HY RU EN

Դիանա Ղազարյան

Պետական և համայնքային բյուջեն նվազեցրել են շինարարության համար հատկացվող գումարները

2017թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում կատարվել է 324 558 միլիարդ դրամի շինարարություն։ 2016-ի նույն ամիսների համեմատությամբ՝ կատարված շինարարության ծավալը աճել է ընդամենը 0,3 տոկոսով։

Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է շինարարության հունվար-նոյեմբերի տվյալները։ Ըստ այդ վիճակագրության՝ պետական բյուջեն և համայնքային միջոցները նվազեցրել են շինարարության համար հատկացվող գումարները։ Սրան հակառակ՝ օտարերկրյա ներդրողները, միջազգային վարկերը, բնակչության միջոցները, մարդասիրական օգնությունը ավելացրել են այդ ոլորտին ուղղված գումարները։

Միջազգային վարկերով արված շինարարության ծավալը աճել է 4 տոկոսով։ Ծավալային աճը ապահովել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական, Գերմանիայի զարգացման բանկերի հատկացրած գումարները, քանի որ Համաշխարհային և Ասիական զարգացման բանկերը, որոնք ադ ոլորտի ամենամեծ վարկեր հատկացնողն են, այդ ժամանակահատվածում նվազեցրել են շինարարության համար հատկացվող իրենց գումարները։

Գծապատկերից էլ կարելի է նկատել, որ ամենամեծ ծավալով շինարարությունը կատարվել է բնակչության միջոցների հաշվին։ Այդ միջոցներով կատարվել է ընդհանուր շինարարության ավելի քան 25 տոկոսը։ Հաջորդիվ մեծ է եղել միջազգային վարկերով արված շինարարությունը՝ ընդհանուր շինարարության 16 տոկոսը արձանագրելով։

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանում նախորդ տարվա համեմատությամբ ավելի քիչ շինարարություն կատարվել է հունվար-հունիսին, որից հետո շինարարության ծավալը աճել է։ Շինարարության համար տարվա առաջին 11 ամիսներից ամենաակտիվը նոյեմբերն է եղել, երբ դրա ծավալը կազմել է ավելի քան 49 միլիարդ դրամ։

Իսկ նախորդ տարվա հունվար-նոյեմբերի համեմատությամբ շինարարության ծավալը ամենաշատ՝ 7,5 տոկոսանոց, աճը ունեցել է օգոստոսին։

Ինչպես արդեն նշեցինք, այս տարվա հունվար-նոյեմբերին Հայաստանում կատարվել է 324 558 միլիարդ դրամի շինարարություն։ Դրանից 88 390 միլիարդ դրամը կամ 27 տոկոսը կապված է եղել անշարժ գույքի գործունեության հետ։ Հաջորդիվ մեծ է եղել տրանսպորտի ոլորտի շինարարությունը, այն կազմել է կատարված շինարարության մոտ 12 տոկոսը։

Այս տարվա առաջին տասնմեկ ամսիներին ամենաքիչ ծավալով կատարվել է ֆինանսական և ապահովագրական, վարչարարական և օժանդակ գործունեություն, պետական կառավարման և պարտադիր սոցիալական ապահովության, ջրամատակարարման ոլորտների շինարարությունը։