
«Հայկական ժամանակ». Իլհամն ու Սերժը քաշքշել են իրար
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 19-ին մոսկովյան Կրեմլի Մեծ պալատում ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած ընդունելության ժամանակ խայտառակ միջադեպ է տեղի ունեցել. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը քաշքշել են իրար:
Դեպքը տեղի է ունեցել այսպես. նախատեսված է եղել ԱՊՀ 20-ամյակի կապակցությամբ շքանշանների հանձնում՝ ԱՊՀ անդամ յուրաքանչյուր պետությունից մեկ դիվանագետի: Ընդ որում, շքանշանի հանձնման համար հարկավոր է եղել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միաձայն որոշումը:
Բոլոր պետությունների ներկայացուցիչներն ստացել են պարգևները, իսկ երբ հերթը հասել է Հայաստանի ներկայացուցչին (Հայաստանի ղեկավարությունն այդ պարգևին ներկայացրել էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին), Իլհամ Ալիևն առարկել է, ու Շավարշն այդպես էլ առանց մեդալի է մնացել: Իսկ Ադրբեջանի ներկայացուցչին շքանշանի շնորհման քվեարկությունը դրանից մի քանի րոպե առաջ էր եղել, և Սերժ Սարգսյանը չի առարկել:
Այնուհետև սեղանի շուրջ Իլհամ Ալիևը Սերժ Սարգսյանին սկսել է հանդիմանել, թե այդ ո՞ւմ ես ներկայացնում շքանշանի, ու անհարգալից արտահայտությունների տարափ է տեղացել Շավարշ Քոչարյանի հասցեին՝ ակնարկելով, որ Ադրբեջանի ղեկավարության հասցեին Շավարշի հնչեցրած հրապարակային քննադատությունները չեն նպաստում ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը:
Սերժ Սարգսյանն էլ տակ չի մնացել ու սկսել է Իլհամին պատասխանել նույն ոճով, թե՝ այդ քո աշխատակազմի ղեկավարն ու ձեր դիվանագետներն են, որ ավել-պակաս հայտարարություններով խաթարում են պրոցեսը:
Բանը հասել է այնտեղ, որ Սերժն ու Իլհամը ոտքի են կանգնել, սկսել եմ միմյանց հրել ու մենամարտի պատրաստ մարտական կեցվածք են ընդունել: Միայն Մեդվեդևի՝ «նու գասպադա, չտո վի» արտահայտությունից հետո են նրանք նստել իրենց հատկացված տեղերում, որից հետո էլ Իլհամ Ալիևն ատամները կրճտացնելով Սերժ Սարգսյանին սպառնացել է, թե դեռ կտեսնեք՝ ձեզ հետ ինչ ենք անելու:
Այս ամենի կապակցությամբ երեկ «ՀԺ»-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից, իսկ ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը Շավարշ Քոչարյանի մեդալ չստանալու հանգամանքի վերաբերյալ «ՀԺ»-ի հարցին ոչինչ չասող պատասխան տվեց՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով «ՀԺ»-ի ունեցած տեղեկությունը: «ՀԺ»-ի մոսկովյան աղբյուրները հաստատում են, որ նման միջադեպ իսկապես տեղի է ունեցել:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել