Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու բժշկական փաստաթղթերը կներկայացվեն Վերաքննիչ դատարանում
«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Արծրունու եղբայրը՝ Սևակ Արծրունին, բարձրաձայնել է «Արեւելք»-ին տված հարցազրույցում:
Եղբոր խոսքով՝ Արսեն Արծրունին տևական ժամանակ բողոքներ ու գանգատներ է ունեցել, սակայն պատճառը պարզ չի եղել: Վերջերս` բժշկական ընդհանուր հետազոտություն անցնելուց հետո, պարզվել է, որ Արծրունու մոտ առկա է վահանաձև գեղձի չափերի մեծացում: Ավելին, վահանաձև գեղձի շրջանում առկա են նաեւ բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը, հայտնի չէ:
«Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ: Եվ եթե քաղցկեղածին են, ապա մենք շատ-շատ ժամանակ ենք կորցնում, ամեն վայրկյանը թանկ է նրա առողջության համար: Իսկ եթե քաղցկեղածին չեն, ապա սա այն հիվանդությունն է, որը բանտային պայմաններում անհնար է բուժել, ունենում է հետևանքներ, որոնք ազդում են ոչ միայն գեղձային, հորմոնալ համակարգի վրա, այլեւ նկատելի բացասական ազդեցություն են ունենում նաև սրտի, ուղեղի աշխատանքի, շնչառական համակարգի, քնի, կենտրոնացման վրա, մի խոսքով, հիվանդությունը շատ ուղղություններով է իր քայքայիչ հետևանքները թողնում հիվանդի վրա՝ կրճատելով նրա կյանքի տևողությունը: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք բանտային զրկանքները, հիգիենիկ պայմանների բացակայությունը, հոգեբանական գործոնը և շատ այլ հարցեր, ապա կարելի է հասկանալ, թե այսօր ինչպիսի վտանգ է սպառնում Արսենի կյանքին»,- ասել է Սևակ Արծրունին:
Կալանավորի առողջական վիճակի և նման պայմաններում կատարվելիք հետագա քայլերի վերաբերյալ «Հետքը»-ը զրուցեց Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունու հետ:
Փաստաբանը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Արծրունին դիմել էր՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն դեկտեմբերի 1-ին դատարանը մերժել է դիմումը: Նշենք, որ դատարանի որոշումն արդեն իսկ բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Այդ ժամանակ, սակայն, դեռևս կալանավորի ախտորոշումը պարզ չի եղել:
«Մի երկու անգամ ուշաթափվել էր, բայց բժշկական փաստաթղթերը դեռևս չկային: Հիվանդության մասին Արծրունու եղբայրը՝ Սևակը, ինձ հայտնեց այն ժամանակ, երբ առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ թեև այս պահին ինքն ամբողջությամբ ծանոթ չէ բժշկական փաստաթղթերի բովանդակությանը, բայց որքանով եղբորից տեղեկացել է, բուժումը, որը անհրաժեշտ է Արսեն Արծրունուն, հնարավոր չէ քրեակատարողական հինարկում և նույնիսկ «Դատապարտյալների հիվանդանոցում» իրականացնել:
«Լուրջ բուժում է անհրաժեշտ: Մենք, հավանաբար, այդ բժշկական փաստաթղթերը կներկայացնենք Վերաքննիչ դատարանում՝ բողոքի քննության ժամանակ՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք»,- նշեց Նարինե Ռշտունին: Արծրունու հարազատների հետ քննարկելուց և նրանց համաձայնությունը ստանալուց հետո փաստաթղթերի հիման վրա փաստաբանն ամենայն հավանականությամբ միջնորդություն կներկայացնի նաև Արծրունուն ազատ արձակելու, որպեսզի նա համապատասխան բուժում ստանա:
Նշենք, որ Արսեն Արծրունին և վերջինիս փաստաբաններն արդեն տևական ժամանակ պայքարում են կալանավորի ազատության համար:
Արսեն Արծրունին արդեն 20 տարուց ավելի է, ինչ անազատության մեջ է: ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:
2011 թվականին Արծրունու փաստաբանը պարզել է, որ 2006թ. կայացրած դատական ակտով Արծրունին մեղավոր է ճանաչվել երկու և ավելի անձանց սպանության համար:
Արծրունու փաստաբանները, սակայն պնդում են, որ Արծրունուն վերագրվող գործողությունները չպետք է վերաորակվեին որպես երկու կամ ավելի անձանց սպանություն, քանի որ մի սպանությունը տեղի է ունեցել 1993 թվականին, մյուսը՝ 1994-ին, և դեռևս 1996թ. ՀՀ գերագույն դատարանը գտել է, որ այդ երկու սպանությունները որևէ կապ չունեն իրար հետ և պետք է դիտարկել առանձին:
գլխավոր լուսանկարը՝ arevelk.am-ից
Մեկնաբանել