
Դատապարտյալների ներման խնդրագրի համար նախագահին կդիմի վարչապետը
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց «Ներման մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություն կատարելու հարցը։
«Սահմանադրությունը նախատեսում է, որ հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով ու դեպքերում լուծում է դատապարտյալներին ներում շնորհելու հարցը, սակայն հարցը ինքնին բարդ է ու պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ։ Մենք նախատեսում ենք, որ ներումը ենթադրում է ինչպես հիմնական, այնպես էլ մասնակի լրացուցիչ պատժից ազատում, պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով»,- ասաց նախարարը։
Հարությունյանի խոսքով՝ փոփոխությամբ կարգավորվում են նաև այն իրավահարաբերությունները, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով։
«Մենք ընդլայնում ենք կազմը, համարում ենք, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրերով, ինչ պահանջներ պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի։ Ընդհանուր գաղափարը հետևյալն է, որ ներման խնդրագրի համար նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական ակտեր, ըստ որի՝ նախագահը կարող է ստորագրել իրեն ներկայացված նախագիծը կամ առարկություններով հետ վերադարձնել»,- ասաց Հարությունյանը։
Հիշեցնենք, որ գործող օրենքով ներման խնդրագրով դիմում են հենց նախագահին։ Ներման խնդրագրերը քննարկելու կարգի մասին կարող եք կարդալ այստեղ։
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ հստակեցվելու է նաև այն հարցը, թե երբ կարող է նորից դիմել այն դատապարտյալը, որը ներման խնդրագրով դիմել է նախագահին ու մերժվել։
Մեկնաբանել