HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր արտիստների շարքում է

Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դասական երաժշտության համաշխարհային հռչակ վայելող Իզրոթել միջազգային փառատոնի գլխավոր դիրիժորների և արտիստների շարքում է, որը տեղի է ունենալու 2018 թվականի հունվարի 3-6, Իսրայելի Էյլաթ քաղաքում:

«Մեծ պատիվ է մասնակցել դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնին հատկապես, որ տոնում ենք փառատոնի հիմնադրման 20-ամյակը»,-ասում է Օրբելյանը:

Դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնը, որը հայտնի է նաև որպես  Իզրոթել կլասիկամերի փառատոն, հիմնադրվել է Էյլաթի Իզրոթել հյուրանոցների ցանցի կողմից և տեղի է ունենալու Ռաանանայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությամբ, մաեստրո Օմեր Մ. Ուելբերի ղեկավարությամբ: Փառատոնի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ ծրագրում ընդգրկվելու են բազմաժանր ստեղծագործություններ, որտեղ մեկտեղվելու են սիրված դասական գլուխգործոցները և ժամանակակից նոր երաժշտությունը: Փառատոնը հյուրընկալելու է  հայտնի մենակատարների, անսամբլների և դիրիժորների Իտալիայից, Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Շվեյցարիայից:

Ներկայացնելով Հայաստանը՝ մաեստրո Օրբելյանը փառատոնին մասնակցելու է Երևանի օպերային թատրոնի մի շարք մենակատարների հետ, այդ թվում՝ Սյուզաննա Մելքոնյանի, Ջուլիետա Ալեքսանյանի, Գևորգ Հակոբյանի, Արմեն Բադալյանի և Հովհաննես Այվազյանի հետ: Փառատոնին մասնակցում են նաև հռչակավոր այլ արտիստներ, ինչպիսիք են իտալացի դաշնակահար Դավիդ Կաբասսին, սոպրանո Աննա Սկիբինսկին, ռուս դաշնակահարուհի Տատյանա Լարիոնովան, Իսպանիայից մանդոլինահարների դուետ Յակի Ռեյուվեն և Մարի Կարմեն Սիմոնը, լեհական ժողովրդական երաժշտության Դիկանդա անսամբլը, բուլղարացի կավալահար

Թեոդոսի Սփասսովը, դիրիժոր Յարոն Գեդֆրիսը, երգիչ և տեսանկարիչ Օֆրի Բրինը և բալկանյան, գնչուական ու մերձավորարևելյան երաժշտության իսրայելական Սեզամ նվագախումբը:

Իզրոթել կլասիկամերի փառատոնը ստացել է նաև «Դասական խաղացանկի գլուխգործոցները սահմանների խաչմերուկում» անվանումը: «Փառատոնի առանձնահատկությունն այն է, որ այն գործում է որպես հրաշալի հարթակ ցուցադրելու մշակույթների և երաժշտական ավանդույթների ճշմարիտ խճանկարը, դրանով ընդգծելով միջպետական համագործակցությունը և հանդիսատեսին պարգևելով արտիստների վարպետության բերկրանքը»,- ասում է Օրբելյանը:

Փառատոնի բացումը տեղի է ունենալու  հունվարի 3-ին Էյլաթի Ռոյալ Բիչ հյուրանոցի  մեծ սրահում, իսրայելացի երգչուհի Օֆրի Բրինի մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Բրինի էլեկտրոնային փոփ երաժշտությունը և սոուլ ոճի երաժշտությունը՝ Սիբելիուսի, Հոլսթի, Շուբերտի գլուխգործոցների հետ միասին, Կերեն Կագարլիթզկի ղեկավարությամբ:

Փառատոնի երկրորդ օրը երկու մեծ համերգ է տեղի ունենալու: Առաջինում ելույթ են ունենալու հանճարեղ երիտասարդ դիրիժոր Օմեր Մ. Ուելբերը և մրցանակակիր իտալացի դաշնակահար Դեյվիդ Կաբասսին, ծրագրում՝ Բեթհովենի N1 սիմֆոնիան և Շոստակովիչի N2 դաշնամուրային կոնցերտը: Երկրորդ համերգը «Նաոմի Շեմերի երգերը» վերնագրով, որը լինելու է Իսրայելի մրցանակի դափնեկրի նոստալգիկ երգերի կատարում: Համերգին մասնակցելու են  Օմեր Մ. Ուելբերը (ակկորդեոն), Միշել Անոչին (կոնտրաբաս), Ռամի Ֆրեիմանը (հարվածային գործիքներ) և երգիչներ Էինաթ Արոնշթեյնը, Գոնի Գանանին և Սաֆ Սելան: Համերգում որպես մենակատար և նվագակցող հանդես կգա դաշնակահար Դավիդ Սեբան:

Փառատոնի երրորդ օրը երկու մեծ համերգներով տուրք կտրվի երաժշտության միջոցով միմյանց հետ կապված մշակույթների և ավանդույթների գեղեցիկ հատմանը:  «Օպերա Գալա ՝ Երևանից՝ սիրով» համերգի ընթացքում Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը կհյուրընկալի մաեստրո Կոնստանտին Օրբելյանին և նրա ղեկավարությամբ՝ Երևանի օպերային թատրոնի մենակատարներին: Համերգի ընթացքում կներկայացվեն սիրված արիաներ և զուգերգեր հայտնի օպերաներից և հայկական երգացանկի գոհարներից: Երեկոն կշարունակվի  անսպասելի երաժշտական կատարումով՝ նվիրված երաժշտության և պարի միջև խորը կապին: «Պարող» համերգը նվիրվում է ժողովրդական պարերին, որոնք ցուցադրվում են  համերգային սրահներում՝ պարահանդեսային, ժողովրդական, մինչև փողոցային պարեր: Երեկոյան հանդես կգա Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը Դավիդ Սեբայի ղեկավարությամբ, այդ թվում՝ ջութակահարուհի Նիթայի Զորինը և լեհական Դականա նվագախումբը:

Փառատոնը կեզրափակի կիրակի օրը՝ հունվարի 6-ին, տոնական համերգով, որի ընթացքում մաեստրո Օրբելյանը և Ռաանանայի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան փառատոնի մասնակից արտիստների հետ:

Հունվարի 6-ին մաեստրո Օրբելյանը կլինի նաև «Մշակութային շաբաթ» հաղորդման հյուրը, որի ընթացքում կզրուցի հեռուստահաղորդավար Յոավ Գինայի, Օմեր Մ.Ուելբերի, Դավիդ Սեբայի և Օրիթ Ֆոգել-Շաֆրանի հետ: Հաղորդման ընթացքում մաեստրո Օրբելյանը հուշեր կպատմի վերջերս կյանքից հեռացած օպերային վառ աստղ Դմիտրի Խվորոստովսկու հետ մոտավորապես 20 տարվա իր համագործակցության մասին:

Բացի հիմնական համերգներից, դասական երաժշտության Իզրոթել միջազգային փառատոնի ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից փառատոնին ներկա  դիրիժորների, մենակատարների և անսամբլների մասնակցությամբ տեղի կունենան  նաև թեմատիկ համերգներ և երաժշտական հանդիպումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter