շտապողականությունը հակասում է իրենց իսկ կողմից ընդունված կարգին:
Մյուս կողմից անհասկանալի է նաև, որ բնակչության կողմից տեղական բյուջեի ձևավորման կամ համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի կառավարմանն ու զարգացմանն առնչվող կարևորագույն հարցերի քննարկման հանրային պահանջարկ դեռևս չի ձևավորվում, և թեկուզ ոչ պատշաճ իրազեկված կամ նախատեսված կարգով կազմակերպված քննարկումներին հանրությունը հետաքրքրություն չի ցուցաբերում:
Մեկնաբանել