HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոֆեմինիզմը և Հայաստանը

Երբ կանայք զանգվածաբար սկսում են պայքարել հանուն հավասարության իրավունքի, կողքից լսվում է (հաճախ`բացասաբար)` «ֆեմինիստներ են»: 19-րդ դարում սկիզբ առած շարժումը հանուն կանանց աշխատանքային, ընտրական իրավունքների այսօր աղերսներ ունի նաև բնապահպանության հետ: «Էկոֆեմինիզմ» եզրույթով են բնորոշվում բոլոր այն բնապահպան ակտիվիստները, ովքեր համարում են, որ բնության անխնա շահագործումը նման է կապիտալիստական համակարգում կնոջ շահագործմանը:

Բնապահպան Արփինե Գալֆայանը վստահեցնում է, որ էկոֆեմինիզմի խնդիրները ոչ այնքան նման են կանանց խնդիրներին, որքան երկուսն էլ զարգանում են նույն շղթայով: Կապիտալիզմի զարգացման հետ, ըստ Արփինեի, առաջ է գալիս շահագործման գաղափարը: Արդյունքում մարդն ընտրյալն է, բնության մյուս արարածները` չընտրյալներ. «Ներկայիս նեոլիբերալ համակարգը հիմնված է ընտրյալների և չընտրյալների վրա: Ինչպես կապիտալիստական համակարգում հաճախ կինն է շահագործվում, այնպես էլ բնությունը: Շահագործվում է համեմատաբար թույլն ու անպաշտպանը: Բնությունն էլ արժեհամակարգի ներքևում է»:

Արփինեն մասնագիտությամբ միջազգայնագետ է, սակայն ուսանողական տարիներին տարբեր ՀԿ-ներում իրականացրած ակտիվ աշխատանքը հանգեցրեց բնապահպանական ոլորտում հայտնվելուն։ «Աստիճանաբար ներգրավվեցի քաղաքացիական պայքարի մեջ: Առաջինը 2007թ.-ին էր, երբ պայքար էր ընթանում ընդդեմ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման»,- պատմում է Արփինեն:

Էկոֆեմինիզմն ինքն իր ներսում խիստ հակասական է: Տարբեր ուղղությունների գաղափարակիրներ հաճախ են միմյանց թիրախավորում: Այսպես, օրինակ մշակութային էկոֆեմինիզմի հիմքում դրված են էսենցիալիստական (էութենական) գաղափարներ: Համաձայն դրանց` կինն ի բնե ավելի մոտ է կանգնած բնությանը: Մինչդեռ սոցիալական-սոցիալիստական էկոֆեմինիզմը չի ընդունում վերջինիս դիրքորոշումը` այն համարելով կնոջ կարողությունները սահմանափակելու հավելյալ միջոց: Այլ կերպ ասած` սոցիալական-սոցիալիստական էկոֆեմինիզմի համատեքստում «կին-բնություն» սերտ կապը համարվում է հայրիշխանական մոտեցումների հերթական արտահայտում: Այսօր աշխարհում լայնորեն տարածված է ինտերսեկցիոնալ (փոխհատվող) ֆեմինիզմը: Այստեղ չկա դիսկուրսային հստակ սահմանազատում. ուշադրության կենտրոնում են ճնշման բոլոր տեսակի համակարգերը:

Ըստ Արփինեի` այսօր աշխարհում ամեն բան գնահատվում է միայն այն դեպքում, երբ հնարավոր է դրանից շահույթ ապահովել: Նա համեմատական է անցկացնում կնոջ աշխատուժի շահագործման, միևնույն ժամանակ խտրական վերաբերմունքի արժանանալու միջև։

«Ինչու՞ կանանց աշխատանքը չի գնահատվում, ինչու՞ է կինը միաժամանակ խտրականության ենթարկվում` ապրելով, ասենք, Չադում, լինելով սևամորթ, լեսբի և կին: Կամ ինչո՞ւ է գետը գնահատվում միայն իր մեջ ապրող ձկների շուկայական գնով (ինչպես եղավ Շնող գետի հետ): Քանի դեռ ուրիշի գրպանը չի հարստացել, չի գնահատվում: Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե որքան փող է բերում: Նույնը բնությունն է: Օրինակ, սարը որպես էդպիսին չի գնահատվում, քանի դեռ չեն փորել, ոսկի չեն հանել»,-ասում է Արփինեն:

Էկոֆեմինիզմի մասին խոսելիս բնապահպան ակտիվիստները հաճախ որպես օրինակ ներկայացնում են կենդանիների շահագործումը: Մասսայական սպանդը և շուկայում մսի սպառումն աչքի են զարնում, երբ խոսվում է թիրախավորվող կենդանիների սեռի մասին։ «Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում շահագործվում են էգ կենդանիները կաթի, ձվի, նոր ձագերի մատակարարման նպատակով: Օրինակ, կովերին մի շարք արհեստական միջոցներով, բռնությամբ ստիպում են վերարտադրվել: Եվ կովն էլ գնահատվում է միայն այն ժամանակ, երբ մտցնում են որևէ ֆերմա, կթում, կաթ ստանում»,- նշում է Արփինեն:

Անդրադառնալով Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանը` Արփինեն շեշտում է` Բնապահպանության նախարարությունն այլընտրանք չի առաջարկում, որպեսզի արդարացնի իր տրամադրած լիցենզիաները, կամ պահանջում է, որպեսզի բնապահպաններն առաջարկեն նման այլընտրանքներ:

Ծանր մետաղներով աղտոտված տարածքում «Ջերմուկ» ազգային պարկ ստեղծելու նախագիծն էլ համարում է «կառավարության կեղծիքը». «Իրականում հանքերով վերացնում են եղած տնտեսությունները: Ջերմուկի դեպքում առողջարանները, հանքային ջրի աղբյուրները, այգեգործությունը, գյուղատնտեսությունը վնաս են կրում: Իսկ Ազգային պարկ ստեղծելու գաղափարը մեծ կոռուպցիա է, որովհետև դա նախատեսվում է անել նույն Ամուլսարի ոսկու նախագծի հեղինակ «Լիդիան» ընկերության փողերով»:

Այստեղ էլ նկատելի են էկոֆեմինիզմի գաղափարները. ինչպես կինն է հասարակության որոշ շրջաններում ընկալվում որպես «թույլ, շահագործման ենթակա», այնպես էլ բնությունն է շահագործվելու` ի դեմս Ամուլսարի` հանուն ոսկու չնչին քանակության: Արփինեն վստահ է` աշխարհում նոր հանքեր չպիտի բացվեն: Ժամանակակից տեխնոլոգիաներն էլ, նրա կարծիքով, հանքարդյունաբերությունն արդարացնելու լավագույն միջոցն են. «Կա մանիպուլյացիայի ձև, թե իբր ուզում ենք` հանքեր չլինեն, բայց այդ ստացված մետաղներից ստեղծված տեխնիկան ենք սպառում: Նույնը մեքենաների վերաբերյալ են ասում, բայց արի ու տես, որ ամենամեծ մեքենաները ստեղծվում են հենց հանքեր փորելու համար: Ստացված մետաղի մի հսկայական մասն էլ ծախսվում է զենքի արտադրության մեջ»:

Ընդհանուր պատկերը հանրության շրջանում, բնապահպան-ակտիվիստի կարծիքով, վերջին տարիներին փոխվել է. հանքը համարում են ինչ-որ վատ բան: Այս ամենի մեջ Արփինեն կարևորում է նաև մեդիայի և կրթական համակարգի դերը` որպես իրազեկվածության բարձրացման առաջնային միջոցներ` միաժամանակ խոստովանելով, որ դրանք այս առումով թերանում են։

«Ֆեմինիզմի գաղափարներն, ըստ իս, շատ աղավաղված են հասնում մարդկանց: Դրան նպաստում է հատկապես մեդիան, որի «շնորհիվ» ֆեմինիզմը և, ընդհանրապես, արդարության համար պայքարող բոլոր շարժումները խեղաթյուրվում են, դրանց հիմնական էությունը չի ներկայացվում, փոխարենն ընտրվում են որոշակի դրվագներ, որոնք կօգնեն դրանք պատկերել որպես ագրեսիվ, հիմար, ծաղրական, վտանգավոր և այլն: Օրինակ, որոշ լրատվամիջոցներ խորությամբ չանդրադարձան այն փաստին, որ Ամուլսարի փորձագիտական եզրակացությունը դրական էր»,- ասում է Արփինեն:

Նա պատմում է, որ իր ֆեմընկերների հետ հավաքել է հոդվածներ, հրատարակել ֆենզիններ (ձեռնարկներ)` վերնագրելով «Վերաիմաստավորելով մարտի 8-ը»: Հոդվածաշարը կանանց սոցիալական հավասարության գաղափարի վերականգնումն է, որը փողոցում բաժանել են մարդկանց:

Արփինեն նաև ակտիվ քաղաքացիության վերաբերյալ սեմինարներ է վարում: Դրանց արդյունքում եկել է այն եզրահանգման, որ շատերն այսօր արդեն ծանոթ են հայաստանյան բնության առջև ծառացած հիմնախնդիրներին:

Ֆեմինիզմի հիմնախնդիրների մասին փոքրիշատե խոսում է մեդիան, իսկ կրթական համակարգում այն որպես դասընթաց գրեթե բացակայում է: Թեմայի վերաբերյալ հայերեն գրականությունն էլ սակավ է: Հատկանշական է, որ 2017թ. սեպտեմբերին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում ներմուծվեց «Գենդեր և լրագրություն» դասընթացը, որի առանցքում է նաև ֆեմինիզմն` իր զարգացման ալիքներով և ենթատեսակներով:

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

լուսանկարը՝ Թեղուտ, 2012թ., արշավ` ընդդեմ Թեղուտի հանքի շահագործման

Մեկնաբանություններ (1)

Աննա
Գովասանքի է արժանի ուսանողի աշխատանքը, երանի հետագայում նույնպես կարողանան էսպես աշխատել, ցավոք ներկայիս լրատվական դաշտում լրագրողների մեծ մասի աշխատանքի որակը ցածր է, Հետքի շատ լրագրողներ անշուշտ բացառություն են․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter