Աշոտ Ղահրամանյան. «Անցնող տարին Արմավիրի մարզի համար «ամենադժվարներից» էր»
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր տարեվերջյան մամուլի ասուլիս էր կազմակերպել՝ ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական վիճակը: Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ անցնող տարին «ամենադժվարներից» էր, քանի որ գարնանը նախ ցրտահարությունը վնասներ պատճառեց գյուղացիական տնտեսություններին, իսկ հետո՝ կարկուտը: Ամռան ամիսներին էլ պատուհաս դարձավ սակավաջրությունը, ինչի հետևանքով գյուղացիական տնտեսությունները լուրջ վնասներ են կրել:
«Մեր ժողովուրդը, լինելով շատ աշխատասեր, նյութական բարիք ստեղծող, մենք կարողացանք այս բարդ տարուց պատվով դուրս գալ»,- ասաց Աշոտ Ղահրամանյանը:
Ոռոգման ջրի պակասը պատճառաբանվեց Ախուրյանի թերի լցված ջրանցքով: Շուրջ 90 մլն խորանարդ մետր պակաս ջուր էր կուտակվել: Իսկ Սևանա լճից բաց թողնված ջրից օգտվում է մարզի Էջմիածնի նախկին տարածաշրջանի գյուղերի մի մասը:
Մարզում գործող երկու ՋՕԸ-երի կողմից 24 համայնքում վերագործարկվել է նախկինում չգործող 42 խորքային հոր, 18 համայնքում էլ խմելու ջրի համար նախատեսված 35 խորքային հոր օգտագործվել է ոռոգման նպատակով: Չնայած իրականացված մեծածավալ աշխատանքներին` ոռոգման ջրի մատակարարման բնագավառում լարվածությունը պահպանվել է:
Թեև առաջացած դժվարություններին, մարզպետը թվերով փաստեց, որ լուրջ ձեռքբերումներ ունեն: Հաշվետու տարում մարզում գյուղատնտեսությամբ զբաղվել է 48 հազար գյուղացիական և ֆերմերային տնտեսություն: Իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ և արտադրությամբ զբաղվել է 34 կազմակերպություն:
2017թ. ցանքատարածությունները մարզում կազմել են 35 հազար 912 հա, ինչը 144 հեկտարով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
Տարվա ընթացքում մարզի գյուղացիական տնտեսություններից 13 մթերող կազմակերպությունների կողմից մթերվել է 3,903 տոննա պտուղ, 6473 տոննա բանջարեղեն և 44 304 տոննա խաղող:
Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Արմավիրի մարզպետը նշեց, որ 2017-2018թթ. ուսումնական տարում մարզում աշակերտների թիվը կազմել է 35,632: Նախորդ տարվա համեմատությամբ աշակերտների ընդհանուր թիվն աճել է 1583-ով, որից մարզային ենթակայության դպրոցներում` 1140-ով:
Այս ուսումնական տարում առաջին դասարան է հաճախել 3824 աշակերտ, որից 3674-ը՝ մարզային ենթակայության դպրոցներում: Առաջին դասարանցիների թիվն աճել է 150-ով:
Աշոտ Ղահրամանյանը, անդրադառնալով մարզի աղքատության ցուցանիշներին, թվեր չհրապարակեց, սակայն նշեց, որ աղքատությունը նվազել է:
«Ճիշտ է՝ մարդիկ պակասել են, բայց առևտրաշրջանառությունն ավելացել է: Ինչ խոսք, սա մեզ ձեռք չի տալիս: Պետք է յուրաքանչյուր հայ մարդ կարողանա իր աշխատանքով իր ընտանիքի նվազագույն պահանջները բավարարել: Երկրի նախագահի և վարչապետի կողմից մեր առջև դրված թիվ 1 խնդիրը դա է եղել: Առաջին հերթին պետք է նոր աշխատատեղեր ստեղծվեն, և լինեն ներդրումային ծրագրեր»,- հավելեց Արմավիրի մարզպետը:
Նրա տեղեկացմամբ՝ երեկ հանձնարարական են ստացել, որ մինչև հունվարի վերջ կառավարություն ներկայացնեն համայնքային և սեփականաշնորհված այն գործարանների ցանկը, որոնք չեն աշխատում: Համայնքային սեփականություն համարվող գործարանները պետք է առաջարկվեն մարդկանց, ովքեր ի վիճակի են ներդրումներ կատարել. ստեղծել աշխատատեղեր: Պատրաստ են շենք-շինություններն անհատույց տրամադրել գործարարներին:
Իսկ այն գործարարները, ովքեր տարածքները սեփականաշնորհել են և չեն աշխատացնում, որոշում է կայացվել գույքահարկը բարձրացնել:
Աշոտ Ղահրամանյանն ասաց, որ չաշխատող գործարաններ մարզում շատ կան: Նա բերեց քարից մանրաթել ստանալու համար կառուցված Դալարիկ համայնքի մոտ գտնվող գործարանի օրինակը: Ըստ մարզպետի՝ գործարանը կառուցվել է Խորհրդային միության փլուզումից կարճ ժամանակ անց և այդպես էլ չի աշխատել: Գործարանն ունի երկու սեփականատեր: Վերջիններիս առաջարկվել է համագործակցել ներդրողների հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել, և ներդրողները հեռացել են:
Այդ գործարանն այդպես էլ մնաց է և տարիների ընթացքում դարձել անպիտան:
Մեկնաբանել