
«Ես էլ եմ ուզում ամուսնանալ» (վիդեո)
Սարգիսը տնից դուրս եկավ, երբ մենք ներս մտանք. չէր ուզում տեսախցիկով նկարահանվել, հեռուստատեսությամբ երևալ: Եթե գործատուն իմանա, որ մանկատանը մեծացած երեխա է, աշխատանքից կհանի: Սարգիս Պլանուկյանը 26 տարեկան է: Իր փորձով է համոզվել, որ աշխատանքի ընդունվելիս չպետք է ասել, որ մանկատան սան է, գործատուն դրա մասին չպիտի իմանա:
Համաձայնեց նկարահանվել այն ժամանակ, երբ իմացավ, որ տեսանյութը միայն ինտերնետում է տեղադրվելու:
Սարգիսը ծնողների մահից հետո մանկատուն է տեղափոխվել իր 3 քույրերի հետ: «Զատիկ» մանկատանն էլ անցկացրել է մանկությունը, այնուհետև ծառայության անցել բանակում: Զորացրվելուց հետո նորից մանկատուն է վերադարձել, քանի որ գնալու տեղ չի ունեցել: Հարազատներ ունի, բայց ասում է, որ ծնողների մահից հետո նրանք այլ կերպ են վերաբերվել իրեն, կապ չի պահպանել և չի շփվում նրանց հետ:
Քույրերն արդեն ամուսնացած են և ունեն իրենց ընտանիքները, իսկ ինքը ընկերների տանն է ապրում: Այժմ էլ մանկատան նախկին շրջանավարտ Իգորի մոտ է, նրա 15 քմ-անոց սենյակում, որտեղ խոնավությունից հատակի հնամաշ ծածկոցը միշտ թաց է, 10 րոպե նստելուց հետո ոտքերդ սառչում են:
Սարգիսը մանկատնից դուրս է եկել, բայց բնակարան չի ստացել, դեռ սպասում է: Սակայն մանկատան սաներին բնակարանով ապահովելու պետական ծրագիրը տակավին կասեցված է, իսկ Սարգիսն ուզում է ամուսնանալ: «Արդեն 26 տարեկան եմ, ես էլ եմ, չէ, ուզում ամուսնանալ, բայց էս պայմաններում ինչպես ամուսնանամ, եթե միայն իմ համար տեղ չունեմ»,- ասում է Սարգիսը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել