HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախթալա ԼՀԿ»-ի արտադրական պոչերի արտանետումները շարունակվում են

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն այսօր հայտնեց, որ «Հետքի» «Տնօրեն Լյովա Վարդանյանը թաքցնում է «Ախթալայի ԼՀԿ»-ի  արտադրական պոչերը Դեբեդ գետ լցնելու պատճառները» հոդվածի փաստերով ԼՀԿ-ում վարչական վարույթ է իրականացվելու Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից: Տեսչության Լոռու տարածքային բաժնի ավագ պետական տեսուչ Ա. Ղարագյոզյանն էլ բացատրեց, որ վարչական վարույթն իրականացնելիս պետք է ուսումնասիրվի ԼՀԿ-ի բնապահպանական ամբողջ խնդիրները:

Մինչ այս վարույթը սկսելը երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Ախթալայի Երկաթուղայինների փողոցի բնակիչ Աշոտ Ամիրջանյանի կինը՝ Անուշ Ամիրջանյանը, հայտնեց, որ հոդվածից հետո ԼՀԿ-ն իրենց տան առջևով անցնող հեղեղատարով ցերեկը արտադրական պոչեր Դեբեդ գետ չի ուղղում, սակայն երեկոյան, մութն ընկնելուն պես հեղեղատարում պոչերի հոսքերը նորից շարունակվում են:

«Ամեն օր մարդիկ են գալիս պոչամբարից նմուշներ վերցնում, սակայն ոչինչ չի փոխվում, մեր երեխաների առողջությունը շարունակվում է վտանգվել»,- ասում է Անուշը:

Երեկ դեպի Մեծ Այրում գնացող ճանապարհի առաջին շրջադարձի վրա գտնվող վթարային փոքր պոչամբարի վրա տեղադրված խողովակից հեղեղատար մտնող պոչերի` մեր նախորդ այցի ժամանակ լուսանկարած խողովակը հանված էր: Դրա փոխարեն նոր, ավելի հաստափոր խողովակ էր տեղադրված հեղեղատարի մեջ:

Ախթալայում «հին» հանքափորներից մեկը պատմեց, որ Մեծ Այրում գնացող ճանապարհի առաջին շրջադարձի վրա գտնվող հեղեղատարը Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից կառուցվել է 1960-1970-ական թվականներին՝ ճանապարհի նույն հատվածի բարձրադիր տեղանքում գտնվող, այն ժամանակ լեռնամետալուրգիական կոմբինատին պատկանող «Պայթուցիկ նյութեր» պոչամբարը լեռնային աղբյուրների ջրերից և անձրևաջրերից պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ 2007-2008 թվականներին ԼՀԿ-ի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի ժամանակ «Պայթուցիկ նյութեր» պոչամբարը դատարկվել և շուրջ 95 000 խմ պոչեր է կուտակվել ճանապարհաեզրի նույն հատվածում՝ հեղեղատարի կողքին:

Այդ պոչերը այսօր անարգել տարածվում են անձրևաջրերի միջոցով: «Հետքը» մի քանի անգամ ահազանգել է նաև այդ պոչերի վտանգների մասին: Նկատեցինք, որ դեկտեմբերի 22-ի հրապարակումից հետո ԼՀԿ-ի տնօրինության կողմից հսկողության տակ է վերցրված Նահատակի պոչամբարը: Մինչ հոդվածը մենք բազմաթիվ անգամ եղել ենք Նահատակի պոչամբարում, և որևէ մեկը չի կաշկանդել այնտեղ մեր աշխատանքը: Երեկ պոչամբարի ճանապարհամերձ լանջից պոչամբարը նկարելիս, մեկ այլ աշխատակցի հետ մեզ մոտ հայտնվեց ԼՀԿ-ի անվտանգության ծառայության պետի տեղակալ Անդրանիկ Կիրակոսյանը: Վերջինս նախ ցուցադրաբար դիտողություն արեց պոչամբարի աշխատողներին՝ մեր աշխատանքը չխոչընդոտելու համար: Ապա դառնալով ինձ՝ ասաց. «Մենք շուրջ 2 հազար մարդ ենք կերակրում: Ինչո՞ւ չեք այդ մասին հիշում»:

Ախթալայի ԼՀԿ –ում այս պահին աշխատում է 450 աշխատող: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 19-ին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդիում 600 աշխատատեղ ապահովող պղնձաձուլական գործարանի արտանետումների վերեբերյալ «Հետքի» հարցին, թե ինչու ալավերդցիները պետք է գոյատևման փող աշխատեն իրենց և ամբողջ բնակչության կյանքի գնով, Աժ  ընտրությունների շրջանակներում Ալավերդի ժամանած վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է. «Դուք շատ ճիշտ եք, որ մենք մեր ներքին բարոյականությանը հաշվետվություն տալու խնդիր ունենք: Էսօր աշխատատեղ ենք ստեղծում, որպեսզի ժողովրդի սոցիալական վիճակը բարելավվի, բայց, եթե մի մեծ ռումբ ենք դնում վաղվա սերնդի առջև, մենք դրա հետ ո՞նց ենք համերաշխ ապրելու»:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի ոչ միայն ցածր պաշտոնյաները, նաև սեփականատեր Մաքսիմ Հակոբյանն է քաջատեղյակ շրջակա միջավայրին և բնակչության առողջությանը հասցված իրենց արտադրության արտանետումների ծանր հետևանքների մասին։

Բերնեբերան լցված «Նահատակի» պոչամբարում այլևս անհնարին է պոչանքներ կուտակելը: Իսկ ԼՀԿ-ն առայժմ իր արտադրական պոչերը, բացի Դեբեդ գետ լցնելը, այլ տեղ չունի: Այս տեսակետից իրականացվելիք վարչական վարույթը պետք է դիտել ձևական միջոցառում ՝ ժամանակ շահելու և ԼՀԿ-ի բնապահպանական ապօրինությունների նկատմամբ նախարարության կողմից հետևողականության պատրանք ստեղծելու համար: Այսուհանդերձ, բնապահպանական էլ ի՞նչ աղետներ են սպասվում ախթալեցիներին: Այդ մասին կառավարությունում լռում են: Ախթալայի  բնապահպանական աղետալի վիճակի մասին շարունակում է լռել Ախթալա խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը: Ոչ ոք իր պարտքը չի համարում Մաքսիմ Հակոբյանից պահանջել ԼՀԿ-ն նոր տեխնոլոգիաներով վերազինելու ներդրումներ:

Մեկնաբանություններ (1)

Լուսինե
Արկադի Թամազյանը շարունակում է այն ինչ անում էր Ճոճկանում գյուղապետ եղած ժամանակ՝աչք փակել պոչամբարների հետ կապված,ակնկալելքվ որ կոմբինատը իրեն լավ կնայի։Ջհանդամը թե համայնքի բնակչին ինչ կլինի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter