HY RU EN

Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ԱՆ Վանաձոր ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը։

Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Հ. Համբարձումյանը, որոշ դատապարտյալների հետ իր անձնական փոխհարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, տևական ժամանակ դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Մասնավորապես, Հ. Համբարձումյանը, տեղյակ լինելով, որ Վանաձոր ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներն ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ պահում են բջջային հեռախոսներ ու բջջային հեռախոսաքարտեր, ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել դատապարտյալների մոտ պահվող արգելված իրերը հայտնաբերելու և վերցնելու ուղղությամբ, այլև այդ մասին չի զեկուցել հիմնարկի ղեկավարությանը:

Հ. Համբարձումյանի վերը նշված արարքները հանգեցրել են նրան, որ դատապարտյալները տևական ժամանակ իրենց մոտ անարգել ունենալով արգելված իրեր` բջջային հեռախոսներ, կարողացել են կապ հաստատել ինչպես միմյանց, այնպես էլ ՔԿՀ-ի տարածքից դուրս գտնվող այլ անձանց հետ, ինչը հակասում է քրեակատարողական ծառայության ոլորտը կարգավորող օրենսդրության ու իրավական ներքին կանոնակարգի պահանջներին: Բացի այդ, օգտվելով վերը նշված դատապարտյալների հետ մտերիմ հարաբերություններից, Հ. Համբարձումյանը վերջիններիս հարազատներից ընդունել է տարբեր բնույթի ծառայություններ:

Հ. Համբարձումյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ 28.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: