
Բագրատաշենը նորից «պաշարված է»
Տարին մի քանի անգամ երկրի նախագահն ու վարչապետը լինում են Բագրատաշենի սահմանային անցակետում, եւ ամեն անգամ հայտարարվում է, որ արդիկանացվում է այնտեղ ամեն ինչ, որ այլեւես հերթեր չեն լինի: Վերջին ամսվա ընթացքում Բագրատաշենում եւ Բավրայում մեծ հերթեր են, բնականաբար, հայկական մասում: Այս մասին արդեն մի քանի օր է «Հետքը» ահազանգեր է ստանում Բագրատաշենի անցակետից:
Վրացական մաքսատանը նման հերթեր չկան: «Մարդիկ 3-5 ժամ կանգնում են հերթերում: Որովհետեւ միրգ ներմուծող անհատների հետ կաշառք վերցնելու բազարների մեջ են` 30 լարի, չէ 70, չէ 50…: Ինչո՞ւ են այսքան երկար սպասարկում հայ մաքսավորները, ի՞նչ են ուզում նրանք իրենց համաքաղաքացիներից: Ինչո՞ւ վարչապետը չի կատարում իր խոստումները: Քանի՞ մեքենան է սպասարկվում օրվա ընթացքում»,- հարցնում է Սամվելը:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը կտրականապես բացառեց, որ կուտակումները կապված են մաքսային ծառայության հետ: «Մեր մոտ օնլայն ռեժիմով տեսադիտում է արվում: Ոչ մի կուտակում, ոչ մի հերթ, անգամ մի հոգի սպասող չկա էս պահին ու չի էլ եղել: Մեքենաներ, բնականաբար, այդ տարածքում կանգնում են, բայց մեր ծառայության մասով չեն սպասում: Եթե հերթը մեծ է, մեքենան այդ տարածքում պետք է կանգնի, որ մյուս ծառայությունների հետ կապված աշխատանքը կատարի ու անցնի»,- պարզաբանեց Ն. Մանուչարյանը:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը հաստատեց, որ սահմանային ծառայության մոտ իսկապես հերթեր են, դա կապված է ամանորյա գնումների, առևտրի և ելումուտի հետ: Նա նշեց, որ կուտակումներ տարվա այս ժամանակահատվածում միշտ էլ լինում են: Հիմնականում կուտակումներ լինում են առավոտյան ժամերին և կեսօրից հետո, քանի որ հոսքը շատացել է: Առավոտյան կուտակումները հայկական կողմից մեկնողների պատճառով է լինում, իսկ կեսօրից հետո ժամանողներն են շատանում:
Մեր հարցին, թե հնարավոր չէ հավելյալ աշխատակիցներ ներգրավել, որպեսզի հերթեր չգոյանան, Արծվին Բաղրամյանը պատասխանեց, որ անցակետի պայմաններն ու հնարավորությունները թույլ չեն տալիս` տեղը քիչ է, իսկ երբ անցակետը արդիականացվի, կուտակումներ այլևս չեն լինի:
Մեկնաբանել