HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղարին

Հունվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանն իր հավատարմագրի պատճենը հանձնել է Ռումինիայի արտգործնախարարության պետքարտուղար Դան Նեկուլեսկուին: Այս մասին տեղեկացնում է արտգործնախարարությունը։ 

Զրույցի ընթացքում պետքարտուղար Նեկուլեսկուն շնորհավորել է դեսպանին՝ հույս հայտնելով, որ դեսպան Մինասյանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական հարաբերությունների խորացմանը և կարևոր ներդրում կունենա հայ-ռումինական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ երկուստեք հույս հայտնելով, որ այն նոր էջ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ ՀՀ-Ռումինիա հարաբերություններում։

Զրուցակիցներն անդրադարձել են 2018թ․ Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ վստահություն հայտնելով, որ այն առավել կխթանի և կզարգացնի Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների բազմակողմ և երկկողմ համագործակցությունը՝ հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ռեգիոնալ կենտրոնի կարևոր դերակատարությունը:

Կողմերն անդրադարձել են նաև տարբեր ձևաչափերում համագործակցության հեռանկարներին, շեշտվել է ղարաբաղյան հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորելու կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Զրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը ընդգծել է ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության կարևորությունը, որի շնորհիվ մասնավորապես ռումինահայ համայնքը կարողացել է պահպանել իր ինքնությունը, սերտ կապերը Հայաստանի հետ, ինչպես նաև իր նշանակալի ներդրումը բերել Ռումինիայի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Մինասյանն ընդգծել է, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու ու երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter