HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ամբաստանյալի աթոռին նստած էր լրագրողը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում քննվող քրեական գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին նստած էր լրագրող Էլինա Խաչատուրովան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ լրագրողը, համագործակցելով «Մենք ու մենք» հասարակական քաղաքական, մշակութային, անկախ պարբերականի հետ, 2011թ. հուլիսի 9-ին զանգահարել է Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետ Լևոն Գրիգորյանին, նրանք հարցազրույց անելու նպատակով պայմանավորվել են, և լրագրողը գնացել է նրա աշխատավայր:

Էլինայի հարցազրույցի թեման եղել է այն, որ իբր համայնքապետը համայնքի հողատարածքներից աճուրդային կարգով վաճառել է ՀՀ կառավարության անդամներին, իր իսկ նշանակած մարդկանց, իսկ շարքային գյուղացիներին չի թույլատրել աճուրդային կարգով գնել հողատարածքներ:

Մեղադրական եզրակացության մեջ գրված է նաև, որ հայցազրույցից հետո Էլինա Խաչատուրովան շրջել է գյուղի տարածքով, ուսումնասիրել աճուրդային կարգով վաճառված հողատարածքները, ծանոթացել մանկապարտեզի գործունեության պայմաններին: Հետո Լևոն Գրիգորյանն իր անձնական ավտոմեքենայով նրան ուղեկցել է Երևան՝ մամուլի շենքի մոտ, որտեղ էլ ավտոմեքենայի մեջ լրագրողը համայնքապետից պահանջել է գումար՝ դրական նյութեր հրապարակելու համար:

Լևոն Գրիգորյանն առաջարկել է 30.000 դրամ և հարցրել՝ գումարը կանխի՞կ պետք է տրվի, թե՞ բանկային փոխանցումով, որին Էլինա Խաչատուրովան հայտնել է, որ գումարը պետք է կանխիկ տրվի և հավելել է, որ առաջարկված գումարը շատ քիչ է:

Լևոն Գրիգորյանի առաջարկով պայմանավորվել են առաջիկա օրերին հանդիպել, որից հետո Էլինա Խաչատուրովան պարբերաբար զանգահարել է վերջինիս՝ գումարը ստանալու համար: Սակայն հեռախոսազրույցներից մեկի ժամանակ Լևոն Գրիգորյանը հայտնել է, որ գումարը կարող է փոխանցել միայն բանկային համակարգով, որից հետո Էլինա Խաչատուրովան զայրացած սպառնացել է, որ համայնքապետի գործունեության վերաբերյալ արատավորող տեղեկություններ կհրապարակի «Մենք ու մենք» պարբերականում:

Լևոն Գրիգորյանը, լսելով իրեն ուղղված սպառնալիքները, ՀՀ ԱԱԾ գրավոր հաղորդում է ներկայացրել վերոգրյալի վերաբերյալ: Հետո՝ 2011թ.հուլիսի 29-ին, իր աշխատասենյակում Էլինա Խաչատուրովան պահանջել է 50.000 ՀՀ դրամ և գումարը ստանալուց հետո բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Էլինա Խաչատուրովային առաջադրվել է մեղադրանք՝ՀՀ քր.օրի 182 հոդվածի 1-ին մասով (Շորթում): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննության ընթացքում Էլինան չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն այսօր դատարանում ամբողջությամբ ընդունեց: Նիստը նախագահող դատավոր Հրաչիկ Սարգսյանի այն հարցին, թե ինչու դատարանում ընդունեց մեղադրանքը, Էլինան պատասխանեց, որ նախաքննության ընթացքում զայրացած է եղել ինքն իր վրա, այդ իսկ պատճառով չի ընդունել, սակայն հետագայում զղջացել է իր կատարածի համար:

Ուշագրավ էր նաև այն, որ Էլինան դատարան էր ներկայացել առանց պաշտպանի: Սկզբում պատճառաբանեց, թե ֆինանսական վիճակից ելնելով՝ պաշտպան չունի: Երբ դատավորն ասաց, որ անվճար կարող է պաշտպան տրամադրել, Էլինան ասաց, թե պաշտպան չի ցանկանում ունենալ: Րոպեներ անց Էլինային ներկայացվեց, որ առանց պաշտպանի մասնակցության՝ գործը չի կարող քննվել արագացված ընթացակարգով, և Էլինա Խաչատուրովան ասաց, որ ցանկանում է պաշտպան ունենալ:

Նիստն ընդմիջվեց 10 րոպեով: 3 րոպեի ընթացքում դատական կարգադրիչները դահլիճ հրավիրեցին փաստաբան Թամարա Մալխասյանին: Հենց դահլիճում Էլինան ու փաստաբանը կնքեցին պայմանագիր, փաստաբանն այդ ընթացքում հասցրեց արագացված կարգով գործը քննելու մասին միջնորդություն գրել, որը դատարանը հետագայում բավարարեց: Փաստաբանը հայտարարեց, թե ծանոթացել է գործի նյութերին, և իրեն ժամանակ պետք չէ:

Մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում գտնվող գործերով դատախազ Գրիգոր Տիգրանյանը: Նա հայտարարեց, թե մեղադրական ճառին պատրաստ չէ, և ողջամիտ ժամանակ խնդրեց: Նիստը հետաձգվեց մինչև հունվարի 23-ը:

Մեկնաբանություններ (2)

gevor
AY SOSIK NAX LEVON@ ANMEXA VORVHETEV TESNUM ES TE OVA MEXAVORI ATORIN, ISK INCH VERABERVUMA QO XORURD TALUN NAX KARACHARKEI KARDAIR ET HOTVAC@ SKZBIC MINCHEV VERJ NOR MEKNABANERI, ISK HOGIN CAXOX@ AMEN TEXEL KCAXI DU KARAS MIYAN QEZ XORURG TAS ISK LEVONIN HASTAT ANMEXA DU MI KASKACI,
RITA
tikin elina anunt poqratarov em grum vorovhetev nman mes u bari mardy mot dyu yndameny vochchutyun es kstanas qo arjani patijy tox das lini mnacac vay lragroxneri hamar anmex texy LOVAI nman mardu anuny el erbeq chtaq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter