HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամանորյա տոնավաճառների եվրոպական փորձը հասավ Գյումրի

Եվրոպական գրեթե բոլոր երկրներում, նաեւ օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում, դեկտեմբերին բացվում են ամանորյա տոնավաճառներ: Առաջին Christmas Bazaar-ը կազմակերպվել է Գերմանիայում: Ամանորի նախաշեմին տոնական տրամադրություն ստեղծելու լավագույն ձեւերից մեկը համարվում է քաղաքների կենտրոնական տարածքներում, փայտե զարդարված տնակներում կազմակերպվող տոնավաճառը:

Հատկապես երեկոյան, երբ վառվում են բազմագույն լույսերը, տարածքը, որտեղ անցկացվում են տոնավաճառները, վերածվում է հեքիաթային գյուղակի: Անուշաբույր քաղցրավենիք, հուշանվերներ, գինի, տաք թեյ ու զանազան անուշեղեն՝ ահա ոչ ամբողջական ցանկը, որ տոնավաճառի օրերին առաջարկվում է քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին:

«Կումայրի ֆոնդը», վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ, որոշել էր ամանորյա տոնավաճառների աշխարհի փորձը հասցնել Գյումրի: Ինչպես նշեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանը, իրենք ցանկացել են տոն կազմակերպել գյումրեցիների եւ քաղաքի հյուրերի համար․ «Գյումրին ունի հսկայական ներուժ՝ եվրոպական պատմամշակութային ժառանգությունը պահպանած քաղաքների հետ նույն շարքում ներկայանալու համար: Քաղաքն այնքան հեռանկարային է, որ մենք մտադիր ենք զբոսաշրջության աշխարհում մեր կապերն օգտագործելով եւ կոնկրետ գործնական քայլերով` Գյումրին ժամանակակից զբոսաշրջային ուղղություն դարձնելու»:

Դեռ մեկ շաբաթ առաջ հիմնանորոգված Ռուսթավելի փողոցում հայտնված փայտե տնակները դեկտեմբերի 26-ին արդեն զարդարուն տեսք էին ստացել: Ամանորյա տոնավաճառի պաշտոնական բացումը նշանակված էր երեկոյան ժամը 17-ին: Տոնը կատարյալ դարձնելու նպատակով նախատեսվել էր նաեւ համերգային մաս՝ ելույթ ունեցավ սիրված երգչուհի Սիրուշոն, Գյումրու «TmbaTa» խումբը, իսկ կենդանի կատարումներից հետո երաժշտական մասը մինչեւ ուշ երեկո ապահովելու էր DJ Arni Rock-ը:

Ամանորյա առաջին տոնավաճառը Գյումրիում կտեւի դեկտեմբերի 26-ից մինչեւ հունվարի 6-ը: Կազմակերպիչները հույս ունեն, որ հաջորդ տարի տաղավարների թիվը կավելանա, եւ ավելի շատ կազմակերպություններ շահագրգռված կլինեն մասնակցել տոնավաճառին: Հայաստանում Գյումրին 2-րդ քաղաքն է մայրաքաղաքից հետո, որտեղ ամանորյա տոնավաճառների կազմակերպումը դառնալու է ավանդույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter