HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ հունվարի 5-ին Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Մինչ Ս. Պատարագի սկսվելը կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

Ս. Պատարագի ընթացքում Արշակ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Ս. Ծննդյան խորհրդին։ «Փրկչի Սուրբ Ծնունդը մի իրադարձություն է, որ հեղաշրջեց մարդկության պատմությունը, իրադարձություն, որ ջերմացրեց սառած հոգիները, փշրեց քարացած սրտերը և բացեց հորիզոնը ապագայի՝ հույսով լուսավորված ապագայի։

Այսօր մենք դառնում ենք հովիվներ, որ փառաբանում են Փրկչին, դառնում ենք Արևելքից ճամփորդած իմաստուններ, որ երկրպագում են ու ընծաներ մատուցում Մանուկ Հիսուսին: Այսօր մենք հաղորդակցվում ենք Աստծո մարդեղության` զոհաբերության մեծագույն խորհրդին։

Աստծո զոհաբերությունը մարդկանց համար սկսվում է ոչ թե Գողգոթայից, այլ Սուրբ Ծնունդից։ Երևակայությունն անգամ անզոր է Աստծո մարդեղության հրաշքի առջև։ Աստված, որ աներևույթ է, դառնում է երևելի: Աստված, որ անսահման է, դառնում է սահմանավոր: Տիեզերքը տեղավորվել է հյուլեի մեջ, ծառը ամփոփվել` պտղի պատյանում։ Մի՞թե հրաշք չէ սա, մի՞թե կա ավելի մեծ զոհաբերություն, քան մեծությունից կամավորապես փոքրանալը, բարձրությունից խոնարհվելը։

Մարդիկ միտք ու հոգի են մաշում, գիշերը ցերեկին խառնում վեր բարձրանալու, մեծության հասնելու, հասարակական դիրք ու ծառայողական առաջընթաց ունենալու, մինչդեռ Աստված աներևակայելի Իր բարձրությունից խոնարհվում է ու մարդկային մարմին զգենում։ Շատերի համար անհասկանալի է Քրիստոսի զոհաբերության խորհուրդը։ Մարդ, որ հնարամտության ու հաջողվածության արդյունք է համարում ուրիշին զոհելը, նվաճելը, զավթելը, կուտակելը, չի կարող հասկանալ զոհվելու, նվիրվելու և բաժանելու արժեքը», - նշեց Արշակ Սրբազանը:

Այնուհետև Սրբազան Հայրը, խոսելով մարդու հանդեպ Աստծո դրսևորած սիրո մասին, ընգծեց, որ մարդկանց հանդեպ անսահման սերն է, որ Աստծուն դարձրեց մարդ, երկնքից իջեցրեց երկիր, բարձրությունից խոնարհեցրեց, մեծությունից փոքրացրեց։ «Սերն առանց զոհաբերության, միևնույնն է, թե արևն առանց ջերմության։ Զոհաբերությունը սիրո բովանդակությունն է, իմաստն ու ամբողջությունը։ Սիրել Աստծուն, սիրել Հայրենիքը, սիրել ընտանիքին կամ բարեկամին, առանց պատրաստ լինելու զոհվել նրանց համար՝ նշանակում է դատարկախոսությունը դարձնել մասնագիտություն, նշանակում է խոսել, անվերջ խոսել սիրո մասին, բայց չսիրել։ Սիրել, նշանակում է նվիրվել, սիրել, նշանակում է զոհվել, զրկվել, զիջել, չբարկանալ ու չնախանձել։ Սիրել այնպես, ինչպես Քրիստոս սիրեց, սիրել անմնացորդ ու անպայմանավոր։ Աստված չսիրեց մարդկանց նրա համար, որ նրանք կատարյալ էին ու զերծ թերություններից, այլ նրա համար, որ այդ սերը փրկություն դառնա նրանց համար և ազդու պատգամ սթափության և զգոնության՝ հրաժարվելու անօրինություններից ու ապականություններից։ Սիրեց, որ մարդիկ Իր օրինակով ձգտեն բարուն, լուսավորին, ձգտեն սրբությանն ու անապականությանը», - ասաց Արշակ եպիսկոպոսը՝ հավելելով, որ մարդկության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ թշվառությունը, աղքատությունը, գաղթականությունը, պատերազմները, ահաբեկչությունը, ծագել են սիրո ու զոհաբերության ոգու պակասից:

Դիմելով ներկա հավատացյալ ժողովրդին՝ պատարագիչ Սրբազանը հորդորեց հետևել Տիրոջ օրինակին, ուժ առնել աստվածային Իր սիրուց։ «Մենք մի ժողովուրդ ենք, որ դարերով վկայել ենք մեր սերը Աստծո և մարդկանց նկատմամբ, նախընտրել ենք զոհվել, քան թե զոհել, նվիրվել, քան թե նվեր ստանալ, և դա մեզ երբեք չի տկարացրել, այլ ընդհակառակը, դարձել է մեր գոյատևման գրավականն ու երաշխիքը։ Մեր սիրո մեջ երբեք կեղծիք խառնված չի եղել, այլ այն շաղախված է եղել զոհաբերությամբ, խնամատարությամբ ու սրտակցությամբ։ Մեր երջակությունը մենք գտել ենք զոհաբերության ու նվիրաբերության մեջ», - ասաց նա:

Ս. Պատարագի ավարտին Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը, բարձրանալով Ավագ Սուրբ Խորան՝ վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որպեսզի կենսատու լույսը բաշխվի Մայր Տաճարում գտնվող հարյուրավոր հավատացյալներին:

Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը Մայր Տաճարից ուղղվեց դեպի Հին Վեհարան, ուր կատարվեց Սուրբ Ծննդյան առաջին տնօրհնեքի արարողությունը:

Սուրբ Պատարագին ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերար հայորդիներ։

Մեկնաբանություններ (9)

Վարազ Սյունի
ԼԵՌ ԿԱՄՍԱՐ- Իմ կյանքի ողջ տարիները կարողացա առանց Աստծու ապրել, բայց մի օր առանց արև չեմ կարող ապրել։ 1914 թվականին, երբ արևը կես ժամով խավարեց՝ ես լուռ սարսափեցի, բայց շները ոռնացին, կովերը բառաչեցին, կատուները մլավեցին։ Մի խոսքով աշխարհում ամեն արարած իր լեզվով զգացած սարսափն արտահայտեց։ Ինչո՞ւ անբան անասունն իր կարճ խելքով իրական աստված պաշտի, իսկ բանական մարդը՝ երևակայական․․․Պետք է ասել, որ մինչև Քրիստոսի աշխարհ գալը, հայերը շատ լավ պաշտպանվում էին իրենց թշնամիների հարձակումներից։ Իսկ այս բանը Աստծու սրտովը չէր։ Դրա համար Աստված ուղարկեց Քրիստոսին հային ասելու, որ սուր չվերցնի, որովհետև՝ ով սուր վերցնի, սրով էլ կընկնի՝ պետք է հնազանդ լինել տերերին, և եթե մեկն իր մեկ երեսին զարկի՝ մյուս երեսն էլ դարձնի։ Հայ ազգն էլ նույնությամբ կատարեց Քրիստոսի հրամանը։ Միայն, որովհետև ընդամենը երկու երես ուներ և բազմաթիվ թշնամիներ, այդ երեսներից մեկը թուրքին դարձրեց, որ «ապտակի», մյուսը՝ բոլշևիկին։ Եվ այս նկատառումով, որ հայի մյուս թշնամիները կարող էին հետո էլ կոտորել հային, իսկ թուրքն ու բոլշևիկը շատ շտապ կարիք ունեին դրան, համբերել չէին կարող․․․
Բնավ բանավիճելու կամ ձեր անձը վիրավորելու նպատակ չունեմ
Հարգելի Վարազ, եթե դուք քրիստոնեությունը թուլություն ու տկարություն եք համարում, ուրեմն գիտցեք, որ դուք ո՛չ քրիստոնեության էությունն եք հասկանում, ո՛չ էլ՝ բովանդակությունը: Իրականում ձեզ թվում է, թե հասկանում եք և նույնիսկ դրա վերաբերյալ համրացակ ու վստահ կարծիք եք հայտնում: Իրականում միայն ձեզ թվում է ....…: Այո, բոլոր տեսակի տգիտություններ մտնում են մարդու միտքն ուսման ու գիտելիքի մանավանդ հոգևոր գիտելիքի պակասի պատճառով: Բնավ բանավիճելու կամ ձեր անձը վիրավորելու նպատակ չունեմ:
Աստվածային անսահման իմաստությունը
Մի մարդ քայլում է ծովափով ու անվերջ մտացում է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ սկզբի և այնպիսի հարցերի շուրջ , որոնց մասին շատ մտծողներ արտահայտվել են այսպես. -«ԱՍՏԾՈ ճանապարհները անքննելի են...» ԵՎ հանկարծ մի մանկան է հանդիպում, որը իր փոքրիկ դույլով օվկիանոսից ջուր էր վերցնում ու լցնում ավազի մեջ իր իսկ կողմից փորված փոսի մեջ… Մի քիչ նայելուց հետո այս մարդը երեխային ասում է. -Այդ ի՞նչ ես անում: -Ուզում եմ օվկիանոսը լցնել այս փոսի մեջ: -տղաս ինչու՞ ես չարչարվում, չե՞ս հասկանում, որ այս ահռելի օվկիանոսը չես կարող տեղավորել այդ փոքրիկ փոսի մեջ: Այդ խոսքերի վրա այս մանուկը հրեշտակ է դարնում ու հեռանում, ասելով. -Իսկ դու ինչպ՞ս ես փորձում ԱՍՏՎԱԾԱՅԻՆ իմաստությունը տեղավորել այդ քո փոքրիկ ուղեղի մեջ ..
Վարազ Սյունի
Կրկին ոչ մի կոնկրե՛տ պատասխան՝ կոմենտ 4-ի արդարացի հարցին: Նույն ՀԱՐՑԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄԸ՝ (փիլիսոփայական) զիգզագներ անելով: ՀԳ.Հուսանք,որ մի ամբողջ ազգի մորթելը «աստծո անքննելի ճանապարհ» չէր (հակառակ դեպքում նման «աստվածների» մեռնելու ժամանակն է.Սերժ Թանկյանի այդ հանրահայտ երգի տողերին համահունչ):
Ինչ լավ է, որ Աստված մարդկանց նման չի մտածում և գործում
Աստվածային անսահման իմաստություն առակը ձեզ բան չասա՞ց: Այո՛, ոչինչ չէր կարող ասել, քանզի դուք հոգևոր կյանքից շատ հեռու մարդ եք: Իսկ ինչ վերաբերվում է ձեր հարցին, ապա հետևյալը կասեմ: Ես խնդրին ձեր մոտեցման ու հարցի ձևակերպման հետ համաձայն չեմ, ուստի ինձանից պատասխան մի ակնկալեք: Այլևս ոչինչ չեմ գրում , քանզի դուք առանց մի տառ հասկանալու միայն ձեր տեսակետն եք առաջ տանում: Ինչ լավ է, որ Աստված մարդկանց նման չի մտածում և գործում:
Վարազ Սյունի
Մենք «ոչինչ չենք հասկանում», իսկ դուք «ամեն ինչ հասկանում եք»:.................... Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի հետ կապ չունի՞: Հայն արդեն 17 դար տասնյակ հազարավոր եկեղեցիներ է կառուցել՝ միլիարդավո՛ր դոլարներ ծախսելով, ու դուք եկել ու ասում եք «ՈՐՏԵՂ էր Քրիստոսը 1915-ին» հարցը Հայ Առաքելական եկեղեցու հետ «կապ չունի՞»: Դուք հասկանու՞մ եք ինչ եք ասում:
Անկեղծորեն բնավ ձեր անձը վիրավորելու նպատակ չունեմ
Հարգելի Վարազ, Հայ Առաքելական Եկեղեցին ձեր բարձրացրած հարցի հետ ի՞նչ կապ ունի: Ես ո՛չ Հայ Եկեղեցու պաշտպանն եմ, ո՛չ էլ՝ գովազդողը: Խոսքը քրիստոնեության ճշմարիտ էություն և բովանդակության մասին է: Դուք արհեստականորեն մեկ հարցը կապում եք մյուսի հետ և ձեր սահմանափակ բանականության տրամաբանությամբ ջանում եք հակասություն տեսնել: Ի դեպ, համամարդկային իմաստասիրության պատմությունից հայտնի է, որ ձեր կիրառած արհեստական հարցադրումն անաստված կամ անտեղյակ հեղինակների մեթոդն է եղել: Ձեր այսօրինակ հարցադրումը վկայում է, որ դուք քրիստոնեական հոգևոր արժեքներից շաաատ հեռու եք: Եթե Քրիստոս «ամենակարող,գթառատ ու փրկիչ» է և այլն, ձեր այսպիսի հարցադրումը վկայում է ձեր քրիստոնեությունից հեռու և անտեղյակ լինելու մասի: Բայց դուք ձեր մասին այլ կարծիքի եք և հավակնում եք նույնիսկ մեզ ուսուցանելու ու կրթելու: Այո, բոլոր տեսակի տգիտություններ մտնում են մարդու միտքն ուսման ու գիտելիքի մանավանդ հոգևոր գիտելիքի պակասի պատճառով: Անկեղծորեն բնավ ձեր անձը վիրավորելու նպատակ չունեմ:
Վարազ Սյունի
Շատ հարմար է անընդհատ ՊԱՏԱՍԽԱՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼ՝ սլաքներն անվերջ ուղղելով հարց բարձրացնողի անձին: Հայ առաքելական եկեղեցին այս մեթոդը կիրառում է դեռևս պավլիկյանների ժամանակից: Բայց՝ արդարացի ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ է, իսկ կոնկրե՛տ պատասխան այդպես էլ չենք ստանում: ՀԱՐՑԸ՝ եթե Քրիստոսը «ամենակարող,գթառատ ու փրկիչ» է, Ի՞ՆԶՈՒ չիջավ Դեր-Զոր ու չփրկեց «առաջին քրիստոնյա ազգի» զավակներին: ՀԳ.Պատասխան պիտի ունենաս,որ բանավիճես:
Վարազ Սյունի
Բոլոր այն հայերը, ովքեր «սուրբ ծնունդ» են նշում կամ ասում են,որ Քրիստոսը «մեր տերն» է,ապա թող բարի լինեն ու հայերի ոսկորները նախ գնան հավաքեն Դեր-Զորում: Այդ ոսկորների տերերն էլ ժամանակին եկեղեցի էին գնում ու մոմ վառելով աղոթում՝ առ այդ «փրկիչ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter