HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծնողի համար՝ հանդես, երեխայի համար՝ սթրես

Մարինե Սահակյան

Տոմա Անանյանի 4 տարեկան որդին մեկ ու կես տարի է` հաճախում է վալդորֆյան մանկավարժությունը նախընտրած «Մարիա» ընտանեկան ակումբ: Այստեղ երեխաները իրենք չեն պատրաստվում հանդեսների, ներկայացումների, այլ դաստիարակներն են բեմադրություններ կազմակերպում նրանց համար: Վերջերս էլ ամանօրյա տոների հետ կապված ներկայացվել էր շվեդ գրող Գունխիլդ Զեխլինի «Մարիայի փոքրիկ ավանակը» հեքիաթը, որի ավարտից հետո դաստիարակաների հետ երեխաները երգել էին Նոր տարվան նվիրված երգեր: Հաճախ նման միջոցառումներին ներկա են լինում նաև ծնողները, բայց ոչ հանդիսատեսի դերում. նրանք ևս մասնակցում են, երգում են, պարում երեխաների հետ:

Տոմայի խոսքերով՝ ցանկացած դասական հանդես ենթադրում է անգիր արված ու հիմնականում երեխայի կողմից իմաստը չհասկացված երկարաշունչ բանաստեղծությունների շարք: «Հանդեսին նախապատրաստվելու ժամանակը հաստատ կարելի է ավելի հետաքրքիր ու օգտակար զբաղմունքի վրա ծախսել: Որոշ երեխաների համար կերպարներով հանդես գալը գուցե հետաքրքիր լինի, մեդալի մյուս կողմն այն է, որ մի երեխայի համար խիստ բաղձալի կերպարը, օրինակ՝ աղջիկների դեպքում Ձյունանուշի կամ արքայադստեր, կարող է այլ երեխայի տրվել: Ու առաջինի մոտ դրա հետևանքով կարող են բարդույթներ զարգանալ»,- ասում է Տոման:

Որդու համար մանկապարտեզ ընտրելիս կարևորել է, որ երեխային ազատություն տրվի, անհատականությունը չկոտրվի, հոգեբանական և ֆիզիկական բռնությունների չենթարկվի, չլինի հեռուստացույց, որի առաջ կնստեցնեն նրան: Ըստ նրա՝ մանկության անհոգ ժամերը չպետք է մատնել դասերի ու ակադեմիական գիտելիքներ ստանալու վրա, փոխարենը արվեստի ու արհեստների միջոցով աշխարհը բացահայտել՝ մոմամատիտներով, ջրաներկով նկարել, կավով և իրենց ձեռքով պատրաստած պլաստիլինով տարբեր կերպարներ ստանալ:

«Մարիա» ընտանեկան ակումբի դաստիարակ Անժելա Մանուկյանն ասում է, որ ներկայացումները բեմադրելիս աշխատում են խորիմաստ, կրոնական, հոգևոր թեմաներ չմտցնել, այլ, հեքիաթը պատմելով, փոխանցել սեր, զգացմունքներ, որն էլ, ըստ նրա, անհրաժեշտ է երեխաներին: «Իսկ այդ հանդես կոչեցյալը երեխայի համար չի, այլ մեծերի էգոն բավարարելու համար է»,- ասում է նա:

Անահիտ Գևորգյանն ունի երկու որդի, ովքեր հաճախել են պետական մանկապարտեզ: Կրտսեր որդին այժմ սովորում է հանրակրթական դպրոցի 2-րդ դասարանում: Անահիտի կարծիքով՝ մանկապարտեզներում կազմակերպվող հանդեսները, որոնք պետք է տոն դառնան երեխաների համար, անհրաժեշտ են: «Ես նորմալ եմ վերաբերվում, որ մի քանի երեխա կարող են աչքի ընկնել, բայց կողմ չեմ, որ ամբողջ հանդեսը այդ երկու-երեք երեխան անցկացնեն: Բայց լինում են դեպքեր, երբ դաստիարակը կենտրոնանում է միայն երկուսի վրա. թե մյուսները ինչ կզգան, հաշվի չի առնում: Ես այդ խնդրին չեմ բախվել, բայց ամեն դեպքում լսել եմ»,- ասում է նա: Անահիտի երեխաները հանդեսներից միշտ ոգևորված են եղել, թեև մի փոքր հուզված, ինչը, ըստ նրա, բնական է, բայց չի եղել, որ չարտասանեն կամ որևէ կերպար մարմնավորելուց դժգոհեն:

Արմինե Եղիազարյանի 2,6 տարեկան աղջիկը 2 տարի առաջ հաճախել է Երևանի Դավթաշեն համայնքի թիվ 60 մանկապարտեզը: Մեկ շաբաթ այցելելուց հետո երեխան հրաժարվել է հաճախումներից: Մեկ տարվա փորձերը` երեխայի մոտ մանկապարտեզի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, անհաջողությամբ են ավարտվել:

«Դայակը ակտիվ լինելու համար հարվածել էր տուտուզին: Սկզբում ժխտում էին, որ նման բան է եղել, հետո դաստիարակը ասաց` երևի դայակն է հարվածել անկողնու վրա թռնելու համար»,- ասում է Արմինեն: Եվս մեկ տարի է պահանջվել, որպեսզի երեխան կրկին մանկապարտեզ հաճախելու ցանկություն հայտնի: Այս անգամ ծնողները իրենց երեխայի համար ընտրել են Մխիթար Սեբաստացի նախակրթարանը, որտեղ երեխան հեշտությամբ հարմարվել է: Արմինեն հիշում է՝ երբ փնտրում էին մանկապարտեզ, պատահաբար մտել են պետական մանկապարտեզներից մեկը, որտեղ սենյակներից լսվում էին գոռգոռոցներ՝ «սու'ս մնացեք, նստե'ք, չշարժվեք»:

«Հենց հասաք տնօրենի սենյակի մոտ և տեսանք Սերժ Սարգսյանի նկարը, հասկացանք, որ սա մեր փնտրածը չէ: Իսկ ներկայիս մանկապարտեզում ստիպել նստել, պատի տակ շարված լինել, ջուրը ժամով խմել չկա: Չկան անգիր արած բանաստեղծություններ, որ պիտի բեմում արտասանեն: Այստեղ սովորում են, բայց ոչ պարտադրողական»,- ասում է Արմինեն:

Նրա խոսքերով՝ այստեղ ևս չկան հանդեսներ, նշվում են ծեսեր, օրինակ` հարիսայի, պասուց տոլմայի ծես, որի ժամանակ երեխաները, ծնողների և դաստիարակի հետ պատրաստում են այս կերակրատեսակները: Մոտ օրերս էլ նշելու են Ամանորի ծեսը՝ ծնողներով, երեխաներով հավաքվելու են՝ շրջան կազմած երգեն, պարեն, խաղեր խաղան, տարեհաց թխեն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի կարծիքով՝ դաստիարականներն ու դայակները ծանր աշխատանք են կատարում, որի վարձատրությունը 65-70 հազար դրամ է: Ըստ նրա՝ այսօրվա պայմաններում անձնվեր ջանքերի համեմատ սա անհամարժեք վարձատրություն է:

«Բայց խնդիրները, որոնք կան, գալիս են մեթոդական մոտեցումներից: Հիմնականն այն է, որ միջոցառումներն արվում են ոչ թե երեխային հաճույք պատճառելու համար, այլ  հյուրերին, ինչ-որ մեկին հաճոյանալու համար: Երկրորդը այն է, որ պետք է վերամբարձ տեքստեր արտասանվեն, շնորհակալություն ասվի այս համայնքի ղեկավարին, այն պաշտոնյային և այլն»,- ասում է Վահրամ Սողոմոնյանը: Նա համոզված է, որ պետք է միանշանակ նման մոտեցումը բացառել և երեխաներին «կտտանքների» չենթարկել:

Վահրամն ուսումնասիրել է նախադպրոցական կրթական հաստատություններում միջոցառումների համար տրվող տեքստերը, որոնք պարունակում են ռազմահայրենասիրական պաթոս, կրոնական աղոթքներ, կրոնական տոների նկարագրություններ, քաղաքական և երկրագիտական տեքստեր, սահմանադրությունից հատվածներ: Ըստ նրա՝ ամեն տարիք ունի իր ընկալունակությունը, և 4-5 տարեկան երեխան չպետք է մեխանիկորեն անգիր անի բարդ տեքստեր:

Վահրամ Սողոմոնյանն անձամբ ականատես է եղել, թե Հայաստանի մարզերից մեկի մանկատանը ինչպես են նախադպրոցական տարիքի տղաները զինվորական համազգեստով շարային քայլում և ռազմահայրենասիրական երգ երգում:

«Բովանդակությունը մոտավորապես այսպիսին է՝ թշնամուն ջարդելու, զինվոր դառնալու, զոհվելու և հերոսանալու մասին երգ է, հետո գալիս են աղջիկները, ովքեր ասում են՝ մենք էլ անօգուտ չենք այդ գործում, մենք էլ կարող ենք մայր դառնալ, զինվոր ծնել, ով կարող է զոհվել հայրենիքի համար, և ամեն ինչը այնպես պաթոսով: Երեխան, լսելով ատելության պրոպագանդան, տրավմայի է ենթարկվում»,-ասում է նա:

«Զարգացում» հոգեբանական համալիրի տնօրեն հոգեբան էլոննա Ավետյանը կարծում է, որ հանդեսները կարող են երեխային սթրեսի ենթարկել, քանի որ նման միջոցառումները պարտադրողական բնույթ են կրում և հաճախ՝ ոչ գրագետ նախապատրաստվում: Ըստ հոգեբանի՝ երեխան կարող է ունենալ սթրեսներ՝ մեծածավալ ինֆորմացիա սերտելու հետևանքով:

«Ծնողների մեծ մասը հակված է նրան, որ 3 տարեկանից երեխան պետք է շատ բան իմանա: Ամեն երեխա յուրովի է, և չպետք է լսի «մենք հիմա դաս ենք անում» արտահայտությունը, որը դեռ կհասցնի լսել դպրոցում»,- ասում է Էլոննա Ավետյանը:

Հոգեբանի պրակտիկայում եղել են դեպքեր, երբ առաջին դասարանի երեխային հետաքրքիր չի եղել դպրոցում սովորելը մեծ ծավալի ինֆորմացիայի պատճառով. երեխայի աչքերի մեջ եղել է տագնապ, ամբողջ մարմինը՝ կծկված ու լարված: «Նախադպրոցական տարիքի երեխան չպետք է զգոն նստած լինի սեղանի շուրջ նստակյաց աշխատանք անի: Առավելագույնը 10 րոպե է, որից հետո պետք է վազի, խաղա, ակտիվ ֆիզիկական վարժություններ կատարի, և չի կարելի ստիպել երեխային: Ինձ մոտ գալիս են 20-30 անց կանայք և տղամարդիկ, ովքեր ունեն հոգետրավմաներ՝ եկած դեռ պարտեզներից»,- նշում է Էլոննա Ավետյանը և ավելացնում, որ իր օգնությանը դիմողների մեջ մեծ տոկոս են կազմում 3 տարեկանները: Նա հիշեցնում է ծնողներին, որ 3 տարեկանը ճգնաժամային տարիք է, երբ երեխայի «ես»-ն է հաստատվում, իսկ երբ այն պարտեզում կամ տանը ճնշվում է ոչ գրագետ մոտեցման պատճառով, երեխան կարող է ունենալ հոգեբանական խնդիրներ՝ ընդհուպ մինչև կակազություն, գիշերամիզություն և այլն:

Անժելա Մանուկյանի խոսքերով՝ երբ երեխային պատմում են հեքիաթը և թողնում ազատ խաղալ, կուտակված ինֆորմացիան խաղի միջոցով երևում է: Նա նշում է, որ այս տարիքում երեխան ամեն ինչ սովորում է կրկնօրինակելով:

«Մանկապարտեզահասակ երեխան դեռ հավաքում է ինֆորմացիան, իսկ երբ դու իրենից պահանջում ես շատ բան ասել, իմանալ, պատասխանել, ապա այն բոլոր ուժերը, որոնք անհրաժեշտ են մեծանալու, զարգանալու աճի համար, պետք է ծախսի նման բաների վրա: Պետք է փորձենք երեխային պահել մանկության մեջ, առանց այդ էլ այն գնալով կրճատվում է»,- ասում է Անժելա Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter