Արմավիրի մարզում վարչական հսկողությամբ հայտնաբերված խախտումները ընթացակարգային են
«Համայնքային ծառայության աշխատողների որակը բավականին բարձրացել է, և վերջին երկու-երեք տարիներին վարչական հսկողության արդյունքում հիմնականում արձանագրում ենք ընթացակարգային խախտումներ»,- հայտնեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեկտեմբերի 26-ին տարածքային կառավարման նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Մարզպետը համեմատության համար նշեց, որ նախորդ տարիներին վարչական հսկողության իրականացման արդյունքում համայնքներում հաճախ հայտնաբերված խախտումները ֆինանսական լուրջ չարաշահումներ էին, որոնց արդյունքում միլիոնների հափշտակության վերաբերյալ նյութերը դառնում էին քրեական գործեր: 2011 թ. մարզի համայնքներում իրականացված հսկողության արդյունքում արձանագրված խախտումները, ըստ մարզպետի, վարչարարական բնույթի են:
Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց, որ մարզի համայնքներում հսկողություն իրականացնելու հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ իրենց պարտադիր և պետության պատվիրակած լիազորությունների կատարման ընթացքի համապատասխանության ստուգումներն են: Հայտնաբերված թերությունները քննարկվում են մարզխորհրդի նիստերում, որպեսզի մարզի մյուս համայնքերի ղեկավարները շտկեն դրանք կամ խուսափեն նշված թերություններից:
Արմավիրի մարզում այս տարի իրականացված հսկողության արդյունքներով մարզի համայնքների մեծ մասում արձանագրվել է, որ սոցիալական օգնությունները համայնքապետարաններում տրվում են առանց անվանացանկի և առանց մարդկանց կարիքավորությունը գնահատելու: «Հետքի» այն հարցին, թե մարզպետարանում դա լուրջ խախտում համարո՞ւմ են և ի՞նչ են անում շտկելու համար, պրն Ղահրամանյանը հայտնեց, որ մարզպետարանը նման դեպքերում սոցիալական ծառայություններին է դիմում՝ անձի կարիքավորության աստիճանը պարզելու համար, նույնը առաջարկում է համայնքապետարաններին:
«Համայնքները ՏԻՄ ձևավորումից 15 տարի անց» խորագրի ներքո «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և տարածքային կառավարման նախարարության համատեղ հրավիրած մամուլի ասուլիսը նպատակ ուներ ներկայացնելու տեղական ինքնակառավարման մարմինների անցած ճանապարհը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը նշեց, որ մինչև 2006 թ.-ը՝ իր Արմավիրի մարզպետ նշանակվելը, մարզն ունեցել է շուրջ 420 մլն դրամ աշխատավարձի պարտք: Վերջին 4 տարում բավականին բարելավվել է համայնքապետարանների աշխատանքը, որի արդյունքում կարողացել են մարել հարյուրավոր միլիոնների հասնող պարտքը, և նշված գումարից այսօր 15 մլն դրամ աշխատավարձի և սոցվճարների պարտք է մնացել: «2008թ.-ից հետո մենք ընդհանրապես ընթացիկ պարտքեր չենք ունեցել մարզում: Միաժամանակ Արմավիրում սեփական եկամուտների հավաքագրումը հասցրել ենք 100%-ի»,- նշեց մարզպետը:
Մարզում առկա 658 համայնքային ծառայության ոչ բոլոր հաստիքներն են այսօր զբաղեցված, մասնավորապես 3 գյուղում' Հայթաղ,Կողբավան, Տալվորիկ, թափուր է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Պատճառը, մարզպետի ասելով, այն է, որ դիմողների մեջ բարձրագույն կրթություն ունեցողներ չկան: Դրա համար մարզպետարանը տարածքային կառավարման նախարարության աջակցությանն է դիմել, որ այդ երեք համայնքում աշխատակազմի ղեկավարի համար բարձրագույն կրթությունը պարտադիր պահանջ չհամարվի:
Մարզպետարանն այս տարի հսկողություն է իրականացրել նաև մարզի խոշոր համայքներից մեկում' Նալբանդյան համայնքում, որտեղ 9 ամսվա հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշ է արձանագրել: Սակայն դա չի խանգարել, որ համայնքապետարանը ուռճացված հաստիքացուցակ ունենա, որին անդրադարձել է «Հետքը» իր վերջին հրապարակումներից մեկում: Մարզպետը հայտնեց, որ հրապարակումից հետո հարցը քննարկվել է և լուծում կստանա:
Ա. Ղահրամանյանը 2011թ.-ը հաջողակ է համարում մարզի համար. 2006-2011թթ. շուրջ 16,5 մլրդ դրամի ֆինանսական ներդրումներ են կատարվել մարզում: Զարգացման ծրագրերում տեսակարար կշիռ են կազմում երրորդ կարգի ջրանցքների վերականգնումը թվով 28 համայնքում, ոռոգման համակարգերի հիմնանորոգման և վերականգման աշխատանքները թվով 11 համայնքում, կոլեկտորադրենաժային ցանցի մաքրումը և ընթացիկ նորոգումը թվով 10 համայնքում և այլն:
«Համայնքների ներդրումը կապիտալ ծրագրերում 2008թ. մինչև 2011թ. երրորդ եռամսյակը կազմել է 2 մլրդ 446 մլն դրամ»,- հայտնեց մարզպետը: Նշեց նաև, որ «Հազարամյակի մարտահրավերներ» և սոցներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացվող ջրատարների կառուցման ծրագրերին իրենց բյուջեի միջոցներից 15% համաֆինանսավորմամբ մասնակցել են համայնքները:
Մարզում արձանագրված դրական ցուցանիշներից մարզպետն առանձնացրեց նաև արտադրված գյուղմթերքների աճը և վերամշակող ձեռնարկությունների կողմից գյուղմթերքների մթերումն այս տարի 100%-ով ավելացնելը: Պրն Ղահրամանյանը նշեց, որ արմավիրցիների աճեցրած բերքն ու բանջարեղենը մթերելու հնարավորությունները կավելանան հաջորդ տարի: Հունվարի 13-ին Վանանդ գյուղում կբացեն նոր վերամշակող ձեռնարկություն, որը մեծ ծավալի պտուղ-բանջարեղեն մթերելու և մշակելու հեռանկար է խոստանում: Մարզի զարգացման հեռանկարը գյուղմթերքների արտադրությունն է համարվում, որի արդյունքում վերջին տարում 4 անգամ նվազել են հացահատիկի ցանքատարածքները' դրանք փոխարինելով բանջարեղենային կուլտուրաներով:
Չնայած մարզում այս տարի 40 հակակարկտային կայան է տեղադրվել, համայնքները դեռևս ապահովագրված չեն կարկտահարությունից: Մարզի 29 համայնք կարկտահարվել է այս տարի, որից 13 համայնքում իսպառ զրկվել են գյուղմթերքներից: Կարկտահարությունից տուժածներին այս տարի պետությունը փոխհատուցել է՝ վճարելով նրանց ջրի վարձը, իսկ հողի հարկը գանձել է 50%-ով: Տրամադրել են նաև անվճար սածիլներ, դիզվառելիք, իսկ սոցիալապես անապահովներին՝ ալյուր: Մարզպետը հայտնեց, որ առաջիկայում նոր կարկտակայաններ կտեղադրվեն պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ:
Լրագրողները հետաքրքրված էին Արմավիր քաղաքի զբոսայգում իրականացվող կառուցապատման աշխատանքներով և մարզպետին հարցրին, թե ինչու չի կանխում այն: Ա. Ղահրամանյանը հայտնեց, որ Կառավարության հաստատած գլխավոր հատակագծով Արմավիր քաղաքի այդ տարածքը նախատեսված էր արտադրական ենթակառուցվածքներ կառուցելու համար: «Ես 2-3 տարի կարողացել եմ թույլ չտալ այդ շինությունների կառուցումը, սակայն գլխավոր հատակագծով դա արդեն հաստատված էր մինչև իմ մարզպետ նշանակվելը: Նոյեմբեր ամսին մենք այդտեղ ծառատունկ ենք արել և ջրաշխարհ կառուցելու նպատակ ունենք»,- հայտնեց նա:
Լիլիթ Աբրահամյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել