HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է` 6 տոկոս

2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահպանելով 6 % մակարդակը, հաղորդում է Կենտրոնական բանկը:

2017 թ. նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում:

Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:

Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:

ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:

Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter