HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը 14 կետով ներկայացրել է 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները

Կառավարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով: 

Կարեն Կարապետյանը 14 կետով ներկայացրել է 2018 թվականին մարզպետարանների գործունեության հիմնական ուղղությունները: Դրանք են՝ 

1. Համայնքներում հաշվառման համակարգի (գյուղատնտեսություն, շինարարություն) արմատավորումը և թերությունների վերացումը, 
2. Մեկ շնչին ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,
3. Համայնքների հողի հարկի և գույքահարկի բազաների ճշգրտումը,
4. Համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ինքնածախսածածկման ապահովումը,
5. «ՀՀ-ում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում» պիլոտային ծրագրերը,
6. Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերը, 
7. Տոհմային անասնապահական, թռչնաբուծական և խոզաբուծական տնտեսությունների հիմնում, սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը,
8. Գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսի աճը՝ 2017 թվականի համեմատ, 
9. Առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի աճը՝ 2017 թվականի համեմատ,
10. Կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը,
11. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով բնակավայրերի հասանելիություն և ներհամայնքային ճանապարհների վերանորոգումը,
12. Մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերը,
13. Մարզում կատարված ներդրումների ծավալը, այդ թվում՝ որին աջակցել կամ ուղղակիորեն նպաստել է մարզպետարանը.
14. Զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը: 

Խոսելով ներդրումային ծրագրերի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ձևավորվելու է ծրագրերի գեներացման համապատասխան հարթակ և ավելացրել, որ միջազգային ֆինանսական մի շարք կառույցներ, հաշվի առնելով մեր երկրում առկա տնտեսական ակտիվությունը, պատրաստակամություն են հայտնել առանց պետական երաշխիքի համագործակցել մասնավոր հատվածի հետ: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև կոնկրետ չափորոշիչների, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծման և ներդրումների ծավալների հիման վրա, պետական, համայնքային գույքը բիզնեսին տրամադրելու հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter