HY RU EN

Երանուհի Սողոյան

Հայկավանում 2018թ.-ին կհիմնվեն ազնվամորու այգիներ

Ազնվամորու մշակման եռամյա ծրագրի մասին խոսակցությունները Շիրակի մարզի Հայկավան գյուղում սկսվել էին երկու տարի առաջ: «Կանաչ արահետ» եւ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շրջելով մարզի տարբեր համայնքներում, ի վերջո ընտրել էին Հայկավանը՝ հաշվի առնելով բնակլիմայական պայամանները, հողային ռեսուրսը, Գյումրիից ոչ շատ հեռու լինելը, մարդկանց եւ տեղական իշխանությունների պատրաստակամությունը:

Դեկտեմբերի 25-ին, հայկավանցիներին՝ «աչքալույսի» կարգով, տեղեկացվեց հաջորդ տարվա փետրվարից մեկնարկող ծրագրի մասին: Ծրագիրը ֆինանսավորելու է Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը: «Փոքր ֆերմերային տնտեսությունների կենսապայմանների բարելավում՝ կարողությունների զարգացման եւ կայուն տնտեսական կառույցների ստեղծման միջոցով» ծրագիրն համատեղ իրականացնելու են գերմանական «Հույսի նշույլ» կազմակերպությունը եւ հայկական «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպությունը: Ծրագիրը, որն առավել համառոտ կոչվում է Գրին հոփ (կանաչ հույս), տեւելու է 3 տարի, ներգրավված է լինելու 144 շահառու, արժեքը կազմելու է 403,229 եվրո:


Նունե Սարուխանյանը

«Ծրագրի հիմնական նպատակը աղքատության կրճատումն է Հայկավանում,-պարզաբանեց «Կանաչ արահետ» հկ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը,-եռամյա ծրագիրն իրականացվելու է մի քանի փուլերով եւ ձեւավորվելու ենք մի քանի խմբեր: Առաջին խումբը սոցիալապես անապահով, «Փարոս» համակարգում ընդգրկված նպաստառու ընտանիքներն են լինելու: Մենք ընտրել էինք 31-ին, սակայն վերջնարդյունքում մնացին 19-ը, որոնք հստակ ցանկություն հայտնեցին ընդգրկված լինել ծրագրում»:

Սոցիալապես անապահով ընտանիքների համար ազվամորու այգիները հիմնելու են նրանց պատկանող տնամերձերում կամ սեփականություն հանդիսացող այլ հողատարածքներում: Այս ընտանիքները պարտավոր են հետագայում տնկիներ նվիրել համագյուղացիներին, ովքեր կցանկանան բարձրարժեք կուլտուրաների մշակությամբ զբաղվել: Նորաստեղծ այգիների համար նախատեսվում է կիրառել հակակարկտային ցանցեր: Հայկավանցիները սովորելու են ազնվամորին մշակել շպալային եղանակով, ինչպես ընդունված է դա անել խաղողի այգիներում:

Հայկավանի գյուղապետարանում կայացած հանդիպման ժամանակ «Կանաչ արահետ» հկ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը, ներկայացնելով ծրագիրը, նպատակներն ու ակնկալվող արդյունքները, նկատեց, որ եթե ամեն ինչ հարթ ընթանա, ու մարդիկ էլ պատրաստակամություն ցուցաբերեն, ապա գյուղի գրեթե 40 տոկոսն ընդգրկված կլինի ստեղծվելիք 3 խմբերում:

«Երկրորդ խումբը, որ ստեղծելու ենք, կոչվելու է կայուն գյուղատնտեսության զարգացմանն ուղղված խումբ,-նկատեց Նունե Սարուխանյան,-մարդիկ, ովքեր կընդգրկվեն այս խմբում, կարող են զբաղվել ասենք՝ բրոկոլիի, ծնեբեկի եւ այլ բարձրարժեք մշակաբույսերի աճեցմամբ: Երրորդ խմբում, մեզ մոտ լինելու են նրանք, ովքեր տնկիներ են ստանալու առաջին խմբից: Ծրագրում ընդգրկված հայկավանցիների հետ աշխատելու են մասնագետ գյուղատնտեսներ, մարկետոլոգներ, քանի որ հատապտուղի մշակումից, բերքի ստացումից մինչեւ փաթեթավորում ու դեպի շուկա ուղին իրենք են անցնելու մեր օգնությամբ»:

18 հազար եվրոյի սահմաններում նախատեսված է գնել տրակտոր ազնվամորու այգիները մշակելու համար: Տնկիների շարքերում առաջացած ազատ տարածքները եւս մշակվելու են: Հողը բնականորեն հարստացնելու նպատակով առավել նպատակահարմար է ցանել լոբի, ոլոռ եւ ստացված բերքը կրկին հանել վաճառքի: «Այսինքն՝ ազնվամորու այս ծրագրով մենք մի քանի այլ մշակաբույսերի աճեցման ու տարածմանն էլ ենք նպաստում: Որովհետեւ մարդիկ սովոր են ասել՝ մեր հողերում էս չի աճի, մեր հողերում էն մի բանը չի աճի, մենք դարերով էս ենք ցանել եւ այլն: Ուզում ենք փոխել նաեւ այդ մտածելակերպը»,-շեշտեց Նունե Սարուխանյանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ավանդաբար նույն կուլտուրաների մշակմամբ զբաղվողներ: Նրանցից Նորիկ Աճեմյանը համոզված է, որ իրենց տարածքներում գարի, ցորեն, կաղամբ եւ կարտոֆիլ մշակելուց զատ, այլ բան դժվար թե հնարավոր լինի աճեցնել ու բարձր բերք ստանալ: Վերջինս առաջարկեց ծրագրի ղեկավարներին գումարը ներդնել անասնապահության զարգացման մեջ: «Բիոսոֆիա» հկ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը ներկաներին հիշեցրեց, որ այդ նույն ավանդական մշակաբույսերի կողքին հայկավանցին մեծ հաջողությամբ ծաղկակաղամբ է մշակում՝ այլ հարց է իրացումը, որտեղ գյուղացին մեծ մասամբ ձախողում է:

«Ես վստահ եմ, որ եթե դուք մեկ տեղ տեսնենք ազվամորու մշակումը, կիրառեք նոր տեխնոլոգիաներ, որոնք երբեք չեք կիրառել, տեսնեք, որ մարդիկ չեն ունենալու իրացման խնդիր, որ Հայկավանի բրենդային արտադրանքը ձեր կոոպերատիվին պատկանող մեքենայով հասնելու է շուկա ու սուպերմարկետներ, կարծում եմ այդ ժամանակ ձեր կարծիքը կփոխեք, որովհետեւ իրականում կան ձեւավորված կարծրատիպեր, որոնք հնարավոր է կոտրել, փոխել միայն լավ օրինակով»,-նկատեց Գեւորգ Պետրոսյանը:

Նունե Սարուխանյանն էլ իր հերթին հայտնեց, որ ծրագիրը հաջողելու դեպքում Հայկավանում կկառուցվի վերամշակման գործարան: Իսկ մինչ այդ, ծրագրի շրջանակներում, գյուղի կենտրոնում գտնվող կիսակառույցը կվերակառուցվի ու կծառայի որպես արտադրանքի պահեստավորման, փաթեթավորման, ինչպես նաեւ խմբերի հանդիպման վայր: Ծրագրի շրջանակում նախատեսվում է 3-րդ տարում ստեղծել կոոպերատիվ: