
Հույժ գաղտնի. կինոոլորտում պետական միջոցների փոշիացման և խոստումների մեկ տարին
Դեկտեմբերի 22-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հաշվետու մամուլի ասուլիս տվեց և ամփոփեց նախարարության՝ 2017 թվականի աշխատանքը: «Հետք»-ը ներկայացնում է մշակույթի ոլորտներից մեկի՝ կինոարտադրության ձախողումների և ստվերային գործընթացների վերաբերյալ այլընտրանքային հաշվետվություն, որը բարձրաձայնում է կնճռոտ հարցերը և անդրադառնում պետական գումարների բաշխմանն ու ֆինանսական պատասխանատվությանը:
Կինոոլորտի համար այս տարին նշանակալի էր. բարեփոխումների խոստումներ, բաց ու թափանցիկ աշխատելու մասին հավաստիացումներ, կինոյի մասին օրենքի ընդունման աննախադեպ հաստատակամություն: Եվ, փաստացի, ոչ մի արդյունք: Սա էր կինոյի տարվա փուչիկը:
Դեռևս տարեսկզբին «Հետք»-ը հարցում էր կատարել Ազգային կինոկենտրոն և ստացել 2015-2017թթ. պետական աջակցությամբ արտադրություն մտած ֆիլմերի ցանկը և հակիրճ տեղեկատվություն դրանց մասին.
2016թ. դեկտեմբերին, նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մամուլին հայտնեց, որ Կինոկենտրոնում ֆինանսական աուդիտ է ընթանում:
Սակայն մի շարք հարցեր մնացին անպատասխան. «Երկար վերադարձ» (ռեժ. Շավարշ Վարդանյան, արտադրող՝ «Ռակուրս» ՍՊԸ)՝ նախագիծը, ըստ վերոնշյալ փաստաթղթի, պետությունից աջակցություն է ստացել 110 մլն դրամ և պայմանագրի համաձայն, պետք է ավարտվեր 2017թ-ին: Համարտադրողների բացակայության պատճառով ֆիլմը մնացել է անավարտ և պետությունն իր ծախսած գումարի դիմաց գույք (այս դեպքում՝ ֆիլմ) չունի: Ինչո՞ւ, ո՞վ է խախտել պայմանավորվածությունը և ինչպե՞ս է ծախսվել տարիներ շարունակ պետության տրամադրած գումարը:
Անավարտ մնացած ֆիլմերի խնդիրը պետական աջակցության ֆոնդի՝ Կինոկենտրոնի մութ սենյակն է: Այս մասին մամուլում վերջին մեկ տարում հարցազրույցներ են տվել թե՛ ռեժիսորները, թե՛ Կինոկենտրոնի ներկա ու նախկին ղեկավարները:
![]() |
Շ․Միրզախանյան, լուս․՝ ֆբ |
Նախարար Արմեն Ամիրյանը 2016թ. վերջին, Հ. Մալյանի անվան թատրոնում կազմակերպեց անավարտ ֆիլմերի՝ այսինքն` «պետության վրա մնացած» ֆիլմերի դիտումներ և խոստացավ արագ և արդյունավետ լուծում տալ:
Ուղիղ մեկ տարի է անցել, ոչ մի անավարտ ֆիլմի խնդիր չի լուծվել: Մինչդեռ գործընթացը պարզ է. պետք է դիտումների արդյունքում որոշվեր՝ եթե անավարտ ֆիլմն ունի գեղարվեստական որակ և հանրայնացման պոտենցիալ, ստանար ֆինանսական աջակցություն և ավարտվեր, եթե ոչ՝ պետության ֆինանսական աջակցությունը դադարեցվեր:
Մինչ օրս, Կինոկենտրոնի Գեղարվեստական նոր խորհրդի կազմը քննարկում է անավարտ ֆիլմերի ճակատագիրը: Կինոկենտրոնի նոր տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը չգիտե՝ դրանք ավարտելու համար ինչպես գումարներ հայթայթել:
Կինոկենտրոնի՝ մեզ տրամադրած ցանկից միայն պարզ է, որ այս տարվա Կինոկենտրոնի բյուջեում բավական ազատ գումար կա: Ռուբեն Գևորգյանցի «Մայիսյան երկու շաբաթ» ֆիլմին, որը հարգելի պատճառով չի նկարահանվել, Կինոկենտրոնը պետք է աջակցեր 45 միլիոն դրամով: Գեղխորհրդի նշած անավարտ ֆիլմերին (Մ. Դովլաթյանի «Սողանք», Ա. Շահբազյանի «Չնչիկ») պետք է, որ բավականացներ այդ գումարը:
Անավարտ ֆիլմերի քննարկումների մեջ Կինոկենտրոնի Գեղխորհուրդը նշում է նաև Հ. Գալստյանի «Մետամորֆոզները»: Ի տարբերություն մյուս անավարտ ֆիլմերի, որոնք պետությունից գումար են ակնկալում ավարտվելու համար, այս դեպքում պետությո՛ւնն է ակնկալում ստանալ «Մետամորֆոզներ» ֆիլմը: Նախագիծը պետությունից ստացել է ավելի քան 90 միլիոն դրամի աջակցություն, որի դիմաց «Պարալլելս ֆիլմ պրոդաքշընի» հիմնադիր տնօրեն, ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը Կինոկենտրոնին տրամադրել է 9 րոպե տևողությամբ նկարահանված հում նյութ (ստացվում է՝ րոպեն 10 միլիոն դրամ): Ինչու՞ պետությունը չի պահանջում պատասխանատվություն պետական գումարների փոշիացման համար:
լուս․՝ մշակույթի նախարարության ֆբ էջից
Ավելին, ինչպես ցույց է տալիս Կինոկենտրոնի` մեզ տրամադրած ցանկը, նույն՝ «Պարալլելս պրոդաքշընին» 2016թ.-ին պետական աջակցությամբ ևս մեկ ֆիլմ է ֆինանսավորվել՝ «Տատիկիս վարսերը»: Որևէ միջազգային ֆոնդ, մեկ նախագիծ տապալելուց հետո, հաշվետվություն պահանջելու փոխարեն, նույն արտադրող կազմակերպությանը երբևէ նոր նախագիծ չի ֆինանսավորի: Իսկ մեր պետությունը կարող է դա անել: Եվ մեր պետական կառույցներում ստուգումներ կատարող աուդիտորական կազմակերպությունները կարող են չբացահայտել խնամքով թաքցված զեղծարարությունները: Ի դեպ, Հ. Մալյանի անվան թատրոնում անավարտ ֆիլմերի դիտման ընթացքում նախարար Ա. Ամիրյանը հավանաբար անտեսեց «Մետամորֆոզներ» ֆիլմի բացակայությունը: Մինչ Հովհաննես Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում սպառնալիքներ է հնչեցնում նախարարությանը, թե կհրապարակի իրեն հայտնի ինչ-որ տեղեկատվություն, իսկ մշակույթի նախարարը հորդորում է սպառնալիքներով չխոսել, պետական գումարները հոսում են անհայտ ուղղությամբ և փոշիանում, իսկ որոշ ֆիլմեր՝ անավարտ կարգավիճակով շարվում են պետական հիմնարկների դարակներում և սպասում ֆինանսավորման:
Կինոկենտրոնի կողմից մեզ տրամադրած՝ 2017 թվականին հաստատված նոր նախագծերի ցանկում ևս կան պետական գումարների անարդյունավետ կառավարման մասին բացահայտումներ:
Ըստ այս ցանկի, 2017թ.-ին պետք է ավարտվեր Մհեր Մկրտչյանի «Գոհար Գասպարյան» հեռուստանախագիծը: Այս նախագծին պետական աջակցություն տրամադրելը հենց սկզբից աղմուկ էր հանել: Ցուցակ մտած նախագծի սցենարը Գեղխորհուրդը չէր տեսել (դա պարտադիր պայման է Կինոկենտրոնի նախագծերի հայտերի մրցույթում): Այնուհանդերձ, «Գոհար Գասպարյան» նախագիծը, արտոնություն էր ստացել` արտադրություն մտնելու և պետության կողմից ֆինանսավորվելու 56 միլիոն 718 հազար դրամով: Կինոգործիչներն ըմբոստացան այս նախագծի ֆինանսավորման դեմ՝ հիմնավորելով, որ կինոյին ուղղված պետական՝ առանց այն էլ փոքր գումարները հեռուստանախագծերին տրամադրելը կինոյի դեմ ուղղված քայլ է:
2017թ. հուլիսին Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նախարարի հրամանով ազատվեց պաշտոնից, և տնօրեն նշանակվեց Շուշանիկ Միրզախանյանը: Վերջինս հավաստում է, որ իրեն հանձնած ցուցակում «Գոհար Գասպարյան» նախագիծն արդեն չկար: Սակայն, դրա փոխարեն, արտադրություն էր մտել Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը» նախագիծը: Հուլիս ամսին հայտերի ընդունման մրցույթն ավարտված էր և հետևաբար, «Անխելք մարդը» չէր կարող Գեղխորհրդի քննարկմանը դրվել և մրցույթի մասնակցել: Ի՞նչ հիմքերով և ու՞մ հովանավորությամբ է մեկ նախագիծը փոխարինվել մյուսով: Ստացվում է, որ ինչ գնով էլ լինի, Մհեր Մկրտչյանը պետք է պետական աջակցություն ստանար: Եվ դրա համար կարելի էր խախտել Կինոկենտրոնի կանոնակարգը, ստեղծել ոչ մրցակցային պայմաններ և մրցույթից դուրս` արտադրություն մտցնել նոր նախագիծ: Այսինքն, պետական աջակցության ֆոնդը ֆինանսավորում է ոչ թե նախագծերի, այլ՝ նախարարի սիրելի ռեժիսորների:
լուս․՝ մշակույթի նախարարության ֆբ էջից
Եթե պետական աջակցության ֆոնդի ընտրության հիմքում մրցութային նախագիծը չէ, ապա կառույցի աշխատաոճը հնարավոր չէ համարել բաց, թափանցիկ և որակյալ:
Նման աշխատաոճի օրինակ է նաև ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ արտադրված «Լակոտը» (գեղ. ղեկավար՝ Ալբերտ Մկրտչյան, ռեժիսոր՝ Գագիկ Հարությունյան) ֆիլմը: Ըստ Կինոկենտրոնի պաշտոնական կայքէջի տեղեկատվության՝ ֆիլմն ավարտվել է: Եթե 118 միլիոն դրամ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմն իսկապե՛ս ավարտվել է և ստացած գումարին համարժեք որակ ունի, ապա ինչու՞ Մշակույթի նախարարությունը տարեվերջին ֆիլմի պրեմիերան չկազմակերպեց: Ի վերջո, դա նույնպես պետք է լիներ նախարարության որակյալ աշխատանքի հաշվետվությունը:
Հաշվետու տարում կինոյի ոլորտում մեր նշած ձախողումները մի քանի դեպքեր են: Դրանց միջոցով երևում է կինոոլորտի ընդհանուր պատկերը: Իսկ ընդհանուր պատկերը կարելի է անվանել Մշակույթի նախարարի չիրականացած խոստումների և որոշումների մեկ տարի, համաձայն ներքոհիշյալ հերթականության՝
2016թ. դեկտեմբերին Արմեն Ամիրյանը հայտարարեց՝ Ազգային կինոկենտրոնը պետք է լուծարվի: Կինոկենտրոնը մինչ օրս գործում է:
![]() |
Արսեն Բաղդասարյան, լուս․՝ ֆբ |
Կինոոլորտի բարեփոխումների համար Հայաստան հրավիրվեց ամերիկաբնակ Արսեն Բաղդասարյանը: Նա ներկայացվեց որպես Հոլիվուդյան կինոարտադրության խոշոր խաղացող, որը Հայաստանում պիտի ստեղծեր նաև ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտը: Հանձնակատարի ինստիտուտը մինչ օրս ձևավորված չէ, Արսեն Բաղդասարյանի ծրագրերը հանրությանը անհայտ են: Հանձնակատարի միակ հայտնի գործը Գեղխորհրդի անդամների պարտավորագիր ստորագրելու փորձն էր՝ հրապարակային ելույթներ չտալու մասին:
2017թ.-ի մայիսին ՀՀ պետական պատվիրակությունը մեկնեց Կաննի կինոփառատոնի շուկա՝ ծախսելով այդ տարի բոլոր կինոփառատոնների համար մշակույթի նախարարությանը հատկացված գումարը և ավելին՝ նոր կոնցեպցիայով ինտեգրվելու միջազգային կինոարտադրությանը: Կաննի կինոշուկայի արդյունքների մասին մինչ օրս հաշվետվություն չկա:
Ողջ տարվա ընթացքում Արմեն Ամիրյանը տարբեր առիթներով հայտարարեց, որ մշակվում է կինոարտադրության ռազմավարություն, միջազգային չափանիշներին համապատասխանող հայեցակարգ: Ռազմավարությունը և հայեցակարգը մշակված չեն:
2017թ. հուլիսից` Կիոնեկենտրոնի նոր տնօրինության նշանակման օրվանից, մշակույթի նախարարը հայտարարեց բաց, թափանցիկ և հրապարակային աշխատաոճի որդեգրման մասին: Վերջին վեցամսյակում Կինոկենտրոնի գործունեության հաշվետվության մաս կարելի է համարել, թերևս, ֆրանսիական CNC-ի ղեկավարության հրավերով Շուշանիկ Միրզախանյանի աշխատանքային այցը Փարիզ: Սակայն Կինոկենտրոնի ամբողջական գործունեության, անգամ Գեղխորհրդի աշխատանքների մասին պաշտոնական տեղեկատվություն հրապարակված չէ:
2018թ. կինոնախագծերի մրցութային հայտերի ընդունումից հետո միայն մշակվում է հայտերի ընդունման կանոնակարգ և կառույցի կանոնադրություն:
2017թ.-ի առաջին եռամսյակում սկսվեց «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակման նոր փուլ: Նախարարը հավաստիացրեց, որ մինչև տարեվերջ օրենքը կդրվի փորձագիտական, ապա՝ հանրային քննարկման և կընդունվի: Կինոոլորտի մի շարք կառույցներ առաջարկներ նեկայացրին, միջազգային կառույցների կողմից մասնագիտական խորհրդատվության առաջարկներ եղան: Արդյունքները տեսանելի չեն: Մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնյան կինոյի՝ մշակութային պրոդուկտի արտադրությունը համեմատեց հաց ու գինու արտադրության հետ և բորբոքեց նոր կրքեր: Տարին ավարտվեց առանց «Կինոյի մասին» օրենքի ընդունման:
2018 թվականն առջևում է նաև Մշակույթի նախարարության համար:
առաջին լուս․՝ մշակույթի նախարարության ֆբ էջից
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել