HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անօրինական միգրացիա կազմակարեպելու գործով ամբաստանյալին Skype-ով առերեսել են տուժողի հետ. գործը դատարանում է

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան  է ուղարկվել անօրինական միգրացիա կազմակերպելու վերաբերյալ մի գործ, որով անցնող ամբաստանյալը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:

Ամբաստանյալ Բեհզադ Հոսեյնի Եկթամանեշը, 2017 թվականի հունվարի 23-ին գտնվել է Հայաստանում և այստեղ ներկայացել «Ալի Քիան» անունով: Ըստ մեղադրանքի, ամբաստանյալն Իրանի քաղաքացիներ Դելարամ Վիժի և նրա որդու' Սամիր Ֆահեմիի անօրինական միգրացիան դեպի Ֆինլանդիա կազմակերպելու համար կապ է հաստատել Դելարամ Վիժի ամուսնու' Մահդի Ֆահեմիի հետ՝ առաջարկելով 10.500 եվրո գումարի դիմաց երկու անձի համար ձեռք բերել Շենգենյան համաձայնության երկրների մուտքի արտոնագրեր և ավիատոմսեր:

 Այդ նպատակով, ըստ մեղադրանքի, 2017 թվականի ապրիլի 13-ին Եկթամանեշը Երևանում հանդիպել է Հայաստան ժամանած Մահդի Ֆահեմիի հետ, որից պահանջել և ստացել է 5000 եվրո գումար` որպես կանխավճար, ինչպես նաև Դելարամ Վիժի և նրա որդու` Սամիր Ֆահեմիի անձնագրերն ու լուսանկարները:

Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Այսօր այս գործով նշանակված էր առաջին դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: Բեհզադ Եկթամանեշի հանրային պաշտպան Անուշ Մխիթարյանն այլ ծանրաբեռնվածության պատճառով չէր ներկայացել դատարան: Բացի այդ՝ դատարան չէր ներկայացել նաև թարգմանիչը: Դատական դեպարտամենտը դեռևս թարգմանիչների հետ պայմանագրերը թարմացնելու գործընթացը չի կարգավորել, ուստի այս գործով դեռևս թարգմանիչ չի նշանակվել: Դատական նիստերի դահլիճ բերված ամբաստանյալին հնարավոր չեղավ տեղյակ պահել իր նիստի հետաձգման պատճառը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայերենին չտրապետող օտարերկրյա քաղաքացիները թարգմանչի բացակայության պատճառով չեն իմանում իրենց վերաբերյալ նիստերի հետաձգման պատճառը: «Հետք »-ը վերջերս նմանատիպ այլ գործերի մասին ևս գրել է: Թեև դատարանները բոլոր դեպքերում թարգմանչի բացակայության պայմաններում հետաձգում են դատական նիստերը, սակայն, ըստ էության, ամբաստանյալները զրկվում են իրենց վերաբերյալ դատական նիստում տեղի ունեցածի մասին տեղեկություն ստանալու հնարավորությունից:

 Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին:

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Բեհզադ Եքթամանեշի պաշտպան Անուշ Մխիթարյանը նշեց, որ իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Նշենք, որ այս գործով անցնող վկաներից ոմանք, ինչպես նաև տուժողը, օտարերկրյա քաղաքացիներ են: Անուշ Մխիթարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Իրանում բնակվող  տուժողի և Հայաստանում կալանքի տակ գտնվող  իր պաշտպանյալի միջև առերես հարցաքննությունը skype-ով է տեղի ունեցել: Ըստ փաստաբանի՝ այսպիսով քննություն իրականացնող մարմինը համարել է, որ ապահովվել է ամբաստանյալի՝ իր դեմ ցուցմունք տված անձին առերես հարցման իրավունքը: Փաստաբանի կարծիքով, սակայն,  սա անթույլատրելի է, ուստի նա դատարանում այս հանգամանքը կվիճարկի:

Գլխավոր լուսանկարում դատավոր Արշակ Վարդանյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter