HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Սաթիկ Սեյրանյանը կղեկավարի Ժուռնալիստների միությունը

Այսօր Գրողների միության դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը՝ առաջինը վերջին 15 տարիների ընթացքում:

Միության 40 տարվա ղեկավար Աստղիկ Գեւորգյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ հրաժարական է տալու, եւ պետք է ընտրվի միության նոր նախագահ: «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն իր հերթին հայտարարել էր առաջադրվելու իր մտադրության մասին:

Աստղիկ Գեւորգյանը, սակայն, իրեն անտեղյակ մարդու պես էր պահում: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հնարավոր թեկնածուների եւ հատկապես Սաթիկ Սեյրանյանի վերաբերյալ հարցին, ասաց. «Չգիտեմ, թե ով է հիմնական թեկնածուն, հենց նոր մեկն էլ դռների մոտ ինձ ասաց, որ ցանկություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու: Համագումարն ում ընտրի, նրան էլ կշնորհավորեմ: Ինձ հատկապես հարմար չէ միջամտել, հետաքրքրվել, կարծիք հայտնել: Ես գնում եմ վաստակած հանգստի»:

Նա համագումարի ընթացքում հանդես եկավ փոքրիկ հաշվետվությամբ, ասելով, որ հեռանում է` «գզվռտոցներից զերծ մնացած կոլեկտիվ ստեղծած»: Նա չմոռացավ վստահեցնել, որ ամեն ինչ թողնում է, ինչպես որ ժառանգել է՝ «Իջեւանի գորգերն ու ռումինական կահույքն իրենց տեղում են»: Շրջանցեց միության տարածքների վարձակալության հարցը: Ինչպես հայտնի է, Ժուռնալիստների միության տարածքները վարձակալության են տրված բազմաթիվ մասնավոր ընկերությունների, ու մինչ օրս դրանց վերաբերյալ որեւէ հաշվետվություն, պարզաբանումներ Աստղիկ Գեւորգյանը չի ներկայացրել:

Ժուռնալիստների միության անդամ Լավրենտի Միրզոյանը ձայն խնդրելով՝ հայտարարեց, որ նախ՝ համագումարն օրենքից դուրս է, որովհետեւ չի պահպանվել դրա անցկացման կարգը, եւ երկրորդ՝ որեւէ մեկը պետք է պատասխան տա՞ միության տարածքների կորստի համար: «Ինչու՞ ենք մենք հիմա ստիպված տարածք մուրում Գրողների միությունից, եթե մենք ժամանակին ունեինք 3 դահլիճ: Ես հեռանում եմ դահլիճից, որովհետև համագումարը տեղի է ունենում երկկողմանի խախտումներով: Ես ինձ հարգող մարդ եմ, իմ սկզբունքները ոտնահարված են, և ես հեռանում եմ դահլիճից»,- հայտարարեց Լավրենտի Միրզոյանն ու դուրս եկավ:


Լավրենտի Միրզոյանը

Միության անդամ Հակոբ Մարտունին ոտքի կանգնեց ու հայտարարեց, որ Աստղիկ Գևորգյանը դեռեւս Գարբաչովի օրերից թաղել է միությունը: «Խոսում եք Հայաստանի ժուռնալիստների միության մասին, ականջները էլ մի երկարացրեք: Այն արդեն 40 տարի հանգուցյալ է, հողի տակ է, փտած է, չկա: Նոր միություն պետք է ստեղծվի, արտաշիրիմումը չի փրկի: Եթե կա մեկը, ով լավ լրագրող է, կազմակերպչական ջիղ ունի, ընտրենք»,- ասաց Մարտունին:

Ով քննադատությամբ էր հանդես գալիս, Աստղիկ Գեւորգյանը հիշեցնում էր, որ այդ մարդը այսքան ժամանակ միության անդամավճարը չի մուծել:  

Դահլիճում աղմուկը շատ էր, պատվիրակներն իրար չէին լսում: Իրադրությունը փորձեց շտկել պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ առաջարկելով շատ արագ կարգով ընտրել միության նոր նախագահ, քանի որ դահլիճը կարճ ժամանակով են վերցրել:

Համագումարի նախագահությունը ժամանակավորապես ստանձնած Նաղաշ Մարտիրոսյանը՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը, հայտարարեց թեկնածուների առաջադրման փուլի մասին: Մարգարիտ Եսայանն առաջարկեց Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը՝ նշելով, որ նա իր ընկերն է:

Հանրային հեռուստաընկերության լրագրող Հարություն Ծատրյանը հանդես եկավ ինքնառաջադրմամբ` պարզաբանելով, սակայն, թե ինչու է գնում այդ քայլին: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, ըստ միության կանոնակարգի, նախագահի թեկնածու չի կարող լինել մի մարդ, ով գոնե հինգ տարի միության անդամ չէ:


Հարություն Ծատրյանը

«Երբեւէ չեմ փորձել ղեկավարել մի կառույց, որի անդամներին չեմ ճանաչում: Ես 2014 թվականից միության անդամ եմ, եւ ըստ կանոնակարգի իրավունք չունեմ առաջադրվելու: Սաթիկ Սեյրանյանը մեկ տարվա անդամատոմս ունի, եւ կարո՞ղ է լինել միության նախագահ: Ինձ, ինչպես նաեւ որեւէ մեկին, պատշաճ չի ծանուցվել այս համագումարի մասին, քվեարկության կարգ գոյություն չունի, պատվիրակները մանդատներ չեն ստացել: Եթե ամեն ինչ այսպես բարձիթողի է, ուրեմն ես էլ ինքնառաջադրվում եմ»,-ասաց Հարություն Ծատրյանը: Թեկնածուն նաեւ նշեց, որ այն, ինչ կատարվում է համագումարում, այդ թվում՝ ընտրությունն ու քվեարկությունը, օրինական չէ, իսկ միության կանոնադրությունը չի համապատասխանում «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքին:

Երկու թեկնածուները ներկայացրին միության գործունեության իրենց տեսլականը: 57 անձ քվեարկեց Սեյրանյանի օգտին, նա կղեկավարի միությունը: Սեյրանյանը բոլոր գործող լրագրողներին կոչ արեց լրացնել միության կազմը եւ համատեղ ուժերով պայքարել լրատվամիջոցների խնդիրների համար, բարեփոխումներ իրականացնել միությունում:

Քվեարկությունից հետո համագումարի մասնակիցների մոտ կեսը շտապեց լքել դահլիճը: Ովքեր որ մնացել էին՝ ոտքի վրա, հապշտապ քվեարկեցին նոր վարչության կազմի համար, որ առաջադրեց Սաթիկ Սեյրանյանը: 

գլխավոր լուսանկարում՝ Սաթիկ Սեյրանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter